Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուսուցչուհին՝ տնօրենի դեմ

Նոյեմբեր 29,2005 00:00

Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում
(դատավոր՝ Իշխան Բարսեղյան) քննության դրվեց Երեւանի թիվ 74 դպրոցի ուսուցչուհի Կարինե
Գասպարյանի հայցը ընդդեմ դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանի: Ուսուցչուհու
լիազորված անձն էր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ տնօրենի
ներկայացուցիչն էր՝ նույն պալատի փաստաբան Գագիկ Սոլոմոնյանը: Հայցվոր կողմը ներկայացրեց,
որ 1989-ից աշխատում է դպրոցում, 2002-ի սեպտեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է
նաեւ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: Հայցվորը տեղեկացրեց, որ իրեն «անհայտ
պատճառներով» հարաբերությունները լարվել են տնօրենի հետ, որի հրամանագրով իրեն ազատել
են փոխտնօրենի պաշտոնից: Ուստի դատարանից խնդրում էր վերականգնել աշխատանքում՝ փոխտնօրենի
կարգավիճակով: Հայցվորը լրացուցիչ պահանջ նաեւ ներկայացրեց, տեղեկացնելով, որ հոկտեմբերի
6-ին դպրոցում տեղի է ունեցել մանկավարժական խորհրդի նիստ, հաջորդ օրը տնօրենը խիստ
նկատողություն է տվել իրեն, իսկ հոկտեմբերի 8-ին հետեւել է փոխտնօրենի պաշտոնից հանելը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գ. Սոլոմոնյանին հետաքրքրում էր, թե ինչ խրախուսանքներ
եւ պատվոգրեր է ունեցել մաթեմատիկայի ուսուցչուհին: Դատարանին ներկայացվեց Երեւանի
քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Օ. Վաթյանի պատվոգիրը, որը
տրվել էր Կ. Գասպարյանին այս տարվա մայիսի 13-ին՝ «անբասիր աշխատանքային գործունեության,
երեխաների կրթության եւ դաստիարակության գործում ներդրած ավանդի համար»: Ներկայացվեց
տնօրենի եւ արհկոմիտեի նախագահի ստորագրությամբ այս տարվա հունվարի 24-ի Կ. Գասպարյանին
տրված բնութագիրը, որում գրված էր մասնավորապես հետեւյալը. «Բազմափորձ ուսուցչուհին
օժտված է մանկավարժի նուրբ դիտողականությամբ, իր առարկային տիրապետելու բարձր մակարդակով,
որից շահում են ե՛ւ դպրոցը, ե՛ւ աշակերտները»: Պատասխանողին հետաքրքրեց նաեւ, թե
տեղյա՞կ է եղել մանկխորհրդի նիստին եւ ի՞նչ հարցեր են քննարկվել այնտեղ: Հայցվորը
պատասխանեց, թե գրատախտակին գրված էր, որ բոլորի ներկայությունը պարտադիր էր, սակայն
օրակարգի մասին չի իմացել եւ արդյունքում «հնարավոր չէր խոսելը, անիմաստ էր նստել:
Մանկխորհուրդը շոուի վերածվեց»: Հայցվորը տնօրենի «օրինախախտումների մասին» դիմել
է վերադաս մարմիններին, իսկ իր նկատմամբ սկսվածը համարում է անձնական վրիժառություն:
Դատական նիստի ժամանակ ակնարկվեց երեխաներից մեկի՝ Հայկ Ալեքսանյանի՝ Այղր
լճում խեղդվելու մասին: Մեր տրամադրության տակ է նաեւ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության
վարչության պետ Ն. Հովհաննիսյանի պաշտոնական պատասխանը՝ կապված ահազանգի հետ: Ըստ
ուսումնասիրությունների, Հ. Ալեքսանյանի հետ կատարված դժբախտ պատահարում տնօրինությունը
մեղք չունի: Ինչ վերաբերում է ծնողական խորհրդի կողմից դասղեկներից գումարներ ստանալուն,
արձանագրվել էր, որ «արտաբյուջետային միջոցների կամավոր մուծումները իրականացվելու
է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Տնօրենի փաստաբանին հետաքրքրեց նաեւ, թե
որքան աշխատավարձ է ստանում մաթեմատիկայի ուսուցչուհի Կ. Գասպարյանը, նաեւ՝ թե ամուսինը
աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Սակայն այն չէր վերաբերում երեկվա վեճի առարկային, հետեւաբար
հարցը հանվեց: Դատարանը բավարարեց ուսուցչուհու միջնորդությունը՝ խիստ նկատողության
հրամանը պահանջելու, որը մինչեւ երեկ կախված էր դպրոցի պատին: «Հաշվի առնելով, որ
գրավոր նկատողությունը փակցված է դպրոցում եւ այդ մեկ օրինակը պատասխանողը հայցվորին
չի հանձնել, հայցվորն ի վիճակի չի եղել ներկայացնել դատարանին»,- պատճառաբանեց կողմը:
Իսկ տնօրեն Արսեն Պետրոսյանը ասաց, որ հրամանի քաղվածքը տրվել է Կ. Գասպարյանին:
Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել