Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԱՎԱԿԱՆ

Նոյեմբեր 28,2005 00:00

ԲԱՎԱԿԱՆ Է, ՈՐ ԳԻՏԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Երեկ քվեարկության ավարտից հետո Հասարակական տեղեկատվական կենտրոնում ասուլիս անցկացրին? ընդդիմության մի շարք առաջնորդներ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստացավ, որ «երկար չի տեւելու իշխանության խրախճանքը». ժողովուրդը հավաքվելու է ու գործընթացը «երկար թե կարճ՝ հասցնելու իր վերջնական վախճանին»: Կատարվածի քաղաքական գնահատականների շարքում նա մասնավորապես նշեց. «Տպավորություն է ստեղծվում, թե այս տարածաշրջանում ձեւավորվում են չարի կղզիներ՝ հանձինս Ադրբեջանի եւ Հայաստանի ընտրությունների»: Խնդրի բարոյական կողմին անդրադառնալով՝ նշեց. «Պարզվում է, 2 մլն 500 բնակչություն ունեցող Հայաստանում 300 հազար զինվորական կա, որոնք գնում են քվեարկելու: Բա ո՞նց կարելի է այդ մատաղ սերնդին, նրանց, ովքեր Հայաստանի ապագայի կերտողներն են, 3-4 անգամ պտտեցնել քվեարկելու»: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը պնդեց, թե սահմանադրական փոփոխությունները չեն անցել. «Ժողովուրդը չի մասնակցել, ընդդիմության կոչով բոյկոտել է հանրաքվեն»: Հավելեց, թե իշխանություններն արել են ամեն ինչ ավելի վատ, քան 2003-ին. «Ժողովրդավարություն խաղալով լցրեցին ու նկարեցին»: Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի գնահատականն էր. «Իշխանությունները նորից ապացուցեցին, թե չունեն քաղաքական կամք, որ երկրում իրապես տեղի ունենան քիչ թե շատ նորմալ ընտրություններ»: Ըստ նրա, իշխանությունը նաեւ ժողովրդին վանեց համաշխարհային հանրությունից. «Փորձեցին ապացուցել, որ ժողովրդավար արժեքներ կրող երկրներն աջակցում են իրենց: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը պնդեր՝ կհրավիրեր ԵԱՀԿ դիտորդներին: Ուզում եմ նրան ասել՝ ընդդիմությունը պնդո՞ւմ էր, որ դուք անում էիք այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվում են երկրում»: Հովհաննես Հովհաննիսյանը չանդրադարձավ, որ ընդդիմությունը՝ առնվազն «Արդարություն» դաշինքն իրականում պնդել է եւ հատուկ դիմել ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին, խնդրանքով, որ հրավիրվեն ԵԱՀԿ դիտորդները: Այսինքն՝ նման պնդման բացակայության մասին Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումն առնվազն ոչ տեղեկացվածության հետեւանք էր: Ինչպես եւ նրա պնդումները, թե չի ստեղծվել եւ ոչ մի գրքույկ, որտեղ շարադրված լինեին սահմանադրական փոփոխությունների թերությունները: Հրապարակված են առնվազն երկու նման գրքույկներ՝ Խաչատուր Օհանյանի «Սահմանադրական փոփոխությունների կնճիռները» եւ «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավարներ Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի «Համառոտ պարզաբանումները»՝ նախագծի վերաբերյալ: Սակայն վերադառնանք ասուլիսին: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը պնդելով, թե հանրաքվեին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 15-20 տոկոսը՝ շնորհակալություն հայտնեց ժողովրդին, որ «չնայած ահաբեկման ու վախի մթնոլորտին, որը փորձում էին ստեղծել իշխանությունները՝ միանշանակ պատասխանեց այդ գործողություններին, չմասնակցելով այս հանրաքվեին: Սա գլխավոր արդյունքն է այսօր»: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Անահիտ Բախշյանն ասուլիսում ներկայացրեց մի ուշագրավ մանրամասն. 8/25 տեղամասում ժամը 12:55-ին քվեարկելու էր եկել ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը եւ բաց քվեարկել. «Հանձնաժողովի անդամը նրան ասաց՝ «դուք պիտի ծալեք»: Պատասխանեց, թե «ես վախենալու ոչինչ չունեմ՝ բա՛ց եմ քվեարկում»: «Քոչարյանի ախպերն է»,- նկատեց Արամ Կարապետյանը: Ընդդիմության առաջնորդներին հենց ասուլիսի ընթացքում փոխանցվեցին հանրաքվեին մասնակցության վերջնական տվյալները, ըստ որի՝ քվեարկել է շուրջ 1,5 մլն մարդ: Արամ Կարապետյանը հաշվեց, որ ըստ այդմ՝ 1 ժամում 65 մարդ է մտել տեղամաս, եւ «կոնվեյերի նման» քվեարկել են՝ 1 ընտրողը 45-48 վայրկյանում: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այս փաստն այլ կերպ մեկնաբանեց. «1 մլն 400 հազար մարդ քվեարկեց, որ Ռոբերտ Քոչարյանը դառնա նախագահ: Հիմա 1,5 մլն քվեարկել է, որ նրա լիազորությունները նվազե՞ն: Մի քիչ տարօրինակ է»: «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ «Այս իրավիճակում, երբ պաշտոնական տեղեկություններով՝ 1,5 մլն մարդ է մասնակցել, 18 միջազգային դիտորդները դժվար թե այնքան խախտումներ տեսած լինեն («Մոռացե՛ք նրանց մասին»,- առաջարկեց Վազգեն Մանուկյանը.- Ա. Ի.), որքան տեղական դիտորդները: Ի՞նչ կարող են անել ձեր ներկայացրած տվյալները», ԱԺՄ նախագահը պատասխանեց հարցով. «Բայց մեր ամբողջ ժողովուրդը գիտի, չէ՞, որ դա կեղծ է, եւ գիտի, թե ինչ է տեղի ունեցել: Դա բավակա՞ն չէ»: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշեց, թե շատ կուզենար իմանալ կոալիցիայի այն գործիչների կարծիքը, որոնք ասում էին, թե ամենակարեւորը քվեարկության թափանցիկությունն է. «Իրենք այս ընտրությունները թափանցիկ ու կայացա՞ծ են համարում»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել