Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամների համար փակ են մշակութային օջախները

Նոյեմբեր 29,2005 00:00

Հենաշարժողական խնդիրներ
ունեցող մարդկանց համար այսօր անմատչելի են Երեւանի մշակութային օջախները: Այս
կարծիքին է Հայկական սպինալ հաշմանդամների «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի
գործադիր տնօրեն Միշա Մկրտչյանը: Նա բորբոքված ավելացրեց. «Կարծես երեւանյան թատրոնները,
կինոթատրոնները, թանգարանները հատուկ են այդպես կառուցվել»: Ըստ պրն Մկրտչյանի՝
այսօր հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար մի փոքր ավելի հարմար է կառուցված
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը. «Մենք հնարավորություն ունենք
գոնե ետնամուտքից օգտվելու: Սակայն մինչ այնտեղ հասնելը՝ ստիպված ենք լինում մի քանի
հոգու պատմել, թե ով ենք, ուր ենք գնում եւ ինչու: Հետո երկար ժամանակ պետք է թակենք
ետնամուտքի ծանր փայտե դուռը, այնուհետեւ, եթե մեր թակոցները լսելի լինեն ներսի մարդկանց,
պետք է նաեւ բացատրենք, թե ով ենք»: «Ունիսոն» հասարակական կազմակերպության
գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանի համոզմամբ՝ հաշմանդամների համար բավականին մատչելի
է Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, որտեղ ելույթ է ունենում
նաեւ հաշմանդամների «Փարոս» երգչախումբը: Վերջերս հենաշարժողական խնդիրներով
հաշմանդամների համար կրթական, մշակութային եւ սպասարկման հաստատությունների մատչելիությունը
ուսումնասիրելու առիթով «Ունիսոնը» Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ իրականացրել
է Երեւանի 202 հաստատությունների ուսումնասիրություն: Հիմնական հարցերը վերաբերել
են փողոցի, բակի, շենքի մուտքի ու շենքի ներսում իրավիճակի ուսումնասիրմանը: Ծրագրում
ընդգրկվել են հիմնականում Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքների հաստատությունները:
Ըստ ուսումնասիրությունների արդյունքների՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող
մարդկանց համար հիմնական խոչընդոտ են հանդիսանում շենքերի ներսի աստիճանները, որոնք
առկա են ուսումնասիրված հաստատությունների 20%-ում: Օրինակ, Թումանյանի անվան տիկնիկային
եւ Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոններում դրանք խոչընդոտում են միայն
դեպի սանհանգույց տանող ճանապարհը: Ընդհանրացնելով ուսումնասիրության տվյալները՝
նշենք, որ բոլոր չափանիշներին միաժամանակ համապատասխանում է ուսումնասիրված 202 հաստատությունից
ընդամենը 47-ը, որից 3-ի դեպքում՝ միայն առաջին հարկը: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել