«ԷԴ ՆՈՐ ԲԱ՞Ն Ա» Ովքե՞ր են պաշտպանում ուսանողների շահերը բուհում ԵՊՀ ուսանողական խորհուրդն ունի յոթ հանձնաժողով, որոնցից մեկն էլ իրավականն է: Որոնք են դրա ֆունկցիաները, արդյո՞ք հանձնաժողովը կատարում է դրանք: «ԵՊՀ ուսանողների իրավունքների եւ պարտականությունների կատարումը ուսանողական խորհրդի իրավաբանական ծառայության առաքելությունն է: Նշված առաքելությունները սահմանված են խորհրդի կանոնադրությամբ»,- տեղեկացրեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը: Փաստորեն՝ կա ուսանողների պաշտպանության օղակ, այն ունի գործառույթներ: Սակայն ուսանողների մեծամասնությունը այդ մասին տեղյակ չէ: «Քննական հարցերի վերաբերյալ որոշակի խնդիրներ ունեցել եմ եւ զգացել իրավաբանական պաշտպանության կարիք: Բայց քանի որ չգիտեի, որ մեր բուհում կա նմանատիպ հանձնաժողով, փորձեցի դրանք լուծել ինքս»,- պատասխանեց ԵՊՀ ուսանողուհի Աննա Մկրտչյանը: Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահը չի ժխտում, որ ԵՊՀ-ում ինչ-որ չափով կա «տեղեկատվական վակուում», բայց իրենք փորձում են դա հաղթահարել: «Ուսանողը, ով ցանկանում է ինքնակառավարվել, ով ցանկանում է իր իրավունքներին, շահերին եւ պարտականություններին տեր կանգնել, այդ ամենը գիտի»,- վստահորեն ասաց Միհրանը: Իսկ իր նշած տեղեկատվական վակուումը փորձում են վերացնել ուսանողների էլեկտրոնային հասցեների հավաքագրմամբ եւ միջոցով ուսանողներին բուհական անցուդարձին տեղյակ պահելով: ԵՊՀ իրավական հանձնաժողովը գործում է ուսանողական խորհրդի ստեղծման օրվանից: Անդամները յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրված ուսանողներ են: Հանձնաժողովի կազմում ընդգրկվածների գործը ուսանողներին՝ ՀՀ օրենսդրությամբ եւ համալսարանի ներսում գործող ենթաօրենսդրական ակտերով սահմանված իրավունքներին ծանոթացնելն է: Հանձնաժողովի պարտականությունների մեջ է մտնում նաեւ այդ ակտերի կյանքի կոչելն ու օգտագործելը: «Ուսանողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ փաստաթղթերը, որ գործում են ԵՊՀ-ում առանձին բուկլետի տեսքով՝ շուտով կտպագրվեն եւ կբաժանվեն ուսանողներին»,- տեղեկացրեց Միհրան Հակոբյանը: Որքան էլ քիչ լինի ուսանողների տեղեկացվածությունը, այնուամենայնիվ կան ուսանողներ, ովքեր դիմում են այս հանձնաժողովին: Նրանք հիմնականում դիմում են ուսման վարձերի զեղչման կանոնակարգերի եւ քննական կարգին վերաբերող հարցերով: «Այս տարի ռեկտորատի առաջ հանդես ենք եկել 50 միջնորդությամբ: Կային ուսանողներ, ովքեր ունեին հասարակական մեծ ակտիվություն եւ սոցիալական ծանր վիճակ, բայց չունեին վարձի զեղչման համար պահանջվող տվյալներ: Մեր դիմումով մի շարք ուսանողների ուսման վարձը զեղչվել է»,- հպարտությամբ նշեց Մ. Հակոբյանը: Նա պատմեց նաեւ, որ մի քանի շաբաթ առաջ սոցիոլոգիայի ֆակուլտետում մի դասախոս վիրավորել էր ուսանողին: Սակայն հարցը հաշտ ու համերաշխ փորձեցին լուծել իրավական հանձնաժողովում՝ դասախոսին բացատրելով, որ ամեն ինչից վեր մարդկային հարաբերություններն են: Մինչ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ջանասիրաբար թվում է իրենց հաջողությունները, ուսանողները դժգոհում են, որ իրենք չգիտեն, թե ինչ է այդ իրավական հանձնաժողով կոչվածը: «Էդ նոր բա՞ն ա»,- զարմացած ասաց Աշխեն Առուշանյանը: «Չգիտեմ, թե ինչ են անում, ինչու են անում, ինչ ֆունկցիաներ ունեն»,- մտածում է ապագա իրավաբան Գեւորգ Հայրապետյանը: Տեսականորեն բոլոր ուսանողներն ամեն հարցով կարող են դիմել այս հանձնաժողովին: Ռեկտորատի կամ այլ մարմնի քննարկմանը հանձնելու համար ուսանողը պետք է հարցը ներկայացնի դիմումի տեսքով: Ուսանողական խորհրդում նրան այդ ամենը կսովորեցնեն, նույնիսկ առաջին անգամ նրա փոխարեն դիմում կգրեն: Ինչպես տեղեկացրեց Մ. Հակոբյանը, ԵՊՀ-ում ուսանողի իրավունքների ոտնահարման որեւէ արտառոց դեպք դեռ չի գրանցվել: Կոռուպցիան իհարկե առկա է նաեւ մայր բուհում, բայց ուսանողների կողմից դրա դեմ բողոքներ, որպես այդպիսին, չկան: «Բոլորս էլ գիտենք, թե որ ֆակուլտետում ինչ է կատարվում: Սուտ կլինի, որ ասեմ, թե համալսարանում կոռուպցիա չկա: Թեեւ համալսարանը այս երկրի մաքուր մնացած հաստատություններից է, լինելով հասարակության մի մասը, չի կարող զերծ մնալ մեր հասարակության մեջ առկա ախտերից»,- փաստեց Միհրան Հակոբյանը: ԵՊՀ իրավական հանձնաժողովը չի համագործակցում այլ բուհերի հետ: Մ. Հակոբյանը ասաց, որ տեղյակ չէ այլ բուհերի նմանատիպ ծառայություններից: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ