Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ՈՒՄ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՆԿԱՐԻՉՆԵՐ ԿԱՆ

Նոյեմբեր 28,2005 00:00

Ընդ
որում, նրանք ավելի քան վառ երեւակայություն ունեն Երեկ ՀՀ
իշխանություններն արեցին հնարավոր ամեն ինչ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն
անցկացնելու համար: Դրա համար գերբնական ճիգեր, սակայն, չպահանջվեցին: Իշխանությունները
գործեցին «ընդունված» բոլոր հայտնի եւ նախորդ ընտրություններում հաջողությամբ փորձարկված
տեխնոլոգիաների շրջանակներում՝ հանրաքվեի «այո»-ն, ինչպես ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ
Գալուստ Սահակյանն էր «կանխատեսել», շուրջ 80 տոկոսով ապահովելու համար: Ավելի պատկերավոր
ասած՝ իշխանություններն այս անգամ էլ, ինչպես 2003-ի նախագահական ու խորհրդարանական
ընտրությունների ժամանակ, պարզապես թվեր նկարեցին, որոնք, ինչպես ԿԸՀ-ում «Արդարություն»
դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասաց, հետո՝ ընտրատեղամասերում մինչեւ լուսաբաց
համապատասխանեցնելու են քվեարկված քվեաթերթիկների ու ընտրացուցակների ստորագրությունների
թվին: Համեմատենք ընտրական տեղամասերում գտնվող ընդդիմադիր ուժերի, դիտորդների
ու պաշտոնական աղբյուրների հրապարակած թվերը, որոնք վերաբերում են քվեարկության մասնակցած
ընտրողների թվաքանակին: Այսպես. ժամը 11-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների,
ՀՀ-ում 1922 տեղամասերում եւ արտերկրում բացված 44 տեղամասերում քվեարկել էր քվեարկության
իրավունք ունեցող ընտրողների 9,7 տոկոսը կամ 223.747 մարդ: Ըստ ընդդիմության՝ նույն
ժամի դրությամբ 1600 տեղամասերից ստացված տեղեկությունների, այդ թիվը կազմել է 34.
600 ընտրող կամ ընտրողների 1,5 տոկոսը: Ժամը 14-ի դրությամբ, ըստ պաշտոնական
աղբյուրների, քվեարկությանը մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների
26,2 տոկոսը կամ 602.778 մարդ: Ժամը 15:00-ի տվյալներով ընդդիմությունը հրապարակեց
մասնակցության միանգամայն այլ թիվ՝ 125.863: Այդ պահին ընդդիմությունը տվյալներ չուներ
տեղամասերի ընդամենը 11,5 տոկոսից: Ժամը 17:00-ին, ըստ ԿԸՀ-ի, քվեարկությանը
մասնակցել էր արդեն 1.026.300 մարդ կամ 44,6 տոկոս, ըստ ընդդիմության՝ 358.825 ընտրող:
Ժամը 20:00-ին, երբ քվեարկությունն արդեն ավարտվել, իսկ տեղամասերն էլ արդեն
փակվել էին ԿԸՀ-ն հրապարակեց՝ հանրաքվեին մասնակցել է 1.483.383 մարդ կամ ընտրողների
64,4 տոկոսը: Նույն ժամի դրությամբ, ընդդիմության հրապարակած տվյալների համաձայն,
քվեարկությանը մասնակցել է 374.667 ընտրող: Այդ պահին ընդդիմությունը չէր մշակել
մոտ 159 տեղամասերի արդյունքը, որտեղ քվեարկելու էր ընտրողների միայն 8 տոկոսը: Որ,
ըստ պաշտոնական աղբյուրների տվյալների, մասնակցությունը երկրաչափական պրոգրեսիայով
է աճել՝ ակնհայտ է, բայց որ երեկ, գոնե Երեւան համայնքի ընտրական տեղամասերում, որտեղ
մենք այցելեցինք, մեռյալ վիճակ էր՝ դա էլ փաստ է: Փոխարենը, ընդդիմության շտաբից
ստացված տեղեկություններով, արդեն 8:45-ից որոշ տեղամասերում քվեատուփերը կիսով չափ
լցված են եղել: Երեկ սահմանադրական հանրաքվեին մասնակցել են նաեւ արտերկրում գտնվող
ՀՀ քաղաքացիները: Ժամը 20-ին, ԿԸՀ-ից փոխանցված տվյալների համաձայն, քվեարկությանը
մասնակցել է 18.815 մարդ: Հանրաքվեին 100 տոկոսանոց մասնակցություն են ունեցել
նաեւ ՀՀ-ում կալանքի տակ գտնվող այն անձինք, որոնց նկատմամբ դատավճիռն ուժի մեջ չի
մտել: Ըստ պաշտոնական տվյալների, դեռ ժամը 11:50-ի դրությամբ քվեարկությունն ավարտվել
է 5 քրեակատարողական հաստատություններում: «Վարդաշեն» ՔԿՀ-ում ձայնի իրավունք ունեցող
26 մարդուց քվեարկել է 25-ը, «Վանաձորում»՝ բոլոր 78-ը, «Գորիսում»-ում՝ 18-ից 16-ը,
երկուսը հրաժարվել են կրոնական նկատառումներով, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 19-ից
18-ը, «Աբովյանում՝ բոլոր 24-ը: Դատական կարգով ընտրելու իրենց իրավունքը
վերականգնել է 53 մարդ, ինչը ԿԸՀ-ում գնահատեցին որպես ընտրացուցակների ճշգրտման
ուղղությամբ կատարված «տիտանական» աշխատանքի արդյունք: Երեկ արդեն ժամը 22:00-ին
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հրապարակեց ՀՀ տարածքում եւ արտերկրում բացված 1966
ընտրատեղամասերից 66-ի, բացառությամբ Երեւանի, քվեարկության արդյունքները: Ըստ այդմ,
46.909 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից սահմանադրական փոփոխություններին
«այո» է ասել 33.587-ը կամ 95,1 տոկոսը, «ոչ»՝ 1.412 ընտրող, կամ 4 տոկոսը: Ի դեպ,
երեկ ոչ ԸԸՀ-ները, ոչ ԿԸՀ-ն որեւէ դիմում-բողոքներ քվեարկության ընթացքի մասին չէին
ստացել: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա՝ ընդդիմությունը կարող է իրեն
հաղթած կողմ համարել միայն մեկ հարցում՝ ընտրողները, ըստ էության, իրականում բոյկոտեցին
ընտրությունները. մի մասը լսելով ընդդիմության կոչը, մի մասն էլ՝ որեւէ ընտրությունից
ու քվեարկությունից հոգնած լինելու պատճառով: Վստահ ենք, սակայն, որ այսօր
ԿԸՀ կողմից հրապարակվելիք տվյալները հանրաքվեի արդյունքների եւ «այո» քվեների մասով
գերազանցելու են անգամ ամենավառ երեւակայություն ունեցողների սպասելիքները: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել