Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սովորական» խախտումներ էներգետիկ շուկայում

Նոյեմբեր 26,2005 00:00

«Սովորական» խախտումներ էներգետիկ շուկայում «Գազային» ՍՊԸ-ները գործում են առանց լիցենզիաների Ըստ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության տեղեկատվության՝ Երեւանում գազիֆիկացված 591 շենքերում եւ 3108 առանձնատներում կատարված ստուգումների արդյունքում արձանագրվել է 3600 խախտում: 1118-ի դեպքում ծխատարը բարձրացված չի եղել տանիքի ծածկից անհրաժեշտ բարձրության վրա, 700 ծխատար միացված է եղել օդատարին, 527 օդատար փակված է եղել, 747 դեպքում գազի խողովակները մոնտաժված են եղել էլեկտրական մալուխին եւ էլեկտրական վահանակներին: «Մոդայիկ» խախտումներն ավելի տարածված են եղել մարզերում, որտեղ հայտնաբերվել էր 5821 դեպք, երբ ծխատարը միացված է եղել օդատարին, 11486 դեպքում բնակարանում օգտագործվել է ինքնաշեն վառարան, 6342 դեպքում գազասարքի միացման ռետինե խողովակը ամրացված չի եղել սեղմակներով: Պաշտոնական տվյալների համաձայն, միայն վերջին 5 տարիների ընթացքում գազի վթարների հետեւանքով զոհվել է 46 մարդ, 43-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կոմից գլխավոր դատախազությանը ներկայացված տվյալների՝ 23 դժբախտ դեպքերից 22-ը տեղի է ունեցել բաժանորդների կողմից գազից անվտանգ օգտվելու կանոնների խախտման հետեւանքով: Կա՞ այս ոլորտում միասնական պետական վերահսկողություն, արդյո՞ք խախտման դեպքում պատասխանատվության են ենթարկվում այդ ոլորտը վերահսկող մարմինները: Ըստ գլխավոր դատախազության վերջերս կատարած ուսումնասիրությունների՝ նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքները անարդյունավետ են եղել: Իսկ վերլուծությունները ցույց են տվել, որ իր բացասական ազդեցությունն է թողել «Էներգատեխհսկողության» պետական մարմնի լուծարումը, որն էլ իրականացնում էր վարչական պատասխանատվություն: Ինչպես գիտեք՝ էներգետիկ շուկայում գոյություն ունեցող լիցենզավորող պետական մարմիններն են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնը: Միայն հանձնաժողովի կողմից 2003-05թթ. տրվել է 64 լիցենզիա: Ըստ գլխավոր դատախազության՝ ուժը կորցրած են ճանաչվել «Բազենք» ՓԲԸ-ի, «Սամվել Շահինյան» ՍՊԸ-ի եւ «Անի» ԲԲԸ-ի կողմից փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիաները, իսկ նշված կազմակերպություններից բյուջե է փոխանցվել համապատասխանաբար 4 մլն, 2 մլն եւ 3 մլն դրամ գումար: Չնայած, ըստ օրենքի, պետական տուրքի վճարումը լիցենզիան կասեցնելու հիմք է եւ արձանագրվել է նմանօրինակ 26 դեպք, սակայն հանձնաժողովի կողմից լիցենզիաների կասեցման վերաբերյալ որոշումներ չէին կայացվել: Դատախազության ուսումնասիրության արդյունքներով նշվում էին այդ կազմակերպությունների անունները՝ «Շինարար» ԱԿ, «Նարեկ ԼԿ» ՍՊԸ, «Հակոբջանյան եւ Գալստյան» ՍՊԸ, «Էներգիա» ՍՊԸ, «Լեռ եւ ջուր» ՍՊԸ, «Քյու-Հաշ» ՍՊԸ: Արձանագրվել էր նաեւ, որ հանձնաժողովի կողմից չեն տրվել էներգետիկ շուկային ծառայությունների մատուցման լիցենզիաներ, սակայն այս ոլորտում գործել են բազմաթիվ կազմակերպություններ: Իմիջիայլոց, լիցենզավորման մասին ՀՀ օրենքի համաձայն, ընկերության լիցենզիան համարվում է կասեցված՝ մասնագետների փոխվելու կամ մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում: Եղել են կազմակերպություններ, որոնք լիցենզիան ստացել են այլ կազմով, սակայն այդ մասին չեն տեղեկացրել լիցենզավորող մարմնին: Դրանց մեջ նշվել էին «Կոմոնա», «Մինստիլ», «Ասքո-գազ» ընկերությունները: Անդրադառնալով գազիֆիկացման ոլորտի թերություններին, բերվել էին Գյումրիի Անի թաղամասի ստուգումների արդյունքները, ըստ որի, խախտման մեջ նշվել էր, որ գազատար խողովակները ներկված եւ ամրացված չեն եղել պատերին: Այս երեւույթը բնորոշ է բազմաբնակարան շենքերին եւ հաճախ 9-րդ, 10-րդ հարկերից աթոռով «ալպինիստ-ներկարարներ» են իջեցնում՝ գազի խողովակները ներկելու համար (օրինակ, 5-րդ հարկի բնակչի գազի խողովակը ներկելու համար ներկարարը պահանջում է $20): Առանձին ուսումնասիրման նյութ էր դարձել բնական գազի մատակարարման պայմանագրի ոչ հստակ ձեւակերպումը եւ առաջարկվել է, որ պայմանագրում նշվի, թե «սեփականատերը պարտավորվում է ջեռուցման համար չօգտագործել այդ նպատակով չնախատեսված գազասարքավորումները»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել