Մինչդեռ
Ռոբերտ Քոչարյանն իր բաց քվեարկությունը բացատրեց նրանով, որ գաղտնի քվեարկության
նորմը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք: Ասել է թե՝ քաղաքացին
եթե ուզում է, կարող է բաց քվեարկել: Այս տեսակետին է նաեւ հանրապետության
գլխավոր դատախազ, քրեական իրավունքի եւ քրեական դատավարության մասնագետ Աղվան Հովսեփյանը:
Սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության
նախագահ Վարդան Պողոսյանը հակադիր տեսակետ ունի: Նրա համոզմամբ, գաղտնի քվեարկությունը
քաղաքացու պարտականությունն է. «Տվյալ դեպքում հանրապետության նախագահը խախտել է
ե՛ւ Սահմանադրությունը, ե՛ւ «Ընտրական օրենսգիրքը»: Սահմանադրության 3-րդ հոդվածը
քվեարկության գաղտնիության առումով հստակ է: Այն ասում է, որ հանրապետության նախագահի,
Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ
հանրաքվեները անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման
վրա՝ գաղտնի քվեարկությամբ: «Գաղտնի քվեարկությամբ» բառերը նշանակում են, որ ընտրողի
կամ հանրաքվեի մասնակցողի կամարտահայտությունը որեւէ մեկին չպետք է հայտնի լինի:
Եվ գաղտնիությունը ընտրական իրավունքի պարտադիր պայմանն է, իմպերատիվ նորմ է»: Վարդան
Պողոսյանը հավելեց. «Գաղտնի քվեարկությունը դա պարտականություն է, այլ ոչ թե իրավունք»:
Վարդան Պողոսյանն ասաց, որ գաղտնի քվեարկության սահմանադրական նորմը բացված
է «Ընտրական օրենսգրքում» եւ մեջբերեց. «Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի խցիկում,
որտեղ էլ այն չորստակ ծալում է»: Բացատրեց՝ «Սահմանական եղանակը իրավագիտությունում
հավասարեցված է հրամայական եղանակին»: Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պնդեց հակառակը, թե
դա իմպերատիվ չէ: «Գաղտնի քվեարկությունը անձին իրավունք է տալիս, որպեսզի նա իր
դիրքորոշումը կարողանա թաքցնել, գաղտնաբար հայտնել, որը կպաշտպանի նրան տարբեր տեսակի,
ասենք, հարձակումներից, ոտնձգություններից, հետեւանքներից: Ուստի, յուրաքանչյուր
անձ իրավունք ունի իր դիրքորոշումը բացահայտ հայտնելու»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է «Ընտրական օրենսգրքի» համապատասխան հոդվածում պատասխանատվություն
սահմանված գաղտնի քվեարկությունը խախտելու համար, երկրի գլխավոր դատախազը պատասխանեց,
թե պատասխանատվությունը սահմանված է այդ իրավունքը իրականացնելուն խոչընդոտելու համար:
Քրեական պատասխանատվության հարցում Վարդան Պողոսյանը նույնպես «Ազատություն»
ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ օրենսգիրքն այս հարցում այնքան էլ միանշանակ
չէ: «Ըստ էության, խոսքը կարող է գնալ ընտրական հանձնաժողովի կամ պետական մարմինների
կողմից այն փորձերի մասին, որպեսզի ծանոթանան, թե քաղաքացին ինչպես է քվեարկել: Բայց,
ամեն դեպքում, միանշանակ է, որ գաղտնի քվեարկությունը պարտականություն է, ոչ թե իրավունք,
եւ որեւէ մեկը իրավունք չունի բաց քվեարկություն իրականացնելու,- ասաց նա,- բաց քվեարկությունը
կարող է դիտվել քարոզչության մի ձեւ, որը քվեարկության օրն արգելված է»: ՌՈՒԶԱՆ
ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ազատություն» ռ/կ