Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐՎԵՍՏԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ՝ ԹՎԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ»

Նոյեմբեր 28,2005 00:00

Ընդդիմության
«18+8» ձեւաչափի ստեղծած Հասարակական տեղեկատվական կենտրոնը, որը տեղակայվել էր «Արմենիա-Մարիոթ»
հյուրանոցում, երեկ վաղ առավոտից արդեն շտաբներից ստանում եւ համակարգում էր տվյալներ
հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Խոչընդոտներ
դիտորդների հանդեպ Հասարակական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու եւ խոսնակ՝
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց,
որ «18+8» դաշինքն ամբողջ հանրապետությունում ունի ավելի քան 6500 դիտորդ, որոնք
տեղամասերում հետեւում են ընտրության ընթացքին: Արդեն ժամը 13-ին Արտակ Զեյնալյանը
տեղեկացրեց, որ «Հանրապետություն» կուսակցությունը ստիպված էր ետ կանչել Վարդենիսից
եւ Գյումրիից իր նշանակած դիտորդներին՝ «չվտանգելու համար նրանց կյանքն ու առողջությունը:
Պատճառն այն էր, որ 8:30-ի դրությամբ արդեն լցված է եղել 500 քվեաթերթիկ: Եվ ընդհանուր
առմամբ՝ Վարդենիսում եւ Գյումրիում մեծ լարվածություն է եղել տեղամասերում»: Մի օրինակ՝
դիտորդ Կարեն Սահակյանին հանել էին դուրս, ծեծել, հայհոյանքներ տվել: Պարզվեց, որ
ընդհարումը տեղի է ունեցել երկրապահ կամավորականների հետ: Արտակ Զեյնալյանն ասաց,
որ դեռ տեղեկատվություն չունեն, թե դիտորդը մարմնական ինչ վնասվածքներ է ստացել.
«Համենայնդեպս՝ պատճառված է բարոյական վնաս»: Եվ խոստացավ, թե միջադեպի կապակցությամբ
բողոք են հղելու համապատասխան մարմիններին: Քիչ անց կենտրոն այցելեց «Ժառանգություն»
կուսակցության անդամ Ասյա Համբարձումյանը, որը փորձել էր դիտորդական առաքելություն
իրականացնել Աջափնյակում: Զրույցի ընթացքում նա ներկայացրեց հետեւյալ պատկերը. «6/10
եւ 6/11 տեղամասերում կատարվում էին լցոնումներ, «Գազելներով» բերում էին տարիքով
մարդկանց: Անչափահաս երիտասարդներ էին գալիս ու քվեարկում նոր անձնագրերով: Ես նկարեցի
անձնագիրը մեկի, որը տեսել էի՝ մի անգամ քվեարկել էր, հաջորդ անգամ եկավ արդեն դատարանից
տեղեկանքով: Ինձ ասաց՝ ինչի՞ ես նկարում, ներողությո՛ւն խնդրի: Թաղային հեղինակությունները
հավաքվեցին, երբ տեսան, որ ես նկարում եմ «Գազելների» համարները, մարդկանց, որոնց
բերում են, սկսեցին ինձ քաշքշել, ես դուրս եկա տեղամասից: Հետեւիցս եկան, փողոցում
էլ շատ ահավոր հայհոյանքներ էին տալիս: Ճանապարհին ոչ մի մեքենա չէր կանգնում, քանի
որ հետեւիցս գալիս էին իրենք: Մի մարդ ու կին էին անցնում մեքենայով, ասացին՝ ի՞նչ
է եղել, հայհոյանքներ լսելով՝ այդ մարդը բարկացավ՝ ռիսկի դիմեց, կանգնեց, ինձ փախցրեց
այնտեղից»: Մաթեւոսյան Ազնիվը «Ժառանգություն» կուսակցությունից հայտնեց,
որ Տավուշի Մովսես գյուղում «11:10-ին դիտորդին դուրս են հանել ընտրատեղամասից»:
ՀԴԿ-ից Ռուբեն Բախշյանը կենտրոնին հայտնեց, որ Քանաքեռ ԳԷՍ-ի տարածքի ընտրական
տեղամասում «11:05-դրությամբ դիտորդին դուրս են հանել ոստիկանության միջամտությամբ՝
ուրիշի փոխարեն քվեարկությունն արձանագրելու համար»: Վանաձորից «Ժառանգություն» կուսակցության
ներկայացուցիչ Գառնիկ Սահակյանին սպառնացել են բարձրաստիճան սպաներ: Նաիրիի ողջ ընտրատարածքը
լցված է եղել ոստիկաններով, որոնց ակտիվ աջակցությամբ տեղամասային հանձնաժողովների
նախագահները ստիպել են ընդդիմադիր դիտորդներին լքել տեղամասային կենտրոնները: Սակայն
ներկայացնենք խախտումներն ըստ կենտրոնի ստացած տեղեկությունների այն դիտորդներից,
որոնք չնայած ճնշումներին՝ մնացել էին տեղամասերում: Լցոնման վկայություններ
11/19 տեղամասից ահազանգ ստացվեց, որ հանձնաժողովի անդամներն ընտրողների փոխարեն
լրացնում են ընտրացուցակները: Մալաթիա-Սեբաստիա 7/16 տեղամասում ժամը 8:45-ի
դրությամբ քվեատուփում առկա է եղել 200 քվեաթերթիկ՝ ըստ օգտագործված քվեաթերթիկների
հաշվարկի: Մինչդեռ դիտորդ Մարգարիտա Մանուկյանը պարզել էր, որ ընտրողների ցուցակներում
առկա է եղել 35 ստորագրություն: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ
Սարգսյանը թույլ չի տվել խախտումը գրանցել գրանցամատյանում: Դրանից հետո 8:45-9:15
տեղամաս է մտել ընդամենը 3 ընտրող: 113 դպրոցում տեղակայված 7/16 տեղամասում
դիտորդն արդեն ժամը 10-ին արձանագրել էր 200 քվեաթերթիկի լցոնում: 155 դպրոցում
տեղակայված 6/16 տեղամասում առավոտյան, պաշտոնական տեղեկատվությամբ, 127 մարդ էր
մասնակցել, ըստ դիտորդի՝ 27-ը: 156 դպրոցում տեղակայված 6/14 տեղամասում ժամը
11:00-ին, ըստ դիտորդի, քվեարկությանը մասնակցել էր 46 մարդ, ըստ պաշտոնական տեղեկատվության՝
120-ը: Թիվ 195 դպրոցում տեղակայված հանձնաժողովում, ըստ դիտորդի, մինչեւ
11-ը քվեարկել էր 37 մարդ, իսկ ըստ հանձնաժողովի՝ 230-ը: Ենթադրելի է, թե տարբերությունն
ինչի հաշվին է: Թիվ 200 դպրոցում տեղակայված 5/05 տեղամասում 11:10-ի դրությամբ,
ըստ ընտրացուցակների, մասնակցել էր 24 մարդ, մինչդեռ դիտորդի վկայությամբ՝ արկղի
կեսը այդ ժամանակ արդեն լիքն էր: 278 մանկապարտեզում տեղակայված 6/19 տեղամասում
դիտորդն արձանագրել էր մինչեւ 11-ը 25 մարդու քվեարկություն, մինչդեռ պաշտոնապես
58-ն էին: Մալաթիա-Սեբաստիայի համայնքի 8/26 տեղամասում դիտորդ Անահիտ Բախշյանից
ստացված տեղեկատվությամբ՝ «11:10-ի դրությամբ, թեպետ ըստ մասնավոր դիտարկման, քվեարկությանը
մասնակցել էր 17 մարդ, այնուամենայնիվ, արկղը կիսով չափ լիքն էր»: 5/2 տեղամասում
9:30-ին գրանցվել էր 64 մարդու քվեարկություն, մինչդեռ դիտորդի հաշվարկով՝ ընտրությանը
մասնակցել էին 10 հոգի: 6/11 տեղամասում ըստ դիտորդի՝ քվեարկությանը մասնակցել
էին 18 հոգի, մինչդեռ ըստ հանձնաժողովի նախագահ Կարապետյան Ռաֆայելի՝ 82-ը: Խուլ-համրերի
դպրոցի տեղամասային կենտրոնում քվեարկությանն առավոտյան մասնակցել էր 70 մարդ, սակայն
պաշտոնապես հայտարարվել էր 320-ը: Թիվ 18 ընտրատարածքում (ք. Վեդի) ժամը 14:30-ի
դրությամբ դիտորդները արձանագրել էին 700 ընտրող, մինչդեռ պաշտոնական տեղեկատվությամբ
այդ թիվը կազմում էր 2500: Արմավիրի Մարգարա գյուղում ժամը 11-ին լցոնվել
էր 300 քվեաթերթիկ: Արմավիրի Հոկտեմբեր գյուղի 21/27 տեղամասում հանձնաժողովի
անդամ Քաջիկ Հարությունյանը 20 քվեաթերթիկ էր կնքել, գցել քվեատուփ: Հանձնաժողովի
նախագահ Մելանյա Լալայանը ժամը 12-ին սպառնացել էր դիտորդին ֆիզիկական հաշվեհարդարով,
եւ նա ստիպված դուրս էր եկել տեղամասից: Ժամը 9:30-ին արդեն լցված էր քվեատուփի գրեթե
կեսը: Գորիսից ստացված տեղեկության համաձայն, թեեւ ժամը 11-ին, ըստ պաշտոնական
տեղեկատվության, արդեն իսկ 2000 մարդ էր մասնակցել ընտրություններին, սակայն իրականում
«մեռելային վիճակ է»: Եղվարդի 26/03 տեղամասում ժամը 11-ին, ըստ դիտորդի,
մասնակցել էր 73 մարդ, մինչդեռ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 163-ը. «Եղվարդում
քվեարկում են ոչ եղվարդցիները, իսկ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը
շրջում է եւ գումարներ բաժանում»: Գավառի 22/12 տեղամասից կենտրոնն ահազանգ
ստացավ, որ «8:05-ին դիտորդներին հանել են տեղամասից, քվեատուփերն արդեն լցոնված
են»: Արգելված քարոզչության դեպքեր Աջափնյակից հայտնեցին, որ թաղապետարանի
մոտ մեքենաների վրա փակցված են «այո» պաստառներ: Սուրեն Սուրենյանցը հայտնեց,
որ 10:30-ին Կենտրոն թաղապետարանի առջեւ կային 15 երթուղայիններ՝ առանց համարների,
որոնց վրա փակցված էին «այո» քարոզչանյութեր. «Մասնավոր խոսակցության ժամանակ վարորդները
խոստովանել են, որ իրենց հանձնարարված է մարդիկ տեղափոխել Երեւանից դուրս, մասնավորապես
Դիլիջան»: Բաց քվեարկություն, կրկնակի քվեարկություններ Իհարկե, բաց
քվեարկության առաջին օրինակը ցույց տվեց Ռոբերտ Քոչարյանը: Ժամը 15-ին կենտրոնում
հրավիրված ճեպազրույցում «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը
նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկությունը Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածի,
«Հանրաքվեի մասին» օրենքի 2-րդ եւ 28-րդ հոդվածների խախտում է: Միջանկյալ նշենք,
որ ըստ Վիկտոր Դալլաքյանի, Ռոբերտ Քոչարյանը՝ նոյեմբերի 25-ին հայտարարելով, թե սոցիոլոգիական
հարցումների արդյունքներով՝ բնակչության ճնշող մեծամասնությունը գիտակցում է սահմանադրական
բարեփոխումների անհրաժեշտությունը, խախտել է «Հանրաքվեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի
9-րդ կետը, ըստ որի՝ քարոզչության վերջին 3 օրվա ընթացքում արգելվում է հանրաքվեի
դրված հարցի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակումը: Հասարակական
վերահսկողության հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանը հեգնանքով նկատեց, թե
այլ օրենքներ են գործում Քոչարյանի համար, բայց այնուամենայնիվ՝ բաց քվեարկությունն
օրենքի խախտում է, եւ փորձելու են նրան ենթարկել պատասխանատվության: Թե ինչ
պատասխան կստանան դատարանից, մեղմ ասած, դժվար չէ կանխատեսել: Ուստի ընդդիմության
դիտորդները երեկ ամենուր արձանագրում էին բաց քվեարկության դեպքեր: Ասենք՝ Արմավիրի
մարզի թիվ 1 դպրոցում տեղակայված 21/1 տեղամասում, Նոր Նորքի 163 դպրոցում տեղակայված
2/21 տեղամասում ռազմական ակադեմիայի կուրսանտներն էին քվեարկել բաց: Արմավիրի մարզի
Հացիկ գյուղի համայնքապետ Դավիթ Ղարագյուլյանը պարտադրել էր բաց քվեարկել: Արձանագրվել
են նաեւ կրկնակի քվեարկության դեպքեր: Լուսակերտում «ժամը 8:15-ին 4 ավտոբուս զինծառայող
են քվեարկել: 9:40-ին նույն զինծառայողները քվեարկել են մյուս տեղամասում»: Եղվարդի
մանկապարտեզում տեղակայված տեղամասում դիտորդն արձանագրել էր, որ նույն զինվորը քվեարկում
է 3-րդ անգամ: Էրեբունիի 13/10 տեղամասում, որը տեղակայված է 120 դպրոցում, դիտորդն
արձանագրել էր, որ նույն մարդիկ են մտնում քվեարկության: Վանաձորի «Ժառանգություն»
կուսակցության անդամ Գառնիկ Սահակյանը ժամը 14:00-ին հաղորդել է, որ թիվ 30/33 տեղամասում
(Ազնավուրի անվ. մշակույթի տուն) դիտորդ Գոհար Սարդարյանը բողոքել է, որ 1 անձը քվեարկում
է մի քանի անգամ, եւ ավտոբուսներով բերում են տեղամասեր: Դավիթաշենի 175 տեղամասում
Բաղդասարյան Սուսաննան եւ Բաղդասարյան Վռամը ներկայացել էին քվեարկության եւ պարզել,
որ իրենք արդեն քվեարկել են: Նրանց առաջարկվել էր աղմուկ չհանել եւ նորից քվեարկել:
Արարատից (Վեդի) հաղորդել են, որ ժամը 11:55-ին զինվորներին պտտում էին ողջ
18 տեղամասերում: Թիվ 38/13 տեղամասում (Կապան) արձանագրել են զինվորական
ստորաբաժանումների՝ տեղամասից տեղամաս շրջելու եւ բազմակի քվեարկության դեպքեր: Եղվարդի
մի ընտրատեղամասից դիտորդ Ջիվան Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը բացահայտել է 4
քաղաքացու, որոնք ունենալով Երեւանի գրանցում փորձել են քվեարկել: Նրանցից մեկի՝
Արկադի Տարանովի անձնագիրը (AC0217140) հասցրել է վերցրել: Մյուսներն արագորեն հեռացել
են: Զանազան խախտումներ Զովունի գյուղի 27/13 տեղամասից դիտորդը հայտնել
էր. «Այլոց անձնագրերը հավաքած՝ տալիս են մեքենաներով բերված մարդկանց, որոնք քվեարկում
են այդ անձնագրերով»: Զովունի, Մրգաշեն, Գետամեջ, Քարաշամբ գյուղերի համայնքապետերը,
ըստ կենտրոնում ստացված ահազանգերի՝ «փող են դնում նախօրոք հավաքած անձնագրերի մեջ»:
«Ժառանգություն» կուսակցության մի անդամ, որը դիտորդական առաքելություն էր
փորձել իրականացնել, Հասարակական տեղեկատվական կենտրոնում պատմեց. «Պարույր Սեւակի
անվան դպրոցում ժամը 3 «Գազել»-ով բերում էին ընտրողների: Մեզ տեղեկացրին, որ նույն
«Գազել»-ները պտտվում են Ջրաշենում եւ Շորբուլաղում»: Շիրակում դատախազը գյուղապետերի
վրա դրել էր 80% մասնակցության պլան: Միասնական ընդդիմությունը երեկ հանդես
եկավ հայտարարությամբ, որ «հանրաքվեի քվեարկությունը սկսվել եւ անցկացվում է «Հանրաքվեի
մասին» օրենքի եւ «Ընտրական օրենսգրքի» կոպիտ ու զանգվածային խախտումներով»: Հանձնաժողովի
անդամներ Առավոտից բոլոր հեռուստաընկերությունները հաղորդում էին, որ չնայած
ընդդիմության կոչին՝ հանձնաժողովների անդամները մեծ մասամբ գնացել էին կատարելու
իրենց պարտականությունները: Մեր հարցին, թե արդյոք այդ տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ
է իրականությանը՝ պրն Զեյնալյանը պատասխանեց. «Միացյալ ընդդիմությունը հայտարարել
է, որ ինքը պատասխանատվություն չի կրում հանձնաժողովների անդամների համար: Ընդդիմության
անունից հանդես եկող հանձնաժողովների անդամների գործունեությունն անվավեր է: Եվ էական
չէ՝ նրանք մասնակցո՞ւմ են, թե՞ չեն մասնակցում: Շաբաթ օրը դատախազությունը եւ ոստիկանությունը
ջանքեր չեն խնայել հանձնաժողովի նիստերին ընդդիմության կողմից նշանակված անձանց բերման
ենթարկելու համար»: Ի լրումն նշենք, որ նոյեմբերի 26-ին «Հանրապետությունը» հանդես
եկավ հայտարարությամբ, որում նշված էր. «Ընդդիմությունից նշանակված ընտրական հանձնաժողովների
անդամներին հրավիրում կամ բերման են ենթարկում տարածքային ոստիկանություններ, դատախազության
աշխատակիցներն այցելում են նրանց տները եւ սպառնում քրեական պատասխանատվության ենթարկել
հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու դեպքում»: Արտակ Զեյնալյանը մեր զրույցի ընթացքում
նշեց, թե դատախազությունը չունի նման ծանուցագրեր ուղարկելու լիազորություն. «Եթե
առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ներկայացրին գլխավոր դատախազն ու Ռոբերտ Քոչարյանը,
ապա առաջին հերթին նման քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն իշխանության
մեջ եղած անձինք, նաեւ պատգամավորները, որոնք չեն գնում աշխատանքի: Դա ենթադրում
է համապատասխան մեխանիզմ, բայց ոչ քրեական պատիժ»: Ճեպազրույցում մեր տված
հարցին ի պատասխան, թե հեռացվելո՞ւ են կուսակցություններից այն անձինք, որոնք մասնակցել
են հանձնաժողովի աշխատանքներին, Վիկտոր Դալլաքյանը մեջբերեց մի փաստ. «Արդարություն»
խմբակցության անվամբ Դավիթաշենում եւ Մալաթիա-Սեբաստիայում 11 հոգի՝ հանձնաժողովի
անդամների փոխարեն, գրել են դիմումներ, ստորագրել: Այսինքն՝ ստացվում է, որ «Արդարությունը»
հետ է կանչել, եւ իրենք՝ հանձնաժողովի անդամների փոխարեն նշանակումներ են արել եւ
ներկայանում են որպես «Արդարություն» դաշինքի անդամներ հանձնաժողովներում, որ ուղղակի
կեղծիք է»: «Արդարության» լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատուրյանը
հավելեց. «Հեռուստատեսությամբ ասել են, որ Դավիթաշենում դաշինքի ներկայացուցիչներն
աշխատում են հանձնաժողովներում: Այնտեղ նշանակված է թիվ 5 ընտրատարածքային հանձնաժողովում
ՀԺԿ անդամ Արմենը, որը երբ քաղաքական որոշում կայացվեց, որ հետ են կանչվում հանձնաժողովի
անդամները՝ չենթարկվեց այդ որոշմանը, եւ դեռ մի քանի օր առաջ նա հեռացվեց կուսակցությունից:
Այսինքն՝ մենք պատասխանատվություն չենք կրում այդ անձի եւ այդ տարածքում տեղի ունեցած
իրադարձությունների համար»: Հավելեց, թե ՀԺԿ-ն որոշել է եւ կիրականացնի՝ կհեռացվեն
այն անդամները, որոնք չեն ենթարկվի կայացված որոշմանը: Ճեպազրույցում «Արդարություն»
խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը դատախազության գործելակերպը բնորոշեց իբրեւ
«1937-ի տրոյակների մեթոդներով գործառույթներ»: Հասարակական վերահսկողության հանձնաժողովի
համակարգող Ռուբեն Թորոսյանը գլխավոր դատախազի հայտարարության կապակցությամբ խոստացավ,
թե նոյեմբերի 28-ին հաղորդում է ներկայացնելու դատախազություն. «Չնայած զավեշտ է,
բայց ակցիան պետք է կատարվի: Հետո մենք դա կշարունակենք եւ Եվրոդատարան կներկայացնենք
«Քրեական օրենսգրքի» 2 հոդվածներով դատախազին եւ նրա տեղակալին պատասխանատվության
կանչելու համար»: Խոսքը 309 հոդվածի՝ «իրենց պարտավորությունները գերազանցելու» եւ
314 հոդվածի մասին է, որը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնական կեղծիք թույլ
տալու եւ սխալ տեղեկություններ ներկայացնելու համար: Եվ ընդհանրապես՝ Ռուբեն
Թորոսյանը խոստացավ. «Այս բոլոր փաստերը ամփոփվելուց հետո ներկայացվելու են միջազգային
կազմակերպություններին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել