Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԻՐԱՎՈՐ

Նոյեմբեր 26,2005 00:00

«ՎԻՐԱՎՈՐ ԼԵՌԱՆ ՃԻՉԸ» ԻՄ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆՆ Է Ասում է հեղինակը՝ գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը – Շուրջ մեկուկես տասնամյակ առաջ, Ոսկեպար գյուղի 1991 թվի մայիսյան արյունոտ դեպքերի կապակցությամբ Դուք տպագրեցիք «Եղերական լուսաբաց» գիրքը՝ այն կոչելով ցավի ու հիշողության մատյան։ Առաջաբանում խոստացել էիք ողբերգական իրադարձություններին անդրադառնալ նաեւ տարիներ անց՝ բոլոր հանգամանքների մանրազնին վերլուծությունից հետո։ Եվ ահա լույս է տեսել Ձեր՝ «Վիրավոր լեռան ճիչը» հրապարակախոսական վեպը։ Կարո՞ղ ենք ասել, թե Դուք կատարեցիք Ձեր խոստումը։ – Չգիտեմ։ 14 տարի շարունակ ես զբաղվել եմ հայ ոստիկանների կոտորածի եւ գերեվարության հանգամանքների ուսումնասիրմամբ։ Հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, գրի առել տասնյակ կարծիքներ եւ իմ եզրահանգումներով դրանք ներկայացրել ընթերցողին։ Կատարվածին վերջնական գնահատական տալը մի հոգու բան չէ, հիմա՝ գրքի տպագրությունից հետո, մենք միասին պիտի արտահայտենք մեր կարծիքը։ – Երբ գիրքը հատվածաբար տպագրվում էր «02» շաբաթաթերթում, կասկածներ եղան, թե գունազարդված են Գանձակի բանտում հայ ոստիկանների դրսեւորումները՝ հասցված են գրեթե հերոսականի։ Ի՞նչ հերոսություն կարող է անել թշնամու բանտում խոշտանգվող վիրավոր մարդը։ – Նման կարծիք արտահայտողները լավ չեն պատկերացնում հերոսականի գաղափարը։ Միայն աջ ու ձախ կրակելով, թշնամուն կոտորելով չէ, որ հերոսանում են մարդիկ։ Եթե ծանր վիրավոր մեկը մի կերպ շուռ է գալիս, իր մարմնով ծածկում նույնպես վիրավոր ընկերոջը՝ իր վրա ընդունելով խոշտանգող թշնամու հարվածները, ես այլ բառ չունեմ նրա արածը որակելու։ Հաննիբա՞լն էր, թե՞ Մակեդոնացին. հոգնությունից, քաղցից ու ծարավից տանջվող զորքը գնում էր վայրի անապատով։ Զինվորներից մեկը մի թաս ջուր գտավ թփի տակ լճացած եւ մատուցեց զորավարին։ Վերջինս այն թափեց ավազին՝ փրկություն չէր, իր խմելը ավելի էր սաստկացնելու մյուսների ծարավը։ Այսպիսի բան՝ առավել վառ դրսեւորմամբ, եղել է Գանձակի բանտում։ Եվ եղել են էլի ուրիշ բաներ, որոնց այլ որակում չես տա, թեեւ ես գրքում չեմ օգտագործել «հերոսություն» բառը։ – Ոսկեպարից տարված 45 գերիներից բոլո՞րն էին այդպիսին։ – Չգիտեմ։ Ես այնտեղ չեմ եղել։ Եթե լինեի՝ գուցե ամենաթույլը, ամենախեղճը լինեի։ Բայց չեմ եղել, եւ այդ մասին խոսելը բարոյական չեմ համարում։ – Ձեր գրքերից շատերը վերաբերվում են ձեր լեռնաշխարհին, նրա պատմությանն ու մարդկանց։ Դուք, հավանաբար, շատ եք սիրում Ձեր ծննդավայրը կամ ինչպես ինքներդ եք ասում՝ եզերքը։ – Չեմ սիրում, պաշտում եմ… – Եվ ի՞նչ եք ակնկալում փոխարենը։ – Ոչինչ։ Ես ի՞նչ պիտի ակնկալեմ մեր սարերից ու անտառներից, Դեբեդի հովտի արեւից ու Սրբասարի ծաղկունքից։ Ինչ վերաբերում է ժողովրդին՝ մեր բարի, խաղաղասեր, աշխատավոր ժողովրդին, ապա ես երբեք նրա հետ բարոյական առեւտրի մեջ չեմ մտնի։ Երբեք չեմ ասի՝ ինձ պատգամավոր կամ քաղաքապետ ընտրեք կամ նման որեւէ այլ բան։ Ես իմ լեռնաշխարհի, իմ ժողովրդի զավակն եմ՝ ամեն ինչով հավիտյան նրան պարտական, եւ իմ չնչին հնարավորություններով մինչեւ կյանքիս վերջը պիտի ծառայեմ նրան։ – Ի՞նչ է, ի վերջո, «Վիրավոր լեռան ճիչը» գիրքը։ – Այն առաջին հերթին իմ բողոքի ձայնն է իմ լեռնաշխարհի ժողովրդի հանդեպ դրսեւորվող անիրավության դեմ։ Ինչո՞ւ մեր զոհված տղաները մինչեւ օրս չունեն հայրենիքի համար զոհվածի կարգավիճակ։ Սահմանների պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր մարդկանցից միայն մի քանիսն ունեն պատերազմի մասնակցի վկայական։ Ինչո՞ւ… Ես ամեն ինչի մասին հանգամանորեն գրել եմ գրքում։ – Իսկ եթե ոչնչի չհասնե՞ք։ – Հուսահատ դերվիշի նման անապատներ չեմ ընկնի։ Բայց կհասնեմ։ Բարձր ատյաններում կան ազգասեր, արժանապատիվ մարդիկ, ովքեր համաձայն են ինձ հետ եւ կպաշտպանեն իմ առաջարկները։ Վստահ եմ։ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930