Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄԱՍԻՍ-3»-ԻՆ

Նոյեմբեր 26,2005 00:00

«ՄԱՍԻՍ-3»-ԻՆ ՉԵՆ ՀԱՇՎԵԼ Կոոպերատիվների փոխհատուցման գործընթացն արդեն «ծնում» է բողոքներ Երկու շաբաթ առաջ կառավարությունն «ավետեց», որ 2006-ից սկսելու է փոխհատուցել 1987-91թթ. սկսված ու անավարտ մնացած կոոպերատիվ շենքերի կոոպերատորների գումարը՝ ներդրած 10 հազար ռուբլու դիմաց 3,7 հազար դոլարի համամասնությամբ: Սպասել, թե կառավարությունը փոխհատուցման չափը կորոշեր դոլարի՝ այն տարիների փոխարժեքով, երբ 1 դոլարն արժեր 76 կոպեկ՝ բացառվում է: «Պետությունը որպես պարտք՝ իր վրա է վերցրել այդ գումարի փոխհատուցումը, բայց այդ քայլը պետք է դիտարկել ոչ թե ներդրված գումարների լիարժեք փոխհատուցում, այլ պետության քաղաքացիների սոցիալական մի խնդրի լուծում»,- կառավարության որոշումը ներկայացնելիս ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ավագ խորհրդական Հայկ Դավթյանը: Ամեն դեպքում, շատերի համար արդեն կորսված համարվող գումարի թեկուզ եւ մասնակի վերականգնումը շուրջ 3000 կոոպերատոր-ընտանիքների համար ուրախալի լուր էր: Մեր բարձրացրած խնդիրն ավելի շատ բաշխման գործընթացին է վերաբերում: Ինչպես արդեն տեղեկացրինք, ֆինանսների նախարարությունը հաշվառումն սկսել է 1987թ. աշխատանքն սկսած կոոպերատիվ ընկերություններից: Այնինչ կոոպերատիվ հիմունքներով բնակելի շենքերի կառուցումն սկսվել է 1986-ից: Խմբագրությանը դիմած երեւանցի Ժենիկ Հովհաննիսյանը իր առաջին մուծումը կատարել է հենց այդ թվին՝ 5500 ռուբլի, ինչը կազմում էր ընդհանուր գումարի 60 տոկոսը: Նա աշխատել է «Մասիս» կոշիկի ֆիրմայի «Արաքս» ֆաբրիկայում՝ հաշվապահ: Նրա եւ իր գործընկերների ձեւավորած «Մասիս-3» կոոպերատիվ ընկերությունը կազմավորվել է 1985-ին: «Մեր ընտանիքը պետք է 2 սենյականոց բնակարան ստանար 16-րդ թաղամասում կառուցվող շենքից: Մինչեւ երկրաշարժը կառուցվեց մինչեւ երեք հարկը, այնուհետեւ աշխատանքը վերսկսվեց 92-ին ու կանգնեց: Ժամանակի ընթացքում թալանեցին եղած դուռ-լուսամուտները, աշտարակային կռունկը, իսկ մենք՝ թվով 120 ընտանիք, մինչ օրս գրավոր բողոքներով թակում ենք տարբեր ատյանների դռները եւ սպասում պատասխանի, թե ե՞րբ վերջապես կմտնենք մեր բնակարանները»,- ասաց Ժ. Հովհաննիսյանը: Պատասխաններ, իհարկե, ստացվել են՝ «ամեն մեկիս տանը մի թղթապանակ գրություն կա», բայց՝ ինչպիսի՞: Երեւանի քաղաքապետարանի «Շինարարություն, բարեկարգում» ՊՓԲԸ գործադիր տնօրեն Ա. Առստամյանը անցյալ տարի, օրինակ, գրել է. «Ձեր կոոպերատիվի 120 փայատերերից մուծումների անդորրագրեր ներկայացրել է 69-ը՝ 422500 ռուբլի գումարով, որն ավելի քիչ է, քան կառուցվածի արժեքը՝ 1192,2 հազար ռուբլի: Հետեւաբար ստացվել է, որ պետությունը պարտք չէ կոոպերատիվին: Անհրաժեշտ է, որ ձեր կոոպերատիվի նախագահը ներկայացնի մնացած 51 փայատերերի անդորրագրերի պատճենները, որպեսզի ֆինանսների նախարարությունը հաշվարկի փոխհատուցման գումարի չափը՝ այն արդեն 2007-ին վերադարձնելու համար»: Նախ՝ կոոպերատիվ ընկերությունները վաղուց լուծարվել են, եւ նրանց նախագահներին ու փաստաթղթերը գտնելը բարդ խնդիր է, ինչը հաշվի առնելով էլ բաշխման գործընթացի համար սահմանվել է յուրաքանչյուր կոոպերատորի հետ անհատական գործարք կնքելու կարգը: Ինչ վերաբերում է 2007-ին «Մասիս-3» ընկերության անդամներին սպասվելիք փոխհատուցմանը, ապա այստեղ էլ նրանց համար նախատեսված էր խոր հիասթափություն՝ կառավարության թարմ որոշումն իմանալու հաջորդ օրը նրանք շտապել են ֆինանսների նախարարություն եւ «պատուհանի աղջկանից» տեղեկացել, որ փոխհատուցման իրենց հերթը կհասնի 2010 թվականին: «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 87-ից 91-ը վճարում կատարածները պետք է հիմա ստանան, իսկ մենք, որ ավելի շուտ ենք ներդրում արել, եւ մեր գոյության մասին մշտապես տեղեկացրել նախարարությանը՝ պետք է սպասենք 2010 թվականին»,- այս բողոքին «պատուհանի աղջիկը» չի կարողացել պատասխանել, բայց կարողացել է խստիվ արգելել կոոպերատորներին՝ գնալ ներս եւ հանդիպել համապատասխան մեկի հետ, ով իրենց կբացատրի թյուրիմացությունը: «Հերիք չի, որ երեխեքի բերանից կտրելով գումար հավաքեցինք ու երազանքով տվինք մի բանի, որը չստացանք, հիմա էլ տվածներիս 30 տոկոսը պիտի հետ տան, այն էլ՝ բոլորից հետո, երբ այդ գումարն էլ կփոշիանա, կդառնա երկու կոպեկ փող»,- այս դժգոհությունն արդեն խմբագրությունում հայտնեց տիկին Ժենյան: Նա նաեւ իր անունից խոստացավ՝ «եթե իմ տարիների քրտինքն ու սպասումը չփոխհատուցվի առաջին փուլում, այն էլ՝ 1 ռուբլու դիմաց 1 դոլարով, ես ինձ կվառեմ հրապարակի մեջտեղում»: Խնդրի առնչությամբ երեկ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից խոստացան ուսումնասիրել եւ պատասխան տալ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել