Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՄ

Նոյեմբեր 26,2005 00:00

«ԻՄ ՄԱՀՎԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵՔ «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ» Հին հունական կամ նոր հայկական ողբերգություն՝ ըստ «ԱրմենՏելի» «ԱրմենՏելի» շուրջ ու վերաբերյալ կատակերգական, դրամատիկ ու ողբերգական պատմությունները Հայաստանում գնալով նորանոր դրսեւորումներ են ընդունում։ Մի ժամանակ դրանք տնային հեռախոս քաշելու համար կաշառակերությանն էին վերաբերում, այնուհետեւ՝ րոպեավճարներին ու սակագներին, հետո «կենացներն ավելի թանկացան»՝ ներառելով բջջային ու ինտերնետ կապի որակն ու գները: Ամբողջ աշխարհում վճարում են այնքան, որքան խոսում են, մեզ մոտ ստիպում են վճարել նույնիսկ չխոսելու համար: Օգոստոսին «ԱրմենՏելը» մեզ ներկայացրեց 40 հազար 551 դրամի պարտք։ Մենք, համոզված լինելով, որ դա սխալմունք է՝ դիմեցինք ընկերությանը, խնդրեցինք վերանայել ցուցմունքը՝ հավաստիացնելով, որ ամսավճարները բարեխիղճ մուծում ենք, նույնիսկ աբոնենտային րոպեները երբեք չենք գերազանցում, իսկ ինտերնետ կապն օգտագործում ենք օրական 5-10 րոպե միայն՝ էլեկտրոնային փոստը ստուգելու համար։ Սակայն «ԱրմենՏելը» ոչ միայն չվերանայեց իր սխալը, այլ հոկտեմբեր ամսվա համար մեզանից պահանջեց արդեն 347 հազար 243 դրամ՝ մեր բողոքին ի պատասխան «բացատրելով», որ հեռախոսակապը տեղի է ունեցել մեր համակարգչի մոդեմի միջոցով՝ հեռախոսահամարի ավտոմատ հավաքմամբ։ Ստացվում է, որ ես ամեն վայրկյանը խնայելով արագ ստուգում եմ իմ էլփոստը, ինտերնետից դուրս գալիս, բայց, ինձանից անկախ, դրան հետեւում է հեռախոսակապի միացում՝ ով գիտե ինչ հակերական ծրագրերով, որի համար փոխանակ անորակ հեռախոսակապ մատուցող «ԱրմենՏելը» պատասխան տա, ինձ մոտ 1000 դոլարի «հաշիվ» է ներկայացնում։ Այն, որ մենք իսկապես մի քանի րոպե ենք միայն ինտերնետից օգտվում, հաստատում է նաեւ «web» ծառայության տրամադրած տեղեկատվությունը: Բայց մեր տնային հեռախոսահամարի տվյալները «Ցե-ԷՌ-Ու»-ի ագենտի «դավթար» են հիշեցնում։ Ընդսմին, մենք մեկ ամսվա մեջ 26 տարբեր համարներով «զանգահարել» ենք Ավստրիա, 12 տարբեր համարներով՝ Արեւելյան Թիմոր եւ 6 տարբեր համարներով՝ Մեծ Բրիտանիա, այն էլ՝ օրական 6, 9, 10 անգամ։ Եթե որեւէ մեկը գիտի Արեւելյան Թիմորի տեղը, խնդրում եմ, ինձ էլ ասի, որ գոնե իմանամ՝ ամեն օր այդքան ո՞ւր եմ «զանգում»: Այսպես որ գնա, մեկ էլ տեսար որեւէ հարուստ երկրի ազգային անվտանգություն ինձ կմեղադրի Արեւելյան Թիմորում քաղաքական ահաբեկչություն կամ հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Էս «արմենտելյան» պատմությունից հետո ամեն ինչի կարելի է հավատալ։ Կասկածում եմ նաեւ, որ հենց «ԱրմենՏելն» է համակարգչային այս ահաբեկության պատվիրատուն։ Բանական ցանկացած մարդ ինտերնետային ու հեռախոսային տվյալներին մի թռուցիկ հայացք անգամ նետելով կհասկանա դրա անհեթեթությունը, իսկ «ԱրմենՏելի» աշխատակիցներն ու տնօրինությունը ոչ միայն չեն ուզում ներողություն խնդրել եւ փոխհատուցում տալ այս օրերին մեզ պատճառած բարոյական վնասի համար, այլեւ շարունակում են ամսեամիս «պարտքային թվեր կրակել»։ Ի վերջո, բողոքի դեպքում «ԱրմենՏելը» կարող էր ստուգել Արեւելյան Թիմորի հետ իմ հեռախոսակապի իսկությունը, ինչը չարեց: Եթե շատ պնդեմ՝ կարող են «հունական տրյուկներով» դատարան հայց ներկայացնել՝ իրենց աշխատանքային գրաֆիկը խախտելու, անհանգստություն պատճառելու, պարտքը չվերադարձնելու ու էլի ինչ-ինչ «հանցագործությունների» համար: ՀՀ քաղաքացին «ԱրմենՏելից» պաշտպանված չէ. «կոմպյուտերը գրանցել է՝ պիտի վճարես»: Բայց եթե այսպես շարունակվի, ես, «ԱրմենՏելից» առաջ ընկնելով, ինքս եմ դիմելու դատարան՝ սպառողի իմ իրավունքը ոտնահարելու, անհիմն պարտքի, ինձ եւ իմ ընտանիքին հասցված բարոյական վնասի ու հեռախոսի անջատված լինելու պատճառով իմ կրած տնտեսական վնասը փոխհատուցելու պահանջով: Ի վերջո, հարց է առաջանում. Հայաստանում ծառայություն մատուցո՞ղն է պատասխանատու դրա որակի կամ խափանման համար, թե՞ ծառայությունից օգտվողը։ ՀԵՐԻՔՆԱԶ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանը վերջերս Ազգային ժողովի խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ իր նախաձեռնությամբ պատրաստվում է դիմել դատախազություն ու քրեական գործ հարուցել «ԱրմենՏելի» դեմ՝ քաղաքացիներին մատուցած «ինտերնետային սյուրպրիզների» համար: Հերիքնազ Հարությունյանն ընդամենը մեկն է այն քաղաքացիներից, ովքեր հունական ընկերությանը «պարտք» են, ուստի, եթե Սադոյանն իսկապես ձեռնամուխ լինի իր խոստմանը, դատախազությունն առաջիկա 1-2 տարում հազիվ թե հասցնի «ԱրմենՏելի» դեմ բոլոր քաղաքացիների գործերը քննել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել