Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորմալ

Նոյեմբեր 26,2005 00:00

Նորմալ պետության նորմալ հայտարարություն Օրերս «Ազատություն» ռ/կ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, «Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել ԱՄՆ-ի քաղաքացիներին հեռու մնալ նոյեմբերի 27-ի Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Երեւանում կայանալիք ցույցերից, քանի որ դրանք կարող են ուղեկցվել բռնություններով»: Ըստ աղբյուրի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած՝ ՀՀ-ում գտնվող ամերիկացիներին ուղղված ուղերձում մասնավորապես ասված է. «Ցույցերի չափերը եւ տրամադրությունները անկանխատեսելի են, ուստի Միացյալ Նահանգների դեսպանությունը հորդորում է ԱՄՆ-ի քաղաքացիներին խուսափել ցույցերի ժամանակ դրանց տարածքում գտնվելուց: Նույնիսկ խաղաղ ցույցերը կարող են վերածվել առճակատման եւ ուղեկցվել բռնություններով»: Հայաստանում աճող քաղաքական առճակատման վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունը արտահայտող կոչում հիշատակված են ընդդիմության կողմից հինգշաբթի եւ ուրբաթ օրը հրավիրվելիք ցույցերը: «Հաշվի առեք նաեւ, որ ցույցերը կարող են ազդել մոտակա փողոցների երթեւեկության վրա: Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն նաեւ, որ մինչեւ շաբաթավերջ կարող են լինել նոր ցույցեր»,- նշել է ԱՄՆ-ի դեսպանությունը: «Դա ցանկացած նորմալ պետության կողմից արված նորմալ հայտարարություն է: ԱՄՆ-ը մտածում է իր քաղաքացիների մասին, որոնք հայտնվել են մեր տիպի՝ զինվորաոստիկանական պետության տարածքում: Նրանք գիտեն, որ այս տիպի երկրներում իշխանությունները պատրաստ են դիմելու ցանկացած քայլի, ու ինչո՞ւ այդ դեպքում իրենց քաղաքացիները պետք է դառնան նրանց «զոհը»: ԱՄՆ-ը հասկացել է, որ իր քաղաքացիները Հայաստանում այդ օրերին կարող են հանկարծակի հայտնվել «թեժ գոտում» ու ծեծի ենթարկվել, որից հետո իշխանությունները կասեն, թե իրենք չեն իմացել, որ դրանք արտասահմանցիներ են: Եղել են, չէ՞, դեպքեր, երբ ոստիկանները ծեծել են լրագրողներին, հետո ասել, թե չգիտեին, որ լրագրող են, որովհետեւ նրանց վրա դա գրված չի եղել՝ «լրագրող»,- կարծիք հայտնեց Միջազգային հելսինկյան ընկերակցության Հայաստանի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը ու հիշեցրեց, որ ԱՄՆ-ը համանման ուղերձներով դիմում էր նաեւ ռազմական գործողությունների գոտիներում գտնվող իր քաղաքացիներին: Նա կարծիք հայտնեց, թե այդ հայտարարությունը նաեւ մեր ժողովրդին դիմելու մի ձեւ էր՝ հասկացնելու համար, որ եթե դուրս եք եկել պայքարելու, պատրաստ եղեք, որ ընդդիմության շարժումը կասեցնելու համար իշխանությունները կարող են դիմել ուժային մեթոդների: Իրավապաշտպանը միաժամանակ համամիտ չէր այն մեկնաբանությունների հետ, թե ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան այդ հայտարարությունը խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառման «դաբրո» է ՀՀ իշխանությունների համար. «Ես չեմ հավատում, որ ԱՄՆ դեսպանատունը «դաբրո» տար ժողովրդի դեմ ուժ գործադրելուն: Պարզապես չեմ հավատում»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել