Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճանաչման

Նոյեմբեր 26,2005 00:00

Ճանաչման խորհուրդը Վերջին մի քանի տարիները ԼՂ հակամարտության կարգավորման առումով բնութագրվել են միջազգային հանրության՝ խնդրի լուծմամբ շահագրգիռ հատվածին ժամանակ առ ժամանակ շանտաժի ենթարկելու փորձերով: Փոփոխական հաջողություններով ուղեկցվող այդ փորձերը, ընդ որում, արվում են հակամարտության բոլոր կողմերից եւ, վերլուծաբանների մի հոծ զանգվածի համոզմամբ, հետապնդում են բացառապես իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակ: Ու թեեւ այս համատեքստում քաղաքական շանտաժի «լավագույն» նմուշները մինչ այժմ ցուցադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ռազմական գործողությունները «հարկ եղած դեպքում» վերսկսելուն վերաբերող իր բազմաթիվ ելույթ-սպառնալիքներով, պետք է փաստել, որ Ռոբերտ Քոչարյանը եւս ամենաետին դիրքերում չէ: «Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ, սլովենական Delo թերթում նախօրեին հրապարակված հարցազրույցում Քոչարյանը հայտարարել է. «Եթե բանակցությունները սպառեն իրենց՝ չտալով որեւէ արդյունք, ես չեմ բացառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Հայաստանի կողմից կամ ԼՂՀ վերամիավորումը Հայաստանի հետ»: Ընդսմին, Քոչարյանը նաեւ նշել է, թե Հայաստանի կողմից ԼՂՀ փաստացի ճանաչումը տեղի է ունեցել վաղուց. ԼՂՀ-ն օգտագործում է հայկական դրամը, գործում է միասնական մաքսային գոտի եւ այլն: Մի խոսքով՝ «ընթանում է լուրջ ինտեգրացիոն գործընթաց, եւ Հայաստանի ու ԼՂՀ հարաբերությունները կարելի է բնութագրել իբրեւ անհամաչափ համադաշնություն»: Չփորձելով խորամուխ լինել Ռոբերտ Քոչարյանի այս արձանագրումների պատճառահետեւանքային նրբերանգների մեջ (հայաստանյան ականավոր եթերային մեկնաբանները հաճույքով դա կանեն բոլորիս փոխարեն), միայն նկատել տանք, որ ԼՂՀ-ն ճանաչելու՝ Երեւանի հաթաթաները դույզն-ինչ չեն նպաստելու կարգավորմանը, էլ չենք ասում, որ հսկայական վնաս են հասցնելու հայկական կողմի դիրքերին: Ընդ որում, ամենեւին ավելորդ չէ նշելը, որ եթե Ալիեւի սպառնալիքների մեջ դեռ էլի ինչ-որ տեսական, տրամաբանական հենք կա՝ նկատի առնելով Ադրբեջանի տնտեսական անհամեմատ հզոր պոտենցիալն ու իրավական առումով աշխարհի կողմից առավել նպաստավոր ընկալվելու հանգամանքը, ապա Հայաստանի պարագայում ԼՂՀ-ն ճանաչելու սպառնալիքը թե բովանդակային, թե մարտավարական տեսակետներից ծայրահեղ անհեթեթ է: Լավ, ենթադրենք ճանաչեցիր, իսկ հետո՞, ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ միջոցներով է գրեթե բոլոր առումներով թույլ Հայաստանն այդուհետեւ տեր կանգնելու այդ ճանաչմանն ու դիմագրավելու դրան հաջորդելիք միջազգային հզոր ճնշումներին: Դժվար է մտածելը, թե Քոչարյանը չի գիտակցում այս պարզ ճշմարտությունը: Ուստի կարելի է ենթադրել, որ հիշյալ հայտարարությունն ընդամենը որոշակի նպատակով ու որոշակի հասցեով ուղարկված ազդանշան է: Իսկ թե ո՞րն է դրա իրական ենթատեքստը, թերեւս պարզ կդառնա առաջիկա 1-2 ամիսներին: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել