Ըստ
եվրոպական դիտորդների, 1,5 մլն մասնակցությունը, իհարկե, ուռճացված թիվ է, բայց «քվորում»,
միեւնույն է՝ եղել է ԵԽԽՎ եւ Եվրոպայի Տեղական ու տարածքային
իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները, երեկ
ամփոփելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում իրենց դիտարկումների
արդյունքները, հանդես եկան հայտարարությամբ: ՀՀ տարածքում բացված 1922 տեղամասերից
անգամ 150-ում, կամ՝ 7,8 տոկոսում, եղած դիտորդները խոստովանեցին. «Զգալի թվով ընտրական
տեղամասերում քվեարկությանը ծայրահեղ մասնակցությունը չհամապատասխանեց ընտրական հանձնաժողովների
տրամադրած բարձր ցուցանիշներին։ Նկատվել են նաեւ ընտրացուցակներում ավելացված ստորագրությունների
կեղծման եւ լցոնման հստակ դեպքեր։ Ընտրական ընթացակարգը, որը պահանջում է քվեաթերթիկների
վրա քվեարկելուց հետո կնիք տեղադրել, առաջացրեց բազմաթիվ այնպիսի իրավիճակներ, որոնց
ընթացքում չհարգվեց քվեարկության գաղտնիության սկզբունքը։ Զինվորականների քվեարկությունը
բացահայտեց ազագտ կամքի արտահայտման բացակայությունը»։ Նրանք երեկ ափսոսանք հայտնեցին
«իշխանությունների այն որոշման առիթով, որի արդյունքում այլ միջազգային դիտորդների
մասնակցությունը հանրաքվեին կասեցվեց», նաեւ այն առիթով, որ խորհրդարանական ընդդիմությունը
հանձնաժողովներից ետ էր կանչել իր անդամներին։ ԵԽ դիտորդների դիտարկմամբ,
թեեւ «հանրաքվեին նախորդող քարոզարշավի ընթացքում ԶԼՄ-ի հավասար հասանելիությունը
ապահովված չէր», ինչը ոչ հավասար պայմաններ էր ստեղծել սահմանադրական փոփոխություններին
«ոչ» ասողների համար եւ խափանել էր իրական ժողովրդավարական քննարկումների կազմակերպումը,
այդուհանդերձ «հանրաքվեն ընդհանուր առմամբ արտահայտեց քվեարկողների ազատ կամքը»։
Իհարկե, ըստ դիտորդների, իրենց վերը հայտնաբերած «լուրջ չարաշահումներ»-ը,
չեն նշանակում, որ հանրաքվեի արդյունքները նրանք կասկածի տակ են առնում, թեեւ վստահ
են նաեւ, որ հանրաքվեի քվեարկության մասնակցության վերաբերյալ պաշտոնապես հայտարարված
1,5 մլն թիվն ուռճացված է ու չի համապատասխանում իրականությանը: Երեւի մի
քիչ բարդ է հասկանալ եվրոպացիների տրամաբանությունը, բայց սա էր միջազգային դիտորդների
գնահատականը: Այսուհանդերձ, հանրաքվեն համապատասխանո՞ւմ է եվրոպական չափանիշներին,
թե՞ ոչ: «Ոչ ամենուր, բայց հանրաքվեն ընդհանուր առմամբ արտահայտել է ազատ կամքը այն
մարդկանց, ովքեր մասնակցել են քվեարկությանը»,- հայտարարեցին դիտորդները, որոնցից
մեկն անձամբ էր այցելել15 տեղամասեր, որոնցից 14-ում «այնպիսի քվեարկություն է անցկացվել,
որի համար կարելի է միայն հպարտանալ», բայց 15-րդում «խայտառակ» քվեարկություն է
եղել: «Պետք է ասել, որ այդ մի տեղամասում եղած խայտառակությունը բավարար չէ, որպեսզի
մնացած 14-ի համար հայտարարենք, որ նրանց մոտ անցկացված քվեարկության արդյունքները
անվավեր են»,- եզրակացրեցին դիտորդները, տեղամասերի 7,8 տոկոսը այցելելով հանդերձ՝
հանրաքվեի միջազգային չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ իրենց գնահատականներն
ընդհանրացրեցին ՀՀ ողջ տարածքում անցկացված հանրաքվեն գնահատելու համար: Ըստ
ձեզ՝ ՀՀ իշխանությունների այն պնդումները, որ հանրաքվեին մասնակցել է գրեթե 1,5 մլն
մարդ, մո՞տ է ճշմարտությանը, թե՞ ոչ: «Ազատություն» ռ/կ-ի այս հարցադրմանն ուղիղ
պատասխան տալուց դիտորդները փորձում էին խուսանավել, բայց, ի վերջո, եղավ պատասխանի
մի քանի տարբերակ՝ ըստ ճաշակի. «Եթե դիտարկենք որոշ տեղամասերի արդյունքներից, այո,
այդ թիվը ավելի մեծ է, քան կար իրականում, բայց, կրկնում եմ՝ 15 տեղամասերից, որտեղ
ես այցելել եմ, միայն մեկ տեղամասում եմ տեսել քվեատուփի լուրջ լցոնման դեպք: Որքա՞ն
էր լցոնված եղել՝ չեմ կարող ասել», կամ՝ «դիտորդների մեծ մասն ականատես է եղել, որտեղ
քվեարկածների մեծամասնությունը «այո» է ասել, բայց մենք կարծում ենք, որ տեղամասերի
զգալի մասում քվեարկության մասնակիցների թիվն ուռճացվել է: Թե իրականում քանի՞ հոգի
է մասնակցել քվեարկությանը՝ պետք է մանրամասնորեն վերլուծվի տարբեր աղբյուրներով,
եւ մեզ համար հիմա շատ շուտ է փորձել ինչ-որ թվեր ներկայացնել: 1,5 միլիոն մասնակցությունն,
իմ եւ իմ գործընկերների կարծիքով, իրականությանը չի համապատասխանում: Իսկ արդյոք
«այո» քվեարկողների թիվը 782 հազարից զգալիորեն ավելի՞ն էր. այո: Եվ դա արտահայտում
է հայ ժողովրդի կամքը»: Անհասկանալի է մնում. եթե դիտորդները պնդում են, որ
հայտարարված 1,5 մլն-ը ուռճացված թիվ է, որտեղի՞ց այդ համոզումը, որ 782 հազար «այո»
քվեն հատկապես այդ ուռճացման կամ լցոնման արդյունք չէ, եւ ընդհանրապես՝ կա՞ն երաշխիքներ
կամ վստա՞հ են արդյոք դիտորդները, որ այն տեղամասերում, որտեղ իրենք չեն եղել, չարաշահման
նման փաստեր չեն եղել: «Առավոտի» այդ հարցադրմանը դիտորդներից մեկը թերագնահատելով
ՀՀ իշխանությունների ունակությունները՝ այսպես արձագանքեց. «Մենք մեր եզրակացությունների
մեջ կարող ենք հիմնվել միայն մեր դիտարկումների վրա: Իմ անձնական կարծիքն այն է,
որ իշխանությունները չէին կարող լցոնել գոնե «այո» ասածների թվի կիսով չափը: Դա ֆիզիկապես
հնարավոր չէր անել: Եղել են լցոնումներ, եւ դրանք պետք է հետաքննվեն»: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ