Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆԸ՝ ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՄԱՏՈՒՑՄԱՄԲ»

Նոյեմբեր 29,2005 00:00

Ա.
Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի բազմամյա դուդուկահար Արմեն Սարգսյանը
մի օր որոշեց «ոչ ավանդական» եղանակով շվի նվագել: Պարզվեց,
որ քթով էլ է կարողանում նույնքան հաջող նվագել: «70-ականներին 2 շվիով միաժամանակ
նվագել է Յուրի Առաքելյանը, բայց դեռ չեմ լսել, որ քթով ինչ-որ մեկը 2 շվի նվագի»,-
հավաստիացնում է երաժիշտը: Նա պատմեց, որ ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանին
այնքան էլ դուր չի եկել իր այդ համարը, սակայն նույնը խրախուսվել էր Ռուբեն Մաթեւոսյանի
կողմից: «Նա խորհուրդ տվեց անպայման շարունակել նվագել, ասաց՝ զարմանալի է քթի օգնությամբ
շվիով ժողովրդական մեղեդի հնչեցնելը»,- հիշեց պրն Սարգսյանը: Դուդուկահարը միաժամանակ
2 շվիով քթով նվագում է ժողովրդական մեղեդիների շարան, որոնց մեջ մտնում են «Հովվականը»,
«Հովվի կանչը», «Նուբար-Նուբարը», «Ավլեմ-թափեմ փոշին» եւ այլ ստեղծագործություններ:
Նրա այդ կատարումների ձայնագրությունները պահվում են Հանրային ռադիոյի ֆոնդում: «Շվիներով
համարս լավ է ընդունվում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Ճիշտ է՝ սկզբում
զարմանում են, բայց հետո հավանում են, որովհետեւ ամեն ելույթից հետո նորից են բեմ
հրավիրում»,- ասում է Ա. Սարգսյանը: Նա աշխատել է ճանաչված անսամբլների ու
արվեստագետների՝ Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի, Նորայր Մնացականյանի
ու դուդուկի վարպետներ Վաչե Հովսեփյանի, Խաչիկ Խաչատրյանի, Սողոմոն Սեյրանյանի, Հրանտ
Թորոսյանի հետ: Համագործակցությունը Ռուբեն Մաթեւոսյանի հետ այժմ էլ շարունակվում
է: Ա. Սարգսյանը նվագում է ոչ միայն դուդուկ եւ շվի, այլեւ հոբոյ, զուռնա եւ կլարնետ:
Առաջիկայում պատրաստվում է ոչ ավանդական եղանակով կատարել նաեւ Խաչատուր Ավետիսյանի
«Կախարդված ծաղիկները»՝ մի հատվածը դուդուկով, մյուսը հոբոյով, մի բաժինն էլ շվիով:
Երազում է այն օրը, երբ համատարած հոգածություն կլինի ազգային երաժշտության ու նվագարանների
հանդեպ: Ա. Սարգսյանը ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը
(Քրիստափոր Բաբայանի դասարանը), այնուհետեւ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի փողային
բաժնի հոբոյի դասարանը: Այստեղ եւս նրան դասավանդել է Ք. Բաբայանը: «Նա ինձ խորհուրդ
չէր տալիս դուդուկ նվագել, քանի որ ես հոբոյահար էի, ասում էր դուդուկն ու հոբոյը
միանգամայն տարբեր գործիքներ են, եթե երկուսով նվագես, ոչ մի գործիքին էլ լավ չես
տիրապետի: Բայց ես մանկուց երազում էի դուդուկահար դառնալ, հետեւաբար դուդուկի հանդեպ
սերս չէի կարող սպանել: Ինչ վերաբերում է շվիին, այդ գործիքով նվագել եմ 6 տարեկանից»,-
պատմեց երաժիշտը: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել