Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության

Նոյեմբեր 28,2005 00:00

Իշխանության ճամբարում՝ «խաղաղ արշալույսներ» Երեկ ամբողջ օրը «այո»-ի քարոզչական շտաբում միապաղաղ հանգստություն էր: Շտաբի լրատվության պատասխանատուների պարզաբանմամբ, քանի որ կառույցը ստեղծվել էր զուտ քարոզչական նպատակներով, հետեւաբար քարոզչության ավարտի պահից շտաբը՝ որպես այդպիսին, համարվում էր լուծարված: Նույն հանդարտությունն էր տիրում նաեւ «այո»-ի պաշտպան կուսակցությունների գրասենյակներում: «Առավոտի» դիտարկման հետ, որ հասարակությունն աննախադեպ պասիվ էր եւ մասնակցության իրական թիվը շատ ավելի համեստ էր, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները, կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները չհամաձայնեցին: Ավելին, հանրապետական Գալուստ Սահակյանի կարծիքով՝ «ամեն ինչ նորմալ էր»: Հանրապետականների տվյալները միանգամայն համընկնում էին ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հետ. «Ես չգիտեմ` որտեղից են ձեր տեղեկությունները, բայց եթե խախտումներ լինեին, տեղական դիտորդներն էլ, Եվրախորհրդի դիտորդներն էլ անպայման կահազանգեին»,- ասաց պարոն Սահակյանը: ՕԵԿ ներկայացուցիչ, «այո»-ի քարոզչական շտաբի համակարգող Մհեր Շահգելդյանի տվյալներով նույնպես «մասնակցությունը բավարար» էր: Ինչ վերաբերում է կեղծիքներին, պարոն Շահգելդյանը հղում արեց եւ պաշտպանեց մինչ հանրաքվեն ՕԵԿ-ի հրապարակած պաշտոնական այն դիրքորոշումը, որ իրենք անընդունելի են համարում կեղծումները: «Եթե կան կոնկրետ դեպքեր, ապա կան նաեւ կոնկրետ ուղիներ: Կամփոփենք եւ մեր վերջնական դիրքորոշումը կարտահայտենք»: Իբրեւ քարոզչական շտաբի համակարգող՝ Մ. Շահգելդյանը գտնում է, որ հանրաքվեի նախնական արդյունքներն «ադեկվատ են քարոզարշավի արդյունքներին»: Ի հեճուկս քաղաքացիների անտարբերության՝ պարոն Շահգելդյանը հղում անելով միջազգային փորձին, մեկ անգամ եւս արձանագրում է, որ «ակտիվությունը բավարար էր»: Իր գնահատականներում ավելի զուսպ էր ՀՅԴ ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը. «Երբ կստորագրվեն բոլոր ընտրատարածքների եզրափակիչ արձանագրությունները՝ միայն այդ ժամանակ կարող ենք վերջնական թվերի մասին խոսել: Եթե խախտումներ լինեն, բնականաբար, հանձնաժողովներում մեր ներկայացուցիչները մեզ տեղյակ կպահեն, ինչի հիման վրա էլ կկարողանանք կարծիք կազմել ընդհանուր գործընթացի մասին: Քանի դեռ վերջնական արձանագրություններ չկան եւ ես չգիտեմ` ով է ստորագրել, ով չի ստորագրել, կոռեկտ չէ որեւէ գնահատական տալը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել