Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ՈՒՄ

Նոյեմբեր 28,2005 00:00

ԿԸՀ-ՈՒՄ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՆԿԱՐԻՉՆԵՐ ԿԱՆ Ընդ որում, նրանք ավելի քան վառ երեւակայություն ունեն Երեկ ՀՀ իշխանություններն արեցին հնարավոր ամեն ինչ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցկացնելու համար: Դրա համար գերբնական ճիգեր, սակայն, չպահանջվեցին: Իշխանությունները գործեցին «ընդունված» բոլոր հայտնի եւ նախորդ ընտրություններում հաջողությամբ փորձարկված տեխնոլոգիաների շրջանակներում՝ հանրաքվեի «այո»-ն, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն էր «կանխատեսել», շուրջ 80 տոկոսով ապահովելու համար: Ավելի պատկերավոր ասած՝ իշխանություններն այս անգամ էլ, ինչպես 2003-ի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ, պարզապես թվեր նկարեցին, որոնք, ինչպես ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասաց, հետո՝ ընտրատեղամասերում մինչեւ լուսաբաց համապատասխանեցնելու են քվեարկված քվեաթերթիկների ու ընտրացուցակների ստորագրությունների թվին: Համեմատենք ընտրական տեղամասերում գտնվող ընդդիմադիր ուժերի, դիտորդների ու պաշտոնական աղբյուրների հրապարակած թվերը, որոնք վերաբերում են քվեարկության մասնակցած ընտրողների թվաքանակին: Այսպես. ժամը 11-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, ՀՀ-ում 1922 տեղամասերում եւ արտերկրում բացված 44 տեղամասերում քվեարկել էր քվեարկության իրավունք ունեցող ընտրողների 9,7 տոկոսը կամ 223.747 մարդ: Ըստ ընդդիմության՝ նույն ժամի դրությամբ 1600 տեղամասերից ստացված տեղեկությունների, այդ թիվը կազմել է 34. 600 ընտրող կամ ընտրողների 1,5 տոկոսը: Ժամը 14-ի դրությամբ, ըստ պաշտոնական աղբյուրների, քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 26,2 տոկոսը կամ 602.778 մարդ: Ժամը 15:00-ի տվյալներով ընդդիմությունը հրապարակեց մասնակցության միանգամայն այլ թիվ՝ 125.863: Այդ պահին ընդդիմությունը տվյալներ չուներ տեղամասերի ընդամենը 11,5 տոկոսից: Ժամը 17:00-ին, ըստ ԿԸՀ-ի, քվեարկությանը մասնակցել էր արդեն 1.026.300 մարդ կամ 44,6 տոկոս, ըստ ընդդիմության՝ 358.825 ընտրող: Ժամը 20:00-ին, երբ քվեարկությունն արդեն ավարտվել, իսկ տեղամասերն էլ արդեն փակվել էին ԿԸՀ-ն հրապարակեց՝ հանրաքվեին մասնակցել է 1.483.383 մարդ կամ ընտրողների 64,4 տոկոսը: Նույն ժամի դրությամբ, ընդդիմության հրապարակած տվյալների համաձայն, քվեարկությանը մասնակցել է 374.667 ընտրող: Այդ պահին ընդդիմությունը չէր մշակել մոտ 159 տեղամասերի արդյունքը, որտեղ քվեարկելու էր ընտրողների միայն 8 տոկոսը: Որ, ըստ պաշտոնական աղբյուրների տվյալների, մասնակցությունը երկրաչափական պրոգրեսիայով է աճել՝ ակնհայտ է, բայց որ երեկ, գոնե Երեւան համայնքի ընտրական տեղամասերում, որտեղ մենք այցելեցինք, մեռյալ վիճակ էր՝ դա էլ փաստ է: Փոխարենը, ընդդիմության շտաբից ստացված տեղեկություններով, արդեն 8:45-ից որոշ տեղամասերում քվեատուփերը կիսով չափ լցված են եղել: Երեկ սահմանադրական հանրաքվեին մասնակցել են նաեւ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները: Ժամը 20-ին, ԿԸՀ-ից փոխանցված տվյալների համաձայն, քվեարկությանը մասնակցել է 18.815 մարդ: Հանրաքվեին 100 տոկոսանոց մասնակցություն են ունեցել նաեւ ՀՀ-ում կալանքի տակ գտնվող այն անձինք, որոնց նկատմամբ դատավճիռն ուժի մեջ չի մտել: Ըստ պաշտոնական տվյալների, դեռ ժամը 11:50-ի դրությամբ քվեարկությունն ավարտվել է 5 քրեակատարողական հաստատություններում: «Վարդաշեն» ՔԿՀ-ում ձայնի իրավունք ունեցող 26 մարդուց քվեարկել է 25-ը, «Վանաձորում»՝ բոլոր 78-ը, «Գորիսում»-ում՝ 18-ից 16-ը, երկուսը հրաժարվել են կրոնական նկատառումներով, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 19-ից 18-ը, «Աբովյանում՝ բոլոր 24-ը: Դատական կարգով ընտրելու իրենց իրավունքը վերականգնել է 53 մարդ, ինչը ԿԸՀ-ում գնահատեցին որպես ընտրացուցակների ճշգրտման ուղղությամբ կատարված «տիտանական» աշխատանքի արդյունք: Երեկ արդեն ժամը 22:00-ին ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակեց ՀՀ տարածքում եւ արտերկրում բացված 1966 ընտրատեղամասերից 66-ի, բացառությամբ Երեւանի, քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, 46.909 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել 33.587-ը կամ 95,1 տոկոսը, «ոչ»՝ 1.412 ընտրող, կամ 4 տոկոսը: Ի դեպ, երեկ ոչ ԸԸՀ-ները, ոչ ԿԸՀ-ն որեւէ դիմում-բողոքներ քվեարկության ընթացքի մասին չէին ստացել: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա՝ ընդդիմությունը կարող է իրեն հաղթած կողմ համարել միայն մեկ հարցում՝ ընտրողները, ըստ էության, իրականում բոյկոտեցին ընտրությունները. մի մասը լսելով ընդդիմության կոչը, մի մասն էլ՝ որեւէ ընտրությունից ու քվեարկությունից հոգնած լինելու պատճառով: Վստահ ենք, սակայն, որ այսօր ԿԸՀ կողմից հրապարակվելիք տվյալները հանրաքվեի արդյունքների եւ «այո» քվեների մասով գերազանցելու են անգամ ամենավառ երեւակայություն ունեցողների սպասելիքները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930