Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ:

Նոյեմբեր 28,2005 00:00

27-Ը
ՆՈՅԵՄԲԵՐԻ Շաբաթ Արդեն երրորդ օրն է՝ Ազատության հրապարակում
նստացույց են անցկացնում ընդդիմության ներկայացուցիչները՝ ընդդիմադիր կուսակցությունների
ղեկավարների ակտիվ մասնակցությամբ: Սակայն նստացույցերի միակ մշտական ներկան «Ժառանգություն»
կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն է, որը երկու գիշեր ընդհանրապես չհեռացավ
հրապարակից եւ նույնիսկ չնստեց մի փոքր հանգստանալու, այլ հպարտ եւ անշարժ շարունակ
կանգնած մնաց եռագույն դրոշի կողքին: Հրապարակում գիշերն անցկացրածները պարզապես
հիացմունքով էին խոսում Րաֆֆի Հովհաննիսյանի այս պահվածքի մասին. «Այսպիսի մարդու
կողքին կարելի է կանգնել եւ հաղթել»,- հիացմունքը չէին թաքցնում նստացույցի մասնակիցները:
Ընդդիմության մյուս լիդերները շարունակ իրար հերթափոխելով գտնվում են հրապարակում՝
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ Արամ Կարապետյանը, նստացույցավորներին միանում էին նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան
Դեմիրճյանը, Վիկտոր Դալլաքյանը, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը, Գառնիկ Մարգարյանը,
Հովհաննես Հովհաննիսյանը: Շաբաթ օրը նստացույցի մասնակիցները հանրահավաք անցկացրին,
որի ընթացքում մասնակիցները երգում էին, ոմանք նույնիսկ պարելու տրամադրություն ունեին:
Կիրակի Հրապարակը դեռ շարունակում է մնալ երկու դեմքով, քանի որ դեռեւս
չի ապամոնտաժվել իշխանական բեմահարթակը, որը երեկ առավոտից զբաղեցրեց զինվորական
փողային նվագախումբը: Շքերթային երաժշտությունը հնչում էր հրապարակում ամբողջ օրվա
ընթացքում: Ունկնդիրները բոյկոտի կողմնակիցներն են, որոնք յուրաքանչյուր ընդմիջման
ծափահարում են երիտասարդ երաժիշտ զինվորներին եւ ասում. «Ապրեք տղերք ջան, մենք ձեր
վաղվա օրվա համար էլ ենք նստել»: Նստացույցի մասնակիցներին, սակայն, հիմնականում
դուր չի գալիս, որ Ազատության հրապարակը բաժանված է ճամբարների. «Իսկական հայտնի
կինոնկարի պես է, ոնց որ մի կողմում մերոնք լինեն, մյուս կողմում՝ թուրքերը, բա եղա՞վ,
ամոթ չի՞»։ Հրապարակում հանդիպեցի մի տարեց մարդու, որը երեկ, օրվա առաջին
կեսին, այդպես էլ դեռ չէր կողմնորոշվել՝ գնա՞ ընտրության, թե՞ ոչ: Մարդը դժվարին
ընտրության առաջ էր. «Այո» քարոզողներին էի լսում, ուզում էի գնալ եւ «Ոչ» ասել:
«Ոչ»-ի քարոզողներին էի լսում, ուզում էի գնալ եւ «այո» ասել, ու մինչեւ հիմա էլ
չեմ կողմնորոշվել»: Վերջը որոշեց չգնալ եւ մնալ հրապարակում: Հրապարակում
հավաքվածները շարունակ տեղեկություններ էին ստանում այն մասին, որ ընտրատեղամասերում
ընտրողների մասնակցությունը խիստ սահմանափակ է, որ տեղամասերից շատերում ժամը 12-ի
սահմաններում մաքսիմում 10-16 մարդ է քվեարկել: Սակայն պաշտոնական թվերը այլ բան
էին ասում, եւ հավաքվածները բառացիորեն զայրացած էին տեղեկատվության աղավաղման այս
դեպքերի կապակցությամբ: «Արդարություն»-ում Երեկ, ժ. 12-ին, «Արդարություն»
խմբակցությունը ՀԺԿ գրասենյակում հրավիրեց մամուլի ասուլիս, որի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը
հրապարակեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործող սահմանադրությունը եւ «Ընտրական
օրենսգիրքը» խախտելու մի քանի դեպքեր: Մասնավորապես ներկայացվեց վիզաների եւ անձնագրերի
վարչության պետ Ալվինա Զաքարյանի հայտարարությունը այն մասին, որ ընտրողների ցուցակից
հանվել է 159 հազար 707 մարդ. «Սրանք այն քաղաքացիներն են, որոնք «կարմիր» անձնագրեր
ունեն: Որեւէ մեկը իրավունք չուներ այդ անձանց հանել ընտրողների ցուցակից: Այսպիսով,
շուրջ 160 հազար քաղաքացիներ զրկվել են իրենց սահմանադրական իրավունքից»: Հաջորդը
սա էր. «ՀՀ-ում ձեւավորված է 1922 ընտրական տեղամաս, եւ մեր ունեցած տվյալներով,
ժամը 11.00-ի դրությամբ հանրապետությունում հանրաքվեի մասնակցել է 39 հազար 203,
մասնակցության տոկոսն է 1,75 (նույն պահի դրությամբ պաշտոնական աղբյուրները հաղորդում
են 220 հազար ընտրողների մասնակցություն- Մ. Ե.), մենք առայժմ տեղեկություն չունենք
252 տեղամասերից, այսինքն՝ ընդհանուր տեղամասերի 13 տոկոսից, որի ընտրողների թիվը
240 հազար 467 է: Սրանք են ամբողջ հանրապետության տարածքում այս պահի մեր տվյալները»:
Վիկտոր Դալլաքյանը անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկությանը եւ
ասաց, որ «այդ քայլով գործող նախագահը խախտել է «Հանրաքվեի մասին» օրենքի 2-րդ հոդվածը,
նաեւ՝ ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ շեշտված է գաղտնի քվեարկության անհրաժեշտությունը:
Մենք սա գնահատում ենք որպես բաց քվեարկելու ուղղակի հրահանգ»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի,
Ռոբերտ Քոչարյանը խախտել է նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 9-րդ կետը,
ըստ որի՝ քարոզչության վերջին օրվա ընթացքում արգելվում է ներկայացնել սոցիոլոգիական
հարցման մասին տվյալներ հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ Գլխավոր
դատախազության որոշմանը. «Սա մենք գնահատում ենք որպես 1937 թվին Ստալինի կողմից
հանրաքվե անցկացնելու գործողություն»: Ասվեց նաեւ, որ հանձնաժողովի «Արդարության»
անդամներին գիշերվա ընթացքում ծանուցագրեր են ուղարկվել: Սա որակվեց այսպես. «Նշանակում
է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ստանձնել է շուրջպարի նման հանրաքվե անցկացնելու գործառույթ»:
ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը իր
հերթին հայտարարեց, որ ընդդիմության ոչ մի ներկայացուցիչ երբեւէ ընդգրկված չի եղել
ԸԸՀ-ների ղեկավար կազմում. «Եվ ոչ մի լումա աշխատավարձ չի ստացել, այսօր ինչ-որ աշխատավարձի
մասին են խոսում, սակայն այդպիսի փաստ չկա: Իսկ դատախազական գործողությունների վերաբերյալ
ավելի մանրամասն ասեմ՝ երեք օրվա ընթացքում ամբողջ հանրապետության տարածքում մասսայաբար
հետապնդել են ընդդիմության հանձնաժողովականներին, գիշերը մտել են տները, դարանել
են դռների մոտ, ահաբեկել են: Մասնավորապես խիստ դժգոհություններ կան Աշոցքում, Գյումրիում,
Ամասիայում, Արթիկում, Արտաշատում, Երեւանի Շենգավիթ համայնքում, Ավանում: Մարդկանց
խմբերով բռնել, տարել են դատախազություն»: Նախորդ օրը հեռուստաընկերություններից
մեկով ցուցադրվեց, այսպես կոչված, ընդդիմության ներկայացուցիչ մի հանձնաժողովական,
որը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում բոյկոտել եւ մասնակցելու է հանձնաժողովի
աշխատանքներին: Ասուլիսում նույն թիվ 8 ընտրական հանձնաժողովի (Մալաթիա-Սեբաստիա)
անդամ Բարսեղյան Րաֆֆին ասաց, որ իրենց հանձնաժողովում նման անձնավորություն չկա,
եւ որ արդեն իրենց հայտնի են շուրջ 11 կեղծ հանձնաժողովականներ, որոնք ներկայացել
են «Արդարություն» դաշինքի անունից՝ այն դեպքում, երբ դաշինքը նման հանձնաժողովական
չունի: «Ազգային միաբանություն»-ում Երեկ, ժամը 15-ին, մամուլի ասուլիս
հրավիրեց նաեւ «Ազգային միաբանություն» խմբակցությունը, որի ժամանակ կուսակցության
ներկայացուցիչ Սարգիս Մուրադխանյանն ասաց, որ իրենց կուսակցության անդամ հանձնաժողովականները
մի մարդու նման դուրս են եկել հանձնաժողովներից. «ԱՄ» կուսակցության անդամ հանձնաժողովականներից
ընդամենը մեկն է գնացել, էն էլ մեկը, որը գիշերն էր վերադարձել Երեւան եւ առավոտ
շուտ գնացել է տեղամաս՝ իր պարտականությունները կատարելու, սակայն դուրս է եկել անմիջապես,
երբ կողքից իրեն ասել են, որ ձեր խմբակցությունը բոյկոտել է հանրաքվեն. մարդը տեղյակ
չի եղել, քանի որ 20 օր քաղաքում չի եղել: Ուրեմն, 439 մեր անդամներից ոչ ոք չի ենթարկվել
դատախազության, ՆԳ-ի, թաղապետարանների, քաղաքապետարանների բոլոր ճնշումներին, իսկ
ճնշումները եղել են ամենախայտառակ, ամենաստոր, ճղճիմ ձեւերով՝ մտել են մարդկանց տները,
վախեցրել են»: Այստեղ եւս, ինչպես նաեւ «Արդարություն»-ում, ասացին, որ իրենց հանձնաժողովականներին
հրավիրել են դատախազություն, նույնիսկ ծանուցագրեր ցույց տվեցին: Կուսակցության
համակարգող Գագիկ Թադեւոսյանի ներկայացմամբ, երեկ, ժ. 12։30-ին, իրենց տվյալներով
մասնակցությունը կազմել է 46 հազար 526, այսինքն՝ ընտրողների 1,8 տոկոսը: Արտաշես
Գեղամյանը իր հերթին ասաց, որ բոլորը պարտավոր են գիտակցել պահի կարեւորությունը.
«Իշխանությունները իրենց անհեռատես քաղաքականության արդյունքում վտանգում են Հայաստանի
ապագան՝ 2006 թվականին սպասվելիք ԼՂ հիմնախնդրի լուծման ասպարեզում, դա արդեն մեզ
չի կարող չանհանգստացնել»: Ժամը 15-ի հանրահավաք Նստացույցի մասնակիցները
այս ժամից տեղափոխվեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտ. մի կողմում վանկարկում էին՝
«Հաղ-թա-նակ», իսկ հրապարակի «այո»-ական թեւի՝ արդեն դատարկ հրապարակում, ցրտից սրթսրթալով
մանկական համույթը երգում էր՝ «Չարլի, Չարլի, սմեշնոյ չուդակ»: ԱԺՄ նախագահ
Վազգեն Մանուկյանը եւ մյուս ելույթ ունեցողները միայն մի բան էին խնդրում հավաքվածներից՝
իրենց հետ նոր մարդիկ բերել հրապարակ, ասացին, որ նրանք, ովքեր դեմ են կամ բոյկոտել
են հանրաքվեն, տանը նստած չպետք է սպասեն փոփոխությունների, չպետք է սպասեն, որ իրենց
փոխարեն ուրիշ մեկը գործը կանի, պետք է հավաքվեն եւ գան հրապարակ, եւ այդ դեպքում
միայն հաղթանակը կլինի իրական: «ՆԺ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւս
ասաց. «Դուք տեսաք, որ ընդդիմությունը միասնական է, դուք ամեն ինչը տեսաք, միակ բանը,
որ չի հերիքում՝ դա ձեր կրիտիկական զանգվածն է: Մենք պիտի ունենանք այդ կրիտիկական
զանգվածը, որպեսզի հարց լուծենք, մարդիկ պիտի գան, եւ գալու են՝ դա հստակ է, մենք
պիտի աշխատենք այնքան, որ հավաքենք այդ կրիտիկական զանգվածը, եթե դա չի լինելու,
ուրեմն մենք հարց լուծելու իրավունք այսօր, այս պահին չենք ունենալու: Բայց դա չի
նշանակում, որ պայքարը դադարելու է»: Արշակ Սադոյանը հավաքվածներին ներկայացրեց մի
զավեշտալի դեպք՝ «դիտորդը 3-րդ գյուղի ընտրատարածքում հատ-հատ հաշվել է 32 մասնակից,
հետո հանձնաժողովից ստացվում է տեղեկություն, որ իբր մասնակցել է 540 մարդ: Լավ,
էլի, գոնե մի քիչ խելքին մոտիկ ստեն: Բառ չեմ գտնում ասելու»: Ժամը 18-ի հանրահավաք
Հայտարարվեց, որ հանրաքվեն անցել է կեղծիքներով, բացահայտ լցոնումներով, բռնություններով,
եւ ընդդիմության խնդիրն է Հայաստանում ժողովրդավարության հաստատումը: Այս հանրահավաքում
եւս խնդրեցին մասնակիցներին իրենց հետ այսօր Մատենադարանի մոտ բերել շատ ավելի մեծ
թվով մարդկանց. «Եթե դա լինի, ապա այն խնդիրը, որ դուք երազում եք, մենք կլուծենք
ձեզ հետ միասին»: Հավաքվածները վանկարկում էին. «Հաղ-թա-նակ»: Հովհաննես Հովհաննիսյանը
հայտարարեց, որ ընդդիմությունը իր առջեւ դրված խնդիրը, այն է՝ նոյեմբերի 27-ին բոյկոտել
սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իրականացրեց. մարդիկ անսացին ընդդիմության
ձայնին եւ չգնացին ընտրատեղամասեր. «Մեր ժողովուրդը իրականում մերժեց իշխանությունների
կողմից իրեն փաթաթվող այս փաստաթուղթը, գնաց այն ճանապարհով, որը կոչվում է ազատություն,
որը կոչվում է ժողովրդավարություն: Այսօր այրվեց իշխանություն-ժողովուրդ վերջին կամուրջը»:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այս իշխանությունները
կեղծիքները չեն վայելելու. «Չեն վայելելու միանշանակ, որովհետեւ չվայելեց Սադամ Հուսեինը.
նույն ճակատագիրը ձերն է, չեք վայելելու, հեռանալու եք, ու ժողովրդի անեծքն ու նզովքն
է լինելու ձեր վրա»: Հանրահավաքի մասնակիցներին փոխանցվեց, որ ըստ իշխանությունների
տվյալների՝ ժամը 17-ի դրությամբ հանրաքվեին իբր մասնակցել է մեկ միլիոն 26 հազար
մարդ, մինչդեռ ընդդիմության տվյալներով՝ ընդամենը 250 հազար: Հրապարակը այս կեղծիքին
արձագանքեց. «Ամոթ, ամոթ» բառերով: Մի նոր ասուլիս՝ երեկոյան Ժամը
21-ին, այն պահին, երբ ասուլիս էր ընթանում նաեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում,
ՀԺԿ գրասենյակում մամուլի իր ասուլիսը հրավիրեց նաեւ «Արդարություն» խմբակցության
համակարգող Վիկտոր Դալլաքյանը: Նրա ներկայացմամբ, ժողովուրդը բոյկոտեց հանրաքվեն,
եւ փաստորեն ընդդիմությունը իր նպատակին այս մասով հասավ: Ասվեց նաեւ, որ 96-ից ի
վեր նկարչության նման դեպք չի գրանցվել. «Փաստորեն իշխանությունները գերազանցեցին
իրենք իրենց՝ ընտրակեղծիքները լայնածավալ կազմակերպելու գործում»: Իսկ «Արդարության»
վերջնական տվյալները հետեւյալն էին՝ ժամը 20-ի դրությամբ մասնակցությունը եղել է
374 հազար 667, տեղեկություններ չկային 8 տոկոս ընտրատարածքներից: Ներկայացվեց նաեւ
մի հերթական զավեշտ. եթե հավատանք ԿԸՀ-ի տվյալներին, ապա միայն 50 վայրկյանի ընթացքում
հանրապետությունում քվեարկել է 423 հազար 522 մարդ: Լրագրողները հետաքրքրվեցին, թե
ինչո՞ւ երեկվա միտինգներին չէր մասնակցում ՀԺԿ նախագահ, «Արդարություն» դաշինքի ղեկավար
Ստեփան Դեմիրճյանը: Պատասխանը սա էր՝ ամբողջ օրվա ընթացքում ՀԺԿ նախագահը եղել է
կուսակցությունում, այսինքն՝ դաշինքի համակարգող շտաբում եւ աշխատել է մինչեւ ուշ
գիշեր եւ ընդունել մարդկանց: Իսկ այսօրվա հանրահավաքի մասին դաշինքը որոշում կկայացնի
այսօր՝ ժամը 12-ի նիստի ընթացքում: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել