Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էլի թվերը նկարեցին

Նոյեմբեր 28,2005 00:00

Երեկ, ժամը 16-ի դրությամբ՝ «Ազգային ժողովրդավարական
միության» կենտրոնական գրասենյակը քվեարկության խախտումների վերաբերյալ 56 ահազանգ
էր ստացել: ԱԺՄ գրասենյակից հայտնեցին, որ Էրեբունի համայնքի
թիվ 13/04 տեղամասի ԱԺՄ դիտորդ Էլիզա Ավետիսյանը արձանագրել է, որ ժամը 12-ն անց
30-ին ընտրատեղամաս են մտել մոտ 20 մարդ եւ ստանալով արդեն կնքված պատրաստի քվեաթերթիկների
տրցակը՝ միանգամից լցրել են արկղի մեջ: Է. Ավետիսյանը քվեատուփը գրկելով փորձել է
կանխել, բայց նրան բռնությամբ հեռացրել են եւ մի կողմ հրել, որից հետո դիտորդը լքել
է տեղամասը: Այդ ժամին ԱԺՄ դիտորդի տվյալներով, այդ տեղամասում քվեարկել էր ընդամենը
18 ընտրող: Մեկ այլ ահազանգի համաձայն, մարդկանց պասիվ մասնակցությունը տեսնելով՝
Շենգավիթի թաղապետարանի աշխատակից Համլետ Հակոբյանը մարդկանց շարժ ապահովելու նպատակով
համայնքի «լավ» տղաներին հավաքել է եւ հորդորել 15-20 րոպեն մեկ խմբերով ընտրատեղամասեր
մտնել-դուրս գալ: Կուսակցության՝ Մարալիկի դիտորդների վկայությամբ՝ երեկ Մարալիկի
առաջին ատյանի դատարանը չի աշխատել եւ մարդիկ հնարավորություն չեն ունեցել ոչ ընտրացուցակներից
բացակայող անունները վերականգնել, ոչ էլ դիտորդներն են կարողացել իրենց իրավունքների
խոչընդոտման առիթով դատարան դիմել: Թիվ 195 դպրոցում, ըստ դիտորդների հաշվարկի, քվեարկությանը
մասնակցել է 37 մարդ, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակել է 230 թիվը: 75 տեղամասում
էլ ժամը 10-ի դրությամբ հայտարարվել է, որ հանրաքվեին մասնակցել է 485 ընտրող: Ժամը
10-ն անց 35-ին ԱԺՄ գրասենյակը թիվ 12/10 ընտրատեղամասից զանգվածային լցոնման մասին
ահազանգ է ստացել: Ավան համայնքի ընտրատեղամասերի դիտորդները ականատես են եղել, թե
զինվորական համազգեստով անձանց ինչպես են 17 համարի ավտոբուսով պտտել տեղամասից տեղամաս:
Իսկ Լոս Անջելեսից Գագիկ Կիրակոսյանը հայտնել է, որ հյուպատոսարանում հյուպատոս Ա.
Կիրակոսյանը «այլախոհներին» չի թույլատրում քվեարկել: Աշտարակի ուսումնարանում դիտորդ
Սարգիս Թադեւոսյանը դեռ առավոտյան նկատել էր, որ քվեատուփը ամբողջությամբ լցված է,
մինչդեռ նրա հաշվարկով այդ ժամի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընդամենը 6
հոգի: Թալինի թիվ 1 տեղամասում ժամը 10-ն անց 30-ին ԱԺՄ դիտորդի հաշվարկով քվեարկությանը
մասնակցել է 25 ընտրող, իսկ հանձնաժողովի հաշվարկով՝ 405: Թիվ 5/05 տեղամասում հանձնաժողովը
հրաժարվել է դիտորդ Անահիտ Բախշյանին քվեարկության մասնակցության վերաբերյալ տվյալներ
տրամադրել: Նույն խնդիրը ծագել է նաեւ Նոր Նորքի թիվ 1 տեղամասում: ԱԺՄ են ահազանգել
Կապանի թիվ 38/13 ընտրատեղամասից եւ հայտնել, որ ժամը 12-ին մոտ զինվորներին լցրած
ավտոբուսները տանում են տեղամասից տեղամաս ու քվեարկել տալիս: Արարատի թիվ 18 ընտրատարածքում
ժամը 14.30-ի դրությամբ դիտորդները արձանագրել են 700 ընտրող, մինչդեռ պաշտոնական
տեղեկատվությամբ այդ թիվը կազմում է 2500: Ըստ Դավիթաշենի ընտրատարածքում ընդդիմության
պատասխանատու Ստյոպա Մալխասյանի, 5/4 տեղամասում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է
68 ընտրող, մինչդեռ ընտրացուցակով ցույց է տրված 258: Վանաձորից Համլետ Սարգսյանի
տեղեկացմամբ, թիվ 30 ընտրատարածքի 1-5 տեղամասերում շրջում է ԱԺ պատգամավոր Վահրամ
Բաղդասարյանը, եւ մարդկանց մեքենաներով բերում են քվեարկության: ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ժամը 16-ից հետո էլ ԱԺՄ գրասենյակում քվեարկության
խախտումների վերաբերյալ ահազանգերը շարունակվում էին: Դրանց կանդրադառնանք վաղվա
համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել