Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հատակագծում կա, իրականում չկա

Նոյեմբեր 26,2005 00:00

Հատակագծում կա, իրականում չկա Երեկ բնապահպանները քննարկեցին գլխավոր հատակագիծը՝ առանց լրագրողներից «հուշտ լինելու» Երեկ բնապահպանության նախարարությունում կանաչ տարածքների ճակատագրով մտահոգված հ/կ-ների, Երեւանի գլխավոր ճարտարապետի եւ էկոփորձագետների մասնակցությամբ քննարկվեց մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը՝ կանաչապատման տեսանկյունից: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի պարբերաբար դժգոհությունները այնքան նյարդայնացրին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին, որ վերջինս նրա «պորտը տեղը դրեց». «Ինձ անընդհատ մի ընդհատի ու հետս ոտով ձեռով չխոսես, քո հետ ոչ տալիք ունեմ, ոչ առնելիք, ժուռնալիստներից էլ հուշտ չեմ ըլնում»: Մյուս հ/կ-ների ներկայացուցիչներն էլ առանձնապես գոհ չէին հատակագծից եւ գտնում էին, որ իրականում կանաչապատման ենթակա տարածքներում արդեն իրականացված կառուցապատումը տարածքով ավելի մեծ է, քան հատակագծում նախատեսել են մասնագետները: «Բնապահպանական փորձաքննություն» կազմակերպության առաջատար մասնագետ Վիկտոր Բախտամյանը ներկայացրեց, թե որ համայնքում որքան կանաչապատման ենթակա տարածք կա եւ դրա քանի տոկոսն է կառուցապատված: Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ մայրաքաղաքի կանաչապատման ենթակա 1842 հեկտարից արդեն կառուցապատվածը կազմում է 11, 4 հեկտարը: Հ/կ-ների ներկայացուցիչները այդ թվերը համարում էին ծիծաղելի, փաստելով, որ քաղաքի ծայրամասերում կանաչապատման հաշվին արված շինարարությունը կենտրոն համայնքի համեմատությամբ միայն մի տոկոսն է կազմում: Հ/կ-ների ներկայացուցիչների այն հարցին՝ «եթե կառուցապատումները կանաչապատման ենթակա տարածքներում են, ինչո՞ւ դրանք չեք վերացնում եւ այդ տարածքները եւս ընդգրկում հատակագծում», նախարարը պատասխանեց. «Մի մոռացեք, որ կառուցապատողները ՀՀ քաղաքացիներ են եւ հետո՝ նախարարությունն այդ կառուցապատված տարածքները չի կարող ֆիքսել, որ ապօրինի շինարարության տեղը անտառային գոտի է, բա որ հետագայում այդ շենքերը չքանդե՞ն»: Նախարարի ասածները «ծաղկեցրեց» Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը. «Կառուցապատված տարածքները հատակագծում չընդգրկելը դեռ չի նշանակում, որ դրանք որպես կանաչ գոտի վերացվում են: Դրանք կփոխարինվեն մեկ այլ կանաչ տարածքներով, օրինակ՝ կառուցապատողների տնամերձ հողամասերով»: «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանի համոզմամբ էլ Երեւանը կանգնած է «էկոլոգիական ճգնաժամի առաջ: Կանաչ տարածքների խիստ կրճատման հետեւանքով քաղաքի փոշին եւ աղտոտվածությունն ավելացել է: Այս կամ այն օբյեկտի շուրջը փոքր տարածքով գազոնապատելը հարցի լուծում չէ, քաղաքին պակասում է ուղղահայաց կանաչապատումը: Այն քաղաքաշինական գործընթացը, որը տեղի է ունենում մեր քաղաքում՝ ուղղակի վտանգում է Երեւանի գոյությունը»: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել