Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ 1/32 ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է

Նոյեմբեր 29,2005 00:00

Խանտի-Մանսիյսկում
մեկնարկել է շախմատի աշխարհի տղամարդկանց գավաթի խաղարկությունը, որն ուժերի փորձարկման
վերջին կարեւոր ստուգատեսն է մրցաշրջան-2005-ում: Մրցաշարի
մասնակից 128 ուժեղագույն գրոսմայստերների մեջ էր նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որը,
սակայն, վերջին պահին վատառողջության պատճառով հրաժարվել է մրցավայր մեկնելուց: Ըստ
կանոնակարգի, եթե Վլադիմիրը դա աներ մինչեւ վիճակահանությունը, կազմակերպիչները նրան
փոխարինող կգտնեին, բայց քանի որ արդեն մրցակիցը հայտնի էր, ուստի ավստրալացի Հարի
Լեյնը մեխանիկորեն անցել է հաջորդ շրջան: Նոկաուտ համակարգով անցկացվող ՖԻԴԵ-ի
գավաթի խաղարկության յուրաքանչյուր երրորդ օրը Խանտի-Մանսիյսկը կլքեն պայքարի մեջ
մնացած շախմատիստների կեսը: Յուրաքանչյուր տուրում հաղթողը որոշվում է երկու պարտիաների
արդյունքով: Ոչ-ոքիի դեպքում անցկացվելու է արագ շախմատ, իսկ եթե դա էլ չորոշի ուժեղին,
զույգերը կմրցեն կայծակնային շախմատում: Քանի որ գավաթի այս խաղարկությունն ուղիղ
կամուրջ է աշխարհի միասնական չեմպիոնին որոշելու ճանապարհին, գրոսմայստերները պայքարում
են ոչ միայն հաղթողի կոչման համար, ում պատկառելի մրցանակային գումար է նախատեսված,
այլեւ առաջին հնգյակում տեղ զբաղեցնելու համար, մի բան, որն այդ պայքարի մեջ անմիջականորեն
ներգրավվելու իրավունք է տալիս: Մեկնարկային տուրի առաջին խաղում մեր հանրապետության
առաջատար Լեւոն Արոնյանը պարտության է մատնել եգիպտացի Ալի Ֆրհատին, Արտաշես Մինասյանը
տանուլ է տվել հոլանդացի Լյուկ վան Վելլիին, իսկ Կարեն Ասրյանն ու Ռաֆայել Վահանյանը
միավորը բաժանել են, համապատասխանաբար, Յու Վանգին (Չինաստան) եւ Ռոբերտ Կեմպինսկուն
(Լեհաստան): Երեկ մրցակիցները խաղատախտակների առջեւ նստեցին երկրորդ անգամ: Լեւոն
Արոնյանը կրկին իր առավելությունը ցույց տվեց՝ տանելով երկրորդ հաղթանակը, ու անցավ
1/32 եզրափակիչ: Ցավոք, հենց մեկնարկային տուրից Խանտի-Մանսիյսկին ստիպված են հրաժեշտ
տալ Արտաշես Մինասյանը, որը Լյուկ վան Վելլիի հետ երկու խաղում չկարողացավ վաստակել
ոչ մի միավոր՝ 0:2, եւ Կարեն Ասրյանը, որը երեկ զիջեց չինացի Վանգին՝ 0,5:1,5: Ինչ
վերաբերում է Ռաֆայել Վահանյանին, փորձառու գրոսմայստերը երկրորդ պարտիայում էլ ոչ-ոքի
արեց Կեմպինսկու հետ: Այսօր նրանք պայքարը շարունակելու են արագ շախմատում: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել