ՁՄՌԱՆԸ ԲՈՒԺՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՏՆԻՑ Գնդեվազի բուժկետը 6 տարի է՝ հոսանքազրկված է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող այս ընտանիքում արդեն սովորական է դարձել գիշերային զանգեր ընդունելը: Շուրջ 35 տարի այստեղ է ապրել գյուղի միակ բուժքույրը՝ Քնարիկը, իսկ նրա մահից հետո այդ «պաշտոնում» է նրա հարսը՝ Լարիսա Խաչատրյանը: Լարիսան 1998-ից աշխատում է գյուղի բուժկետում՝ «պունկտի վարիչ», միեւնույն ժամանակ նաեւ բուժքույր: Ինչպես պատմեց նա, գյուղում ամեն կարգի հիվանդություններ պատահում են, հատկապես՝ ինֆարկտ, կաթված՝ 45 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Լարիսան այցելելով հիվանդին, տեղում ախտորոշում է հիվանդությունը, ցույց տալիս առաջին բուժօգնությունը, եթե կարիք է լինում՝ խորհուրդ է տալիս տեղափոխել մոտակա բուժմիավորում եւ ապահովության համար ինքն էլ է գնում: «Գիշերային զանգեր հաճախակի են լինում, նախ, եթե զգում եմ, որ հիվանդին օգնել հնարավոր է՝ խորհուրդներ եմ տալիս հեռախոսով, բայցեւ զգուշացնում եմ՝ եթե վիճակը չկայունանա՝ ես պատրաստ եմ, եկեք: Ովքեր մեքենա են ունենում, գալիս են մեքենայով, իսկ ովքեր էլ ոչ՝ հարազատը ոտքով է գալիս եւ միասին ենք գնում»: Լարիսան հիշեց նաեւ դեպքեր, երբ գիշերային այցի ժամանակ պարզվել է, որ հիվանդությունը այդ աստիճան մտահոգիչ չի եղել, ուղղակի տան մեծահասակներն են «խառնվել», քանի որ հյուր եկած թոռնիկը «ամանաթ է եղել» եւ ընդամենը 1 բաժակ տաք թեյով հանգիստ քնել է ողջ գիշեր: «Իհարկե, ցույց չեմ տալիս, որ իզուր են ինձ անհանգստացրել, քանի որ ես միշտ պատրաստ եմ լինում, բայց իրենք են այդ ժամանակ զգում եւ ասում. վայ, էլ ինչո՞ւ քեզ նեղություն տվեցինք»: Ըստ նրա, «ընդհանրապես շատ դժվար է, երբ հիվանդի մոտ մենակ ես, չկա կողքիդ բժիշկ: Մեկ այլ բան է, երբ աշխատում ես հիվանդանոցում, բժշկի հսկողության տակ (բժիշկը թելադրի, դու անես), մեկ այլ բան է, երբ մենակ դու ես այդ պահին. եւ բժիշկ ես, եւ բուժքույր, բայց քանի որ դու չունես բժշկի կրթություն, այդ պահին պետք է լինես շատ զգոն, զգույշ եւ ուշադիր, որ ճիշտ որոշես՝ այդ պահին ինչ անել, այնպես չլինի, օրինակ, սխալ ճնշում չափես ու սխալ բուժօգնություն ցույց տաս»: Եղել են դեպքեր, երբ 5 րոպեում հասել է հիվանդի մոտ, բայց ոչ մի օգնություն չի ցուցաբերել՝ լինում են վիճակներ, երբ օգնելն անհնար է: Ծննդաբերության ժամանակ գիշերային կանչ հիմնականում չի լինում, դա տեղում ավելի լավ կազմակերպելու համար գյուղից մեքենա են վերցնում եւ հիվանդին տեղ հասցնում, իսկ երբեմն էլ, չհասցնելու դեպքում, տանն են ծննդաբերում: Դեղորայքի խնդիր չի լինում, այն սպասարկում է «Ապավեն» հիմնադրամը, նաեւ գյուղում ստեղծվել է դեղորայքի շրջանառու ֆոնդ (ԴՇՖ), եւ յուրաքանչյուր ընտանիք ամսական 500 դրամ կամ եռամսյակը 1500 դրամ մուծելով՝ ապահովագրվում է եւ բոլոր ծառայությունները, դեղորայքը ստանում անվճար: Ըստ պայմանագրի՝ հավաքված գումարը կկուտակվի բանկում գյուղի հաշվին բացված հաշվեհամարում մինչեւ 2012թ., բայց պարզ չէ, թե որտեղ կծախսվի: Լարիսան ստանում է մոտավորապես 12.000 դրամ, աշխատավարձը վերջին անգամ ստացել է օգոստոս ամսին, իսկ այն ստանալու համար նա 2000 դրամ ծախսում է՝ Վայքի բուժմիավորում հասնելու համար: Նշեց, որ մինչ օրս չի ստացել 2001թ. ողջ աշխատավարձը, որը այն ժամանակ կազմել է ամսական 7000 դրամ: Գնդեվազի բուժկետի վերանորոգումը իրականացվել է 1999թ.՝ ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից, կահավորման, վերանորոգման, ԴՇՖ-ի կազմակերպումը ֆինանսավորվել է Եվրոհամայնքի հումանիտար գրասենյակի կողմից: Ջեռուցումն ապահովելու համար նրանք տրամադրել են նաեւ էլեկտրական տեներ եւ միակ բանը, որ թողնվել է Վայքի բուժմիավորմանը՝ էլեկտրաէներգիայի հարցի լուծումն էր, բայց բուժկետը պարտքի կուտակման պատճառով հոսանքազրկված է 1999-ից: «Սկզբից Վայքի բուժմիավորումը չունենալով հնարավորություն՝ թողեց գյուղապետարանի հայեցողությանը, վերջինս էլ սպասում է մարզպետարանից կարգադրության, որ բուժմիավորումը թողնվում է գյուղապետարանի բյուջեին, այդ հրամանն էլ մինչ օրս չկա: Ձմռանը դեղերի սպասարկումը կատարում եմ տնից, հիվանդը գալիս է տուն, տանը հիվանդին զննում եւ տնից հիվանդի մոտ գնում»,- ասաց բուժքույրը: