Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍՐԱՆԻՑ ԴԵՆՆ ԱՇԽԱՐՀ ՉԿԱ»

Նոյեմբեր 29,2005 00:00

«Ժառանգություն»
կուսակցության վարչության անդամ, թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը հանրաքվեի
ժամանակ դիտորդ է եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/25 ընտրատեղամասում: «Ոչ»-ի
շտաբն այս որոշմանն է եկել՝ հաշվի առնելով, որ այս տեղամասում (որ Սամվել Ալեքսանյանի
«ենթակայության տակ» գործող տեղամասերից է) սովորաբար լցոնումներ շատ են լինում:
«Ես գնացի այնտեղ: Մարդիկ լավ էլ լցոնեցին»,- մեզ հետ զրույցում պատմում էր տիկին
Բախշյանը: «Լցոնում էին ակնհայտ ու անթաքույց: Իմ ներկայությամբ ստորագրում էին հանձնաժողովի
անդամները: Մեկ-երկուսը կանգնում էին սեղանի դիմաց ու սկսում ստորագրել, մեր միջամտություններին՝
ոչ մի արձագանք: Լուսանկարչական ապարատ էինք տարել, որոշեցինք նկարել ՀԺԿ-ի դիտորդի
հետ, անդամները տեսան, աղաղակ բարձրացրին՝ «ի՞նչ է, ԶԼՄ ներկայացուցիչ եք, ինչ եք»:
Բայց դա էլ չօգնեց: Մեկ էլ տեսանք՝ մատյաններից մեկը չկա: Հետո այն տեսանք, որ վերարկուի
տակ դրած՝ հետ բերեցին՝ արդեն ստորագրած-պատրաստ: Մի պահ թվում էր, թե առանց կնքելու
են լցնում, կամ էլ հարեւան սենյակում էին դա անում, վստահ չեմ: Ամեն 3 ժամը մեկ տվյալները
մեզ չէին հայտնում, ժամը 17-ին հանձնաժողովի նախագահ Նառան մեր համառ պնդումներին
արձագանքեց՝ «շատ ե՞ք ուզում», ասացինք՝ այո: Ու ասացին՝ 538, իսկ մենք արձանագրել
էինք 106 հոգի: Մի խոսքով, թվերը նկարեցին՝ ինչպես ուզում էին: Ես համոզված եմ, որ
ԿԸՀ-ն նույնիսկ չի սպասել, որ թվերը հայտնեն, այլ ինքը գրել է այն թիվը, ինչ պետք
էր: Ինչո՞ւ ծախսեցին այսքան փող, քարոզեցին, դրա կարիքը չկար: Ոչ մի ջանք չէին թափում
նույնիսկ մարդ բերել քվեարկելու»: Տիկին Բախշյանը արձանագրում է այն, ինչ
պարզվել է հանրաքվեի արդյունքում. «Այս իշխանությունների նկատմամբ վստահություն ունի
միայն բնակչության 9 տոկոսը: Մնացածի մոտ վստահություն չկա: Եվ այդ 91 տոկոսը տեսնում
է, որ իրեն լվի նման կրնկի տակ ճզմել են այս իշխանությունները եւ սատկացրել: Ինձ
թվում է, որ սրանից դենն էլ աշխարհ չկա, սրանից դենը քաղաքացուն վիրավորելու ձեւ,
տարբերակ չկա, մեր ժողովուրդը հիմա այնպես պետք է վիրավորվի, այնպես ըմբոստանա ու
դառնանա, գիշերը չքնի, որ իրեն լվի նման տրորել են: Պիտի պահանջի՛: Ստացվում է՝ ժողովուրդը
պետք չէ նրանց. պե՞տք է սպանել՝ կանեն, հանրաքվե՞՝ կանցկացնեն, դատե՞լ՝ խնդրեմ, հոգիներ
բռնաբարե՞լ՝ խնդրեմ, ձեր տեսողական զգացումներին մեր ներկայությամբ, մեր դեմքով անընդհատ
ազդե՞նք՝ խնդրեմ: Դուք ո՞վ եք, ա՛յ ժողովուրդ, մեզ համար՝ ոչինչ»,- իշխանությունների
բերանով ասում է տիկին Բախշյանը: Իսկ այն, որ ընդդիմության հանրահավաքներին
այդպես էլ չի հավաքվում «կրիտիկական զանգվածը», Ա. Բախշյանի կարծիքով, հեռուստատեսության
պակասի արդյունք է: «Որքան էլ ասենք, որ ժողովուրդը վախենում է եւ այլն, այո, դա
կա, բայց հիմնականում տեղեկացված չլինելն է պատճառը: Եթե հանրահավաքները հեռուստատեսությամբ
լուսաբանվեն ըստ պատշաճի, ժողովուրդը տեսնի, թե ընդդիմությունն ինչ է ասում, առաջարկում՝
կհավաքվի: Մեր ժողովուրդը վախկոտ չի եւ ոչխար չի, պարզապես մարդիկ չգիտեն՝ ինչ է
կատարվում, այնպիսի դեզինֆորմացիա են լսում, որ ասում են՝ չէ, ընդդիմությանն էլ չի
կարելի վստահել: Մենք բարեփոխումներին չենք դեմ, այլ առաջարկողին: Չի կարելի բարեփոխում
ընդունել մի մարդու ձեռքից, ով անընդհատ ոտնահարել է եղածը, ի՞նչ երաշխիք, որ սա
էլ չի ոտնահարելու: Գործողը իրականացրու, եթե մի բան պակասի՝ նոր բարեփոխի: Մենք
չենք հավատում, որ դուք ի վիճակի եք իրականացնել բարեփոխումներ»: Տիկին Բախշյանն
այս ամենը եւ իրականացված քարոզչությունը կապում է նաեւ ներկա սերնդի դաստիարակության
հետ: «Այսօր այս աշակերտները գիտեն, որ իրենց ծնողները չեն գնացել ընտրություններին
եւ լսում են, թե ինչ է հայտարարվում: Մենք քաղաքացիական կրթության դասեր ունենք,
իրավունքի դասեր ենք անցնում, որտեղ գրված է, որ մարդու ձայնի իրավունքը մարդու առաջնային
իրավունքներից մեկն է, ժողովրդավարության հիմքը: Նրանք հիմա տեսնում են, որ այդ իրավունքը
աջուձախ անարգել ոտնահարվում է: Նրանք մեզ կասեն՝ այ մեծեր, այ ուսուցիչներ, բա դուք
մեզ ի՞նչ եք սովորեցնում, ա՛յ տնօրեններ: Էլ չեմ ասում իմ որոշ գործընկերների մասին,
ովքեր հեռուստացույցով քափ ու քրտինք կտրած, ստորաքարշության ամենաբարձրագույն աստիճանին
հասած, զբաղված են ստախոսությամբ ու կեղծիքով՝ քվեարկողների թվի բազմապատիկը ներկայացնելով:
Նրանք հանձնաժողովներում նստած՝ ուզում են դուր գալ, հաճոյանալ՝ առանց ամաչելու:
Իրենց վարքով եւ կերպարներով նրանք թքած ունեն կրթության եւ դաստիարակության վրա,
միայն բողոքում են, թե՝ «այս ի՞նչ այլանդակ սերունդ է»: Էլ չեն ասում, որ այդ սերունդը
այլանդակությունը իրենցից է սովորում»: Տիկին Բախշյանի տվյալներով, ուրբաթ
օրվա «այո»-ի համերգին քաղաքապետարանը բոլոր դպրոցներից պարտադրել էր 40-50 հոգի
ապահովել: Տնօրեններ են եղել, որ տաքսիներ են վարձել եւ իրենց կոլեկտիվին ուղարկել:
«Միտինգի ժամանակ, գիշերվա ժամը 12-ին հրապարակը լցված էր աշակերտներով, իսկ տնօրեններից,
քաղաքապետարանից ոչ ոքի չտեսա: Դե թող իրենք էլ գային ու կանգնեին, երեխաներին էլ
տեր լինեին»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ.
Հարեւան տեղամասում քվեարկելու էր եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը. «Նա
էլ տեսավ, որ մարդ չկա, այսինքն՝ իրենք ամեն ինչ գիտեն, տեսնում են: Ես հուսով եմ,
որ այս հակապետական իշխանության մեջ կգտնվի մի օր մեկը, ում խիղճը հանկարծ կզարթնի
ու կպոռթկա՝ հերի՛ք է: Երանի այդ օրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել