Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒՌՃԱՑՎԱԾ

Նոյեմբեր 26,2005 00:00

ՈՒՌՃԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԵՐ Դատարանները դրանք հանդուրժում են «Իմ ձեռքի տակ եղած տվյալների համաձայն, «Ընտրական օրենսգրքի» 15 հոդվածի 6-րդ կետի պահանջների խախտմամբ ավելի քան 2000 ընտրող ունեցող ընտրատեղամասերի թիվը ՀՀ տարածքում մի քանի տասնյակ է, եւ դրա պատասխանատուն ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունն է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Երեկ նա այդ փաստերի առնչությամբ քաղաքացիական հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության գործողությունները եւ պարտադրել նրան ընտրացուցակները, ինչպես ԱԺ նախագահը կասեր՝ «քրիստոնեական տեսքի» բերել: Ա. Զեյնալյանի այս մի հայցադիմումին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը, ի դեմս դատավոր Ռուբեն Ներսիսյանի, արագ էր արձագանքել: Երեկ դատարանի կայացրած վճռով դիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության՝ օրենքներին հակասող գործողությունների (անգործության) դեմ մերժվել է: Այդպիսի վճռի համար հիմք է ընդունվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի պահանջը՝ «գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների եւ առարկությունների հիմքում ընկած հանգամանքները»: Իսկ տվյալ դեպքում դիմողը նման որեւէ ապացույց չի ներկայացրել: Փոխարենը պատասխանող կողմ հանդիսացող սույն վարչությունը դատարանին գրավոր հայտնել է, որ դիտորդի դիմումում ներկայացված թվերը մտացածին են եւ չեն համապատասխանում նշված ընտրատեղամասերում ընդգրկված ընտրողների թվին: Ըստ այդմ, վարչությունը ներկայացրել է դիմումատուի նշած տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ ըստ ընտրացուցակների վերջնական տարբերակի, որոնք թվով 37-ն են եւ համապատասխանում են օրենքի պահանջներին: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ Ա. Զեյնալյանի ձեռքի տակ եղած ընտրացուցակները, որտեղ, հակառակ օրենքի պահանջի, ընդգրկված են եղել ավելի քան 2000 ընտրողներ, ստացվել են ԿԸՀ-ից՝ հայցը ներկայացնելուց օր առաջ: Իհարկե, ՀՀ ոստիկանության համապատասխան վարչության ներկայացրած թվերի հավաստիությունը վիճարկելու խնդիր առայժմ չկա, որովհետեւ փաստացի այս պահին դրա դեմ ոչ ոք ոչինչ ապրիորի ասել չի կարող, այդուհանդերձ, ընդդիմությունը լուրջ կասկածներ ունի, որ ընտրական տեղամասերին փոխանցված ընտրացուցակները, որոնցով աշխատելու են ընտրական հանձնաժողովների անդամները, եւ տեղամասային կենտրոններում փակցված ընտրացուցակները միանգամայն տարբեր են: Ավելի պարզ ասած, հանձնաժողովներին տրվել են այն ցուցակները, որտեղ ընտրողների թիվը ավելի քան 2000 է, եւ նրանք այդ թվերի հետ կարող են մանիպուլյացիաներ անել, իսկ պատերին փակցված ցուցակները համապատասխանում են օրենքի պահանջներին: Հիշեցնենք, որ այդպիսի դեպքեր գրանցվել էին վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Երեկ ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասաց, թե ինքը այդ հարցի շուրջ զրուցել է ԿԸՀ նախագահի հետ, ու վերջինս հավաստիացրել է, թե այն ցուցակները, որոնք եղել են նախկինում, ճշգրտվել են եւ վերջնական տեսքի բերվել, արդեն փակցված են տեղամասերում ու համապատասխանում են օրենքի պահանջին: Թե որքանով են համապատասխանում, ըստ Ֆ. Խաչատրյանի, շահագրգիռները կարող են ճշտել քվեարկության օրը, երբ համեմատեն հանձնաժողովականների մոտ եղած ու պատերին փակցված ընտրացուցակները: Իսկ Ա. Զեյնալյանի երկրորդ հայցը, որով նա դիմել է Երեւանի մի շարք համայնքների դատարաններին, վերաբերում է «ԸՕ»-ի հոդված 16-ի 1-ին կետի պահանջների խախտման փաստերին: Իսկ հիշյալ օրենքը պարտավորեցնում է տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց համայնքների ընտրական տեղամասում կազմավորել տեղամասային կենտրոն՝ եզակի թվով: «Այսինքն՝ տեղամասային կենտրոնը ընտրական տեղամասում կարող է լինել մեկը եւ չի կարող լինել երկուսը եւ ավելին, կամ՝ մի քանի ընտրական տեղամասեր չեն կարող գտնվել մեկ ընտրական տեղամասի կենտրոնում: Իրականում, սակայն, այդպիսիք կան, օրինակ՝ Վանաձորում եւ Գյումրիում, Երեւանի բոլոր համայնքներում, բացառությամբ Քանաքեռ-Զեյթունի եւ Նուբարաշենի»: Ընդ որում, Ա. Զեյնալյանի մատնանշած համայնքներում կան տեղամասային կենտրոններ, որտեղ տեղակայված են միանգամից երեք ընտրական տեղամասեր: Դրա համար պատասխանատուները կոնկրետ համայնքների ղեկավարներն են, եւ նրանք էլ՝ «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» գլուխ 24-ում ամրագրված՝ ընտրական իրավունքի վերականգնմանը վերաբերող դրույթների համաձայն, պետք է իրենց համայնքների դատարաններում հանդես գան որպես պատասխանող կողմ: Այս հայցի «ճակատագիրը» երեկ դեռ անհայտ էր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել