Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍԱ

Նոյեմբեր 29,2005 00:00

«ՍԱ Է ՎԵՐՋԻՆ ԿՌԻՎԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ՄԵԾ» Մոտավորապես այս տրամադրությունն էր տիրում Մատենադարանի հրապարակում Երեկ Մատենադարանի հրապարակում տեղի ունեցավ միասնական ընդդիմության հանրահավաքը, որը որակվեց որպես համաժողովրդական: Ընդդիմության լիդերները ներկա էին ամբողջ կազմով, միայն «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը չկար: Մյուսները փորձեցին գնահատականներ տալ իշխանությունների «նկարած» հանրաքվեին եւ ժողովրդին անհնազանդության կոչ արեցին՝ ոտքի ելնել հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն երկրի վաղվա օրվա: Մաեստրո Օհան Դուրյանը երեկ բառացիորեն ամոթանք տվեց իշխանություններին եւ հարցրեց հավաքվածներին. «Վստահ եմ, կեղծիքներից, ստախոսություններից, խաբեբայություններից զզվել եք, զզվե՞լ եք, թե՞ ոչ»: «Այո»,- եղավ պատասխանը, իսկ մաեստրոն շարունակեց. «Էհ, շարժվեցեք, ուրեմն, պիտի շարժվեք այլեւս, այսօր այսքան մարդ եմ տեսնում այստեղ, վաղը պիտի լինեք երեք անգամ ավելի, ամեն մեկդ հինգ մարդ պիտի բերեք ձեզ հետ: Իմ սիրտը լաց է լինում, որովհետեւ չեմ ուզում գնալ գերեզման էս կեղծիքներով, խաբեբայություններով, ուզում եմ տեսնել հայ ժողովուրդը ազատ շնչի, ազատ գործի եւ ոչ թե նմանվի նրանց, ովքեր սուտ ժողովրդավարություն են քարոզում»: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, որը ելույթ է ունենում ընդդիմության բոլոր հանրահավաքներում, այս անգամ բառացիորեն հուզված եւ զայրացած էր: Նա անուն առ անուն դիմեց այսօր իշխանության մեջ գտնվողներին, որոնք, ըստ գիտնականի, գերազանցեցին անամոթության չափը. «Ես անուն առ անուն եմ ուզում դիմել նրանց, ովքեր մասնակցում են այս խայտառակությանը, այս կեղծիքին: Տիգրան Թորոսյան (հրապարակը սուլեց- Մ. Ե.), ես քեզ համարում էի կիրթ, ազնիվ երիտասարդ, ի՞նչ պատահեց քեզ, մի՞թե դու չգիտես, որ կեղծվել է, մի՞թե դու չես հասկանում, որ մասնակցում ես համազգային դավաճանությանը: Վահան Հովհաննիսյան, Հրանտ Մարգարյան, ես եւ կինս երկու տարի դուրս չենք եկել դատարանի դահլիճներից՝ պաշտպանելով ձեզ, երբ դուք կալանավորված էիք, այսօրվա՞ համար, որ դուք այսօր օժանդակեք այդ գավառական բոնապարտիկի՞ն, բա ո՞ւր է ձեր դաշնակցական պատմական խիղճը, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ նա կործանի այս երկիրը»: Իսկ ընդդիմադիրներին հորդորեց. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր պայքարի շիկացումը չնվազի, ոչ մի դեպքում 2003-ի կրկնությունը չպետք է լինի»: Իսկ ժողովուրդը պետք է «սատար կանգնի մեզ, եւ ձեր քանակով որակ կազմեք: Այսօր ինձ ասում են՝ 88-ին ուրիշ էր, 88-ին կար համազգային գաղափար, բաղձանք, հանուն որի ժողովուրդը բարձրացավ: Շատ կներեք, այն ժամանակ խոսքը գնում էր՝ Ղարաբաղը կլինի՞ մերը, թե՞ չի լինի, այսօր խոսքը գնում է՝ Հայաստանը կլինի՞ մերը, թե՞ չի լինի: Ուրեմն, ո՞ր խնդիրն է ավելի գերազանցող: Հայաստանը գողացել են մեզանից մի խումբ հանցագործներ եւ տանում են դեպի կործանում»: Հավաքվածները բուռն արձագանքում էին ասված ամեն խոսքի: «Արդարություն» դաշինքի ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը իր հերթին հիշեցրեց. «Ես դեռ նախագահական ընտրությունների ժամանակ ասում էի՝ կարելի է նկարել ոչ թե 67 տոկոս, այլ՝ 90 տոկոս եւ միեւնույն է՝ մնալ ոչ լեգիտիմ: Նույնը վերաբերում է հանրաքվեին: Կարող է ցույց տալ 2 կամ 2.5 մլն, բայց միեւնույն է՝ դա չի նշանակում, որ հանրաքվեն կեղծված չէ, որովհետեւ ժողովուրդը շատ լավ տեսել է, թե ինչ է կատարվել: Ընդ որում՝ այն, ինչ կատարվեց երեկ, անօրինական գործընթացի եզրափակիչ ակորդն էր: Իսկ երեկ իրեն հատուկ ցինիզմով ապօրինի վարչախումբը հերթական անգամ արհամարհեց իր ժողովրդի կամքը: Մենք սա չենք հանդուրժելու, մեր ժողովուրդը սա չի կարող հանդուրժել: Ընդդիմությունը միասնական է, վճռական է, որքան էլ փորձեն խեղաթյուրել՝ ցույց տալով, թե հակասություններ կան: Մենք միասին պայքարելու ենք եւ հեռացնելու ենք այս ապօրինի վարչախումբը»: «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին հավաքվածները դիմավորեցին հատուկ ընդգծված ջերմությամբ, իսկ նրա ելույթի պահին շատերի աչքերը թաց էին. «Մենք միասին, ողջ ժողովուրդը միասնաբար վերադարձնելու է արժանապատվությունը ողջ ժողովրդի, եւ նրա յուրաքանչյուր քաղաքացու»: Դիմելով իշխանություններին՝ ասաց. «Դուք եւ ձեզ հավատարիմ խմբակային պետերը, հլու-հնազանդ փայատերերը հետայսու ժողովրդավարության սկզբունքների, ազգային շահերի եւ նպատակների, քաղաքացիական իրավունքների մասին ձեր քարոզները տարեք ուրիշ տեղ: Տարեք մեյդան, թե ձեր կուսակցական անկյունները, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը, մեր ազգը, մեր քաղաքացին խաղալիք չէ: Սա լինելու է մեր նորագույն պատմության վերջին ամոթը: Ոչ միայն ամոթ ձեզ, այլ ամոթ մեր սերնդին հայաստանյան, որ թույլ տվեցինք մեր ինքնիշխանության տարիներին հերթական ընտրական մարդու իրավունքների խախտումը, ոտնահարումը: Ամոթ: Վերջինն է լինելու»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ժողովուրդը ուզում է օր առաջ ազատվել այս իշխանություններից. «Որովհետեւ դուք այս ժողովրդի դժբախտությունն եք»; ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց՝ «Ինձ համար սա ազգային-ազատագրական պայքար է, բոլոր մեթոդները ընդունելի են, ու մի սպասեք միայն թե վերեւից ձեզ ինչ կասեն, ամեն մեկդ տեղում պայքարեք, ով ինչ ձեւ ունի, պայքարեք, որովհետեւ այն, ինչ հիմա արվեց, կոչվում է պետության կործանում, դա ազգային պետական դավաճանություն է, իսկ այս դեպքում ճիշտ է ցանկացած մեթոդ, որը կօգտագործվի, ոչ մի բանից մի վախեցեք»: Ասվեց, որ կհավաքվեն այսօր, բայց եւ զգուշացվեց, որ նախկինի նման անընդհատ հանրահավաքներ չեն լինելու. «Պետք են նոր ձեւեր, նոր մոտեցումներ, մեզ ոչ թե պետք է ապացուցել, որ դիմացինները վատն են, այլ մեզ պետք է հաղթել»,- հայտարարեց հանրահավաքի վերջում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Այսօր, ժամը 16-ին, Մատենադարանի մոտ դարձյալ տեղի կունենա հանրահավաք, որը, ըստ ընդդիմադիրների, կլինի վճռական եւ հուժկու: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել