ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ԷՐ, ԶԻՆՎՈՐԸ՝ ՇԱՏ Մայրաքաղաքի թիվ 9/8 եւ 9/9 ընտրատեղամասերում մասնակիցների «պլանը» կատարվել է ի հաշիվ Մայրաքաղաքային գնդի զինվորների: Ինչ վերաբերում է քվեարկողների ակտիվությանը, ապա երկու տեղամասերի հանձնաժողովների մի քանի ընտրություն «տեսած» նախագահները միաբերան հայտնեցին, որ «համեմատած թաղապետական ընտրությունների հետ՝ հանրաքվեին ժողովրդի մասնակցությունը այս պահի դրությամբ շուրջ 70 տոկոսով ցածր է»: Մեր այցելության պահին՝ ցերեկվա 2.20-ից 3.20-ը քվեարկողներն այնքան քիչ էին, որ ներս մտնող յուրաքանչյուրը գրավում էր բոլորի ուշադրությունը, վերջում էլ նրան շնորհակալություն էին հայտնում: Իսկ 9/9-ում օրվա «մենյուն» հընթացս համալրվեց նաեւ արեւածաղկի սերմի տուփերով՝ ժամանակն ինչ-որ բանով լցնելու համար: Ձանձրույթից հորանջում էին նաեւ հերթապահող ոստիկանները: Երկու տեղամասերում էլ դեռ վաղ առավոտյան քվեարկողների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսն արդեն ապահովված էր՝ Մայրաքաղաքային գնդի զինվորներն էին քվեարկել: Օրինակ, թիվ 9/88211ում քվեարկողների 978 ընդհանուր թվից 366-ը զինվորներն էին: Հիշյալ ժամանակահատվածում՝ 1 ժամում յուրաքանչյուր տեղամաս գրանցեց 3-4 քվեարկող: «Հիմնականում ժողովուրդը գալիս է մեկ վաղ առավոտյան, երբ գիտեն, որ տեղ են գնալու ու չեն հասցնելու, մեկ էլ՝ երեկոյան 4-5-ից հետո»,- ասացին նախագահները, հրաժարվելով կանխատեսում անել, թե երեկոյան հատվածն ինչքանո՞վ նման կլինի ոչ այնքան աշխույժ առավոտին: Նրանց պատասխաններում մի ընդհանրություն էլ կար՝ քվեարկողների մեջ չկողմնորոշված մարդ չկա: «Եթե մտնում են ներս ու սիրալիր բարեւում՝ ուրեմն «այո» են գրելու, իսկ եթե գնալուց դուռը շրխկացնում են՝ հաստատ «ոչ» են պատասխանել»,- իր դիտարկումը կեսկատակ փոխանցեց թիվ 9/8 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Քալաշյանը: Ընդդիմության անդամներ, բնականաբար, հանձնաժողովում չկային՝ նրանց երկու օր առաջ են իրենց ղեկավարները «խաղից ֆուկ արել»: Իսկ ընդդիմադիր տրամադրված 1-2 հ/կ-ների դիտորդներն ասացին, որ ոչ մի խախտում առայժմ չի եղել, իսկ եթե լինի՝ «մեզ ընդդիմությունից հեռախոսահամար են տվել, կզանգենք՝ կասենք»: Երեւանի Վլ. Մայակովսկու անվան դպրոցում տեղակայված երկու տեղամասերում էլ այնքան ցուրտ էր, որ հանձնաժողովի անդամները հերթապահությամբ էին աշխատում կամ տաքանում կողքի սենյակներում: «Սառել-կպել ենք պատերին, ճիշտ կլիներ, որ դպրոցների նախասրահներում տաքացուցիչներ տեղադրեին: Մեր տեղամասում էլեկտրական լուսավորություն էլ չկար, երեկ երեկոյան ենք անցկացրել»,- դժգոհեց Ռաֆիկ Քալաշյանը: «Ես այդ ծախսի տակից հետո չէի կարող դուրս գալ, երկու մասնաշենքերի նախասրահներն էլ հսկայական տարածքներ են, մեզ մոտ տաքացուցիչ դրված է, բայց օգուտ չկա, նույն ցուրտն է»,- խնդրին իր տեսանկյունից նայեց թիվ 9/9 տեղամասի նախագահ եւ Մայակովսկու դպրոցի փոխտնօրեն Վազգեն Սարգսյանը: Նաեւ ասաց, որ «եթե զինվորները չլինեին, մի սենյակ կառանձնացնեինք քվեարկության համար եւ տաքության խնդիրն էլ կլուծվեր»: Մնացած հարցերում թե երկու հանձնաժողովի անդամները, թե դիտորդները «Առավոտին» դժգոհելու ոչինչ չունեին, չհաշված, որ քվեարկողները «գրիչները մեխանիկորեն վերցնում-տանում են»: Տեղամասերում «լայն սպառման արտադրանք» էին ոչ միայն գրիչները, այլեւ՝ Սահմանադրության նոր նախագծի բրոշյուրները: Հատուկենտ քվեարկողներից փորձեցինք տեղեկանալ, թե որքանո՞վ են տեղյակ նախագծին եւ քարոզչության ո՞ր ձեւն է առավել ազդեցիկ եղել: Պատասխանները խիստ տարբեր էին՝ հեռուստատեսությունը, թերթերը եւ աջ ու ձախ բաժանվող նախագծի բրոշյուրները: Մի տղամարդ էլ ասաց, որ սահմանադրության ոչ մի դրույթով էլ չի հետաքրքրվել, միայն իմացել է, որ երկքաղաքացիությունը թույլատրվում է, եւ դա արդեն իր համար «այո»-ի հիմք է: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ