Որքան էլ սիրեմ Արաբկիրս, պայուսակը ձեռքիցս բաց չթողեցի Երբ տեսնում ես Ռուսաստանում գիշեր-ցերեկ տիրող «ոպրտՐպՊպս»-ը, Հայաստան վերադառնալիս միանգամից գնահատում ես՝ որքան խաղաղ է մեր երկիրը, որքան անվտանգ է երեկոյան ժամերին տուն վերադառնալը, որքան քիչ են մեզ մոտ գողությունն ու ավազակությունը: Սակայն մի պահ Երեւանում սկսվեց բջջային հեռախոսների համատարած գողություն, եւ այն ժամանակ մենք դա բացատրեցինք EASY եւ SIM քարտերի չճարվող կամ սաստիկ թանկ լինելով՝ «ԱրմենՏելի» ծաղկման շրջանն էր: Այդ ալիքը մի փոքր հանդարտվեց: Իսկ այս ամառ, երբ ուժի մեջ մտավ Viva Cell-ը եւ քարտի հարցը շատ հեշտ ու էժան լուծում ստացավ, սկսվեց բջջային հեռախոսների գողությունների նոր ալիք: Այս անգամ մենք դա բացատրեցինք հեռախոսների կտրուկ թանկացմամբ՝ ազատ եւ ամենուր վաճառվող յոթ հազարանոց քարտերը լիքն էին, եւ հեռախոս գնողների քանակը կտրուկ աճեց: Ճիշտ է՝ գողություն միշտ էլ կա, բայց վերջին ժամանակների համատարած, ամեն քայլափոխի կատարվող գողությունների շարանն այսքանով, կարելի է ասել, սահմանափակվում է: Սակայն, ինչպես պարզվեց, դա այդպես չէ: Ես բնակվում եմ Հրաչյա Քոչարի փողոցի մոտակայքում: Մի քանի օր առաջ, երեկոյան ժամը 22-ին, տուն վերադառնալիս նկատեցի, որ մի երիտասարդ ի սրտե հետապնդում է ինձ, ահագին ժամանակ է՝ հետքերովս է քայլում: Իմ թաղամասը՝ Արաբկիրը, շատ եմ սիրում եւ, չգիտես ինչու, վստահ էի, որ դա այն վայրը չէ, որտեղ գողություն կարող է տեղի ունենալ: Բայց մի քանի վայրկյանից, երբ վերոհիշյալ երիտասարդը փորձեց պայուսակս ձեռքիցս խլել, առիթ ունեցա համոզվել հակառակ գաղափարում: Որքան էլ սիրեմ Արաբկիրս, պայուսակը ձեռքիցս բաց չթողեցի: Հասկանալի է՝ այս համակրելի երիտասարդին դուր չեկավ, որ ես չէի պատրաստվում նրան այդքան թանկ նվեր (մոտ երկու հազար դրամ, 60 դոլար, փաստաթղթեր, պլաստիկ քարտ, այցեքարտեր, օծանելիք եւ կոսմետիկա) անել: Այդ պատճառով էլ նա ինձ գցեց գետնին, ինչի արդյունքում պայուսակի ուսագոտիները մնացին իմ ձեռքերում, իսկ մնացածը՝ իր: Բղավելն ու հետեւից վազելը, բնականաբար, ոչինչ չտվեցին: Միանգամից պատասխանեմ այն հարցերին, որոնք ինձ ուղղում են բոլոր նրանք, ովքեր լսում են այս պատմությունը. «Բա չէի՞ր կարում քարով մի լավ հասցնեիր էդ հայվանի գլխին», «Բա չկարացա՞ր վազել տուն», «Չէի՞ր կարում չտայիր սումկեդ էդ անասունին»: Չէի կարող: Քանի որ անսպասելիության եւ վախի գործոնները շատ մեծ էին: Քանի որ նման իրավիճակում առաջին անգամ եմ հայտնվում, հետեւեցի ծանոթներիցս մեկի խորհրդին՝ զանգահարեցի ոստիկանություն: Բավականին շուտ հայտնվեցին այդ հաստատության ներկայացուցիչները: Ես նրանց ոչինչ էլ չկարողացա պատմել, քանի որ մթի մեջ չէի հասցրել զննել գողի արտաքինը: Նրանք էլ, իրենց հերթին, ոչ մի հույս չտվեցին ինձ եւ ասացին, որ ամեն ինչ կանեն գողին գտնելու համար եւ որ մեր թաղամասում վերջերս մնան դեպքեր բավականին հաճախ են պատահում՝ բակերում եւ շենքերի մուտքերում: Անկեղծ ասած՝ դա ինձ չի մխիթարում: Այնպես որ, կա՛մ տանը նստեք, կա՛մ էլ տուն վերադարձեք մինչեւ մութն ընկնելը: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ