Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանության ճամբարում՝ «խաղաղ արշալույսներ»

Նոյեմբեր 28,2005 00:00

Երեկ ամբողջ օրը «այո»-ի քարոզչական
շտաբում միապաղաղ հանգստություն էր: Շտաբի լրատվության
պատասխանատուների պարզաբանմամբ, քանի որ կառույցը ստեղծվել էր զուտ քարոզչական նպատակներով,
հետեւաբար քարոզչության ավարտի պահից շտաբը՝ որպես այդպիսին, համարվում էր լուծարված:
Նույն հանդարտությունն էր տիրում նաեւ «այո»-ի պաշտպան կուսակցությունների գրասենյակներում:
«Առավոտի» դիտարկման հետ, որ հասարակությունն աննախադեպ պասիվ էր եւ մասնակցության
իրական թիվը շատ ավելի համեստ էր, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած
տվյալները, կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները չհամաձայնեցին: Ավելին,
հանրապետական Գալուստ Սահակյանի կարծիքով՝ «ամեն ինչ նորմալ էր»: Հանրապետականների
տվյալները միանգամայն համընկնում էին ԿԸՀ-ի հրապարակած տվյալների հետ. «Ես չգիտեմ`
որտեղից են ձեր տեղեկությունները, բայց եթե խախտումներ լինեին, տեղական դիտորդներն
էլ, Եվրախորհրդի դիտորդներն էլ անպայման կահազանգեին»,- ասաց պարոն Սահակյանը: ՕԵԿ
ներկայացուցիչ, «այո»-ի քարոզչական շտաբի համակարգող Մհեր Շահգելդյանի տվյալներով
նույնպես «մասնակցությունը բավարար» էր: Ինչ վերաբերում է կեղծիքներին, պարոն Շահգելդյանը
հղում արեց եւ պաշտպանեց մինչ հանրաքվեն ՕԵԿ-ի հրապարակած պաշտոնական այն դիրքորոշումը,
որ իրենք անընդունելի են համարում կեղծումները: «Եթե կան կոնկրետ դեպքեր, ապա կան
նաեւ կոնկրետ ուղիներ: Կամփոփենք եւ մեր վերջնական դիրքորոշումը կարտահայտենք»: Իբրեւ
քարոզչական շտաբի համակարգող՝ Մ. Շահգելդյանը գտնում է, որ հանրաքվեի նախնական արդյունքներն
«ադեկվատ են քարոզարշավի արդյունքներին»: Ի հեճուկս քաղաքացիների անտարբերության՝
պարոն Շահգելդյանը հղում անելով միջազգային փորձին, մեկ անգամ եւս արձանագրում է,
որ «ակտիվությունը բավարար էր»: Իր գնահատականներում ավելի զուսպ էր ՀՅԴ ներկայացուցիչ
Սպարտակ Սեյրանյանը. «Երբ կստորագրվեն բոլոր ընտրատարածքների եզրափակիչ արձանագրությունները՝
միայն այդ ժամանակ կարող ենք վերջնական թվերի մասին խոսել: Եթե խախտումներ լինեն,
բնականաբար, հանձնաժողովներում մեր ներկայացուցիչները մեզ տեղյակ կպահեն, ինչի հիման
վրա էլ կկարողանանք կարծիք կազմել ընդհանուր գործընթացի մասին: Քանի դեռ վերջնական
արձանագրություններ չկան եւ ես չգիտեմ` ով է ստորագրել, ով չի ստորագրել, կոռեկտ
չէ որեւէ գնահատական տալը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել