Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏՈԿՈՍ ԷՐ

Նոյեմբեր 29,2005 00:00

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
10 ՏՈԿՈՍ ԷՐ Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Արմատ» կենտրոնի
անդամ Երջանիկ Աբգարյանը իրենց անցկացրած դիտարկումների հիման վրա հայտարարեց, որ
ընտրողների մասնակցությունը հանրաքվեին Երեւան քաղաքում կազմել է 7-8%, մարզերում՝
մի փոքր ավելի` 15-17%: «Այսինքն՝ բոյկոտը լավ աշխատել է»,- արձանագրում է պարոն
Աբգարյանը: Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին, մեր զրուցակիցը նկատեց,
որ նախապես իրենք ենթադրում էին, որ այդպիսի թվեր հայտարարվելու են, որ հանրաքվեն
ընթանալու է առանց էական խախտումների՝ «համենայնդեպս, բռնությունների, ծեծուջարդի
եւ էական խախտումների դեպքեր ինձ հայտնի չեն: Եթե որոշ տեղամասերում լցոնումներ եղել
են, ապա միմիայն սեփական նախաձեռնությամբ»: Երջանիկ Աբգարյանի կարծիքով, տեղական
եւ մարզային ընտրական հանձնաժողովները լավագույնս կատարեցին իրենց պարտավորությունները՝
պարբերաբար բարձրաձայնելով նախապես հանձնարարված թվերը: «Դեռ ժամանակ ունեն, կհասցնեն
թղթարարական ձեւակերպումները ավարտին հասցնել: Բայց ես վստահ եմ, որ այս պահին արկղերը
դեռեւս արտացոլում են հանրաքվեի իրական պատկերը»: Ըստ «Հայոց համազգային շարժում»
կուսակցության վարչության անդամ Վահագն Հայոցյանի, մասնակցությունը հանրաքվեին ողջ
հանրապետությունում միջին հաշվով 10% է կազմում: ՀՀՇ-ն նույնպես հասարակական կազմակերպությունների
միջոցով սեփական դիտորդական առաքելություն է իրականացրել: Ամփոփելով առաքելության
վերջնական արդյունքները՝ կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ: Իսկ մինչ այդ.
«Ես ապրում եմ մի երկրում, որտեղ անգամ նախագահը օրենքը չի հարգում եւ ի հեճուկս
օրենքի պահանջի՝ քվեարկում է բաց: Էլ ի՞նչ կարող եմ ասել հանձնաժողովների անդամների
մասին, ովքեր ամբողջ օրը զբաղվեցին կեղծիքներով: 1998-ից հետո մի լեգիտիմ բան էր
մնացել այս երկրում՝ Սահմանադրությունը, հիմա այն էլ դարձավ ոչ լեգիտիմ»,- ասաց պարոն
Հայոցյանը: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել