Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակասահմանադրական հեղաշրջում»

Նոյեմբեր 29,2005 00:00

Այսպես է բնութագրված հանրաքվեի ժամանակ կատարվածը
«Ազգային միաբանության» նախագահության երեկվա հայտարարության մեջ: Այս
հայտարարությամբ «Ազգային միաբանությունը» նախ հայրենակիցներին երախտագիտություն
է հայտնում հանրաքվեն բոյկոտելու համար. «Ձեր դրսեւորած քաղաքացիական բարձր դիրքորոշումը
պատասխան է իշխանություններին՝ «Հանրաքվեի մասին» օրենքի եւ «Ընտրական օրենսգրքի»
կոպիտ խախտումների, զանգվածային լցոնումների (թե՛ մինչեւ հանրաքվեն, թե՛ հանրաքվեի
ընթացքում) համար։ Դուք վերստին հաստատեցիք մեր ժողովրդի հակվածությունը իրական ժողովրդավարական
նորմերին եւ արժեքներին, դարերից եկող մեր ազգին ներհատուկ իմաստությունը՝ բռունցքվելու
ընդդեմ օտարամոլ իշխանությունների։ Համատարած բոյկոտով աշխարհին ի ցույց դրեցիք հանրաքվեի
ոչ լեգիտիմությունը, մերժեցիք սահմանադրական փոփոխությունների այն դրույթները, որոնք
սպառնալիք են երկրի անվտանգությանը»։ Բարձր է գնահատված նաեւ «Ազգային միաբանության»
կողմից նշանակված հանձնաժողովների անդամների դիրքորոշումը. «Նրանք չընկրկեցին նախագահա-դատախազական
սադրանքների եւ սպառնալիքների առջեւ, իրենց մասնակցությունը չբերեցին բեմականացված
անօրինական այս խեղկատակությանը՝ ակտիվորեն կատարելով դիտորդական պարտականությունները»:
«Ազգային միաբանությունը» հայտարարությամբ ընդգծում է. «Հանրաքվեին նախորդող
մեր տված գնահատականները եւ սպասվող զարգացումների մասին կանխատեսումները դառնում
են իրականություն»: Նաեւ նշված է. «Ակնհայտ է, որ նոյեմբերի 27-ին իշխանությունները
Հայաստանի Հանրապետությունում իրականացրին հակասահմանադրական հեղաշրջում։ Սահմանադրական
հանրաքվեն ակներեւ դարձրեց պարոն Քոչարյանի կամակատար կոալիցիայի անդամ կուսակցությունների
իրական դեմքն ու վարքագիծը, որոնց գործողությունների հիմքում այսօր դրված է ժողովրդավարական
կարգախոսների քողի ներքո օրինականացնել զանգվածային, համատարած կեղծիքներով ընդունված
սահմանադրական փոփոխությունները։ Հանրաքվեն էլ ավելի մոտեցրեց այս անօրեն իշխանությունների
տապալումը, սակայն սա ուրախություն եւ ոգեւորություն մեզանում չպետք է առաջացնի։
Ստեղծված պայմաններում միջազգային հանրության ճնշումների ուժեղացման հետեւանքով Հայաստանը
կարող է ունենալ անդառնալի կորուստներ, դյուրին գործ է անօրենին, կեղծարարին, ժողովրդի
կողմից մերժված եւ ատելի իշխանություններին պատժելը, ստիպել-պարտադրելը ընդունել
ոչ հայանպաստ որոշում»։ Կուսակցությունը հույս է հայտնում, որ առաջիկայում
«ճշգրիտ հաշվարկված, քաղաքակիրթ աշխարհին հասկանալի եւ ընդունելի գործողություններով»
կիրականացնեն իշխանափոխություն: Ա. Ի.Հ.
Գ. Հայտարարության մեջ անդրադարձ չկա ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ միջազգային
դիտորդական առաքելության գործունեությանը: Մինչդեռ նոյեմբերի 27-ի ասուլիսում Արտաշես
Գեղամյանը խոստացել էր, թե կուսակցությունը հանդես է գալու նման գնահատականով, որը
պարունակելու է մեջբերումներ այդ կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներից,
որոնք հայտարարել են հանրաքվեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան անցկացնելու
անհրաժեշտության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել