Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ

Նոյեմբեր 28,2005 00:00

ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՕՐԵՆՍԳՐՔԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷԻՆ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արհեստագործական դպրոցում տեղակայված թիվ 8/18 ընտրատեղամասում, հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, մարդիկ խաղաղ, հանգիստ պայմաններում կատարել են իրենց քաղաքացիական պարտքը, եւ ոչ մի խախտում չի եղել։ «Միայն մի դեպք ենք արձանագրել, երբ մի տղա փորձում էր 2 քվեաթերթիկ գցել տուփի մեջ, բայց կանխեցինք»: Սակայն դիտորդի դերում հանդես եկած ընդդիմության ներկայացուցիչների հավաստիացմամբ՝ «լիքը խախտումներ են եղել»: Մեր հարցին, թե ավելի կոնկրետ ի՞նչ խախտումների մասին է խոսքը, «Արդարություն» կուսակցության անդամը կարողացավ հիշել ընդամենը մեկը՝ նույն այն «տղայի դեպքը», որը հանձնաժողովի կողմից արդեն արձանագրվել էր: Բացի այդ, դիտորդները նկատել էին, որ քաղաքացիական անձանց մի մասը քվեարկել է առանց անձնագրի առկայության՝ միայն զինգրքույկներով, բայց քանի որ «Ընտրական օրենսգրքին» այնքան էլ տեղյակ չէին, փաստի մասին խոսեցին՝ առանց հասկանալու, որ դա նույնպես խախտում է, նույնիսկ մեզ էլ վստահեցրին, որ «դա խախտում չի համարվում»: Այս եւ այլ հանգամանքներից նկատելի էր, որ ընդդիմությունը ոչ թե հանդես էր գալիս դիտորդական կարգավիճակում, այլ պարզապես խաղում էր սրատես դիտորդի դեր: Օրինակ՝ այդ ընտրատեղամասում մեր ներկա գտնվելու պահին մի 90-ամյա ծեր պապիկ խնդրեց բացատրել, թե «վանդակի մեջ ինչ զնակ պետք է դնեմ», հանձնաժողովի անդամներն էլ, ցույց տալով նմուշը, սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով ծերունուն իրազեկել, ինչը «զգացնել տվեց» ընդդիմության անդամների ներկայությունը. «Հա, լավ, ըտեղ մի քիչ շատ չհավաքվեցի՞ք իրար գլուխ, ի՞նչ խաղեր եք սարքում»: Ինչ վերաբերում է քվեարկությանը, տեղամասային հանձնաժողովի տվյալներով՝ մինչեւ ժամը 17.30-ը այդ ընտրատեղամասում 1900 ընտրողներից արդեն մոտ 700-ը մասնակցել էր քվեարկությանը: Ըստ «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի ցուցակի՝ ընդամենը 176 հոգի է մասնակցել, «Արդարություն» կուսակցության ցուցակով՝ 175 հոգի. «Դե, մի հոգի էս կողմ, էն կողմ` կարող ա լինի»,- ջնջելով արած գրանցումներից մեկը եւ նշումները համաձայնեցնելով մյուս դիտորդի ցուցակի հետ՝ ասաց «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչը: Նկատենք, որ ընդդիմության դիտորդների ցուցակից իրենք էլ գլուխ չէին հանում, որովհետեւ «ցուցակ» ասվածը փոքրիկ, ճղճղված, ջնջումներով լի մի բլոկնոտ էր, որի վրա «իքսերով», «խաչերով» ու հիերոգլիֆատիպ այլ նշաններով «գրանցված» էին իբր թե բոլոր ընտրողները: Այն, որ քվեարկածների մասին դիտորդների եւ հանձնաժողովի ներկայացրած թվերը բոլորովին չէին համընկնում, հանձնաժողովի անդամների մեկնաբանությամբ՝ «էդ զարմանալի չի, իրանք ե՞րբ են նորմալ հետեւել, որ բոլորին գրանցեն. րոպեն մեկ գնում են զուգարան, կոֆե խմելու, հաց ուտելու, բա էդ ընթացքում կարող ա՞ մարդ չի գալիս»: Երկու դիտորդներն էլ այս ընտրատեղամասի հանձնաժողովի գործողություններից ընդհանուր առմամբ շատ դժգոհ էին: Այս առնչությամբ նրանց ամենահիմնավոր «փաստարկն» այն էր, թե «քվեատուփը շատ լիքն է, այդքան մարդ չի քվեարկել»: Դիտորդներից մեկը նույնիսկ կանխատեսումներ արեց. «Դեռ քվեատուփը չբացած՝ կարամ հանգիստ ասեմ, որ մեջը ձեւի համար մի հատ «ոչ» չի լինի, որովհետեւ սաղ էս թաղի իրանց բարեկամներին են բերել ու զոռով ստիպել մասնակցել: Հանձնաժողովի նախագահը ահագին հարգված ա էս թաղում, հեչ չի՝ իրա խաթր կգային»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930