Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ սցենար

Նոյեմբեր 29,2005 00:00

Վատ
սցենար Հայաստանում «կայացած» սահմանադրական աննախադեպ հանրաքվեից
հետո այլեւս կասկածներ չեն մնում, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան Հայաստանի եւ Ադրբեջանի խնդրում
խոսքները մեկ են արել, այդպիսով փաստորեն իրենք էլ միանալով այդ երկրների ժողովուրդների
նկատմամբ տեղական ռեժիմների կողմից սանձազերծված եւ անօրինակ ցինիզմով ուղեկցված
հակաօրինական գործողություններին: Ստեղծված իրադրությունը ցավալիորեն պարզ է: Տարածաշրջանում
ունեցած իր շահերն իրացնելու համար Արեւմուտքը չի կարող դարերով սպասել, մինչեւ Հայաստանում
եւ Ադրբեջանում իշխանության գան ժողովրդավարական ուժերը: Ժամանակը չի սպասում, Արեւմուտքը
ստիպված է գործել եւ այդ ընթացքում աշխատանքային կոնտակտներ ստեղծել տարածաշրջանի
այն շրջանակների հետ, որոնք էլ զգալի չափով (կամ միանձնյա) տիրապետում են իրավիճակին:
Փորձը, ավաղ, ցույց տվեց, որ իրավիճակի տիրապետման եւ անգամ դրանում գեթ նվազագույն
մասնակցություն ունենալու հարցում խնդրո առարկա հարավկովկասյան երկրներում հասարակության
լայն զանգվածները բացարձակապես գործոն չեն հանդիսանում, հետեւաբար զարմանալի չէ,
թե ինչու միջազգային քաղաքակիրթ կոչեցյալ հանրությունն այլեւս ադեկվատ վերաբերմունքի
չի արժանացնում դրանցում տեղի ունեցող ընտրական կամայականությունները: Ըստ
էության, Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններն ու հայաստանյան հանրաքվեն այն
վերջին փորձություններն էին, որոնցով պետք է եզրափակիչ ստուգման ենթարկվեր այդ երկրները
բնակեցրած ժողովուրդների՝ իրական ժողովրդավարական հասարակություն ձեւավորելու կամքն
ու դրան հասնելու փաստացի ներուժը: Կախված դրանց արդյունքներից, Միացյալ Նահանգներն
ու Եվրամիությունը, փաստորեն, պետք է վերջնականապես ճշգրտեին, թե առնվազն առաջիկա
10 տարիների կտրվածքով Հայաստանի ու Ադրբեջանի հետ իրենց հետագա հարաբերությունների
կառուցման հատկապես որ սցենարն են ընտրում: Արդեն կարելի է փաստել, որ այդ ճշգրտումը
կատարվեց, եւ առավել քան խորհրդանշական է, որ այն «պսակվեց» Ադրբեջանում ու Հայաստանում
պետական ցինիզմի արձանագրած աննախադեպ ու գրեթե համաժամանակյա ակտերով: Մի դեպքում
դա իրենց իրավունքների համար ցույցի ելած ադրբեջանցիների դաժանագույն ջարդն էր, մյուս
դեպքում՝ սահմանադրական հանրաքվե հորջորջված հայաստանյան ապշեցուցիչ ֆարսը: Ընթերցողը,
անշուշտ, կհարցնի. արդյո՞ք լավ է վարվում Արեւմուտքը, կոտրելով այդ ժողովուրդների
ոգին ու վերջիններիս աչքում նսեմացնելով ժողովրդավարության արժանիքները: Պատասխան.
Արեւմուտքը վարվում է ոչ լավ, ոչ էլ վատ: Այլ՝ իր տեսակետից ճիշտ: Ինչ վերաբերում
է ոգուն, ապա այն չկոտրելու համար վերջին տարիներին բազում շանսեր էին տրված, որոնցից,
ի դեպ, որոշներն արդեն օգտվել են: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել