Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՐՋԻԵՎՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Նոյեմբեր 26,2005 00:00

Երեկ
Գիտությունների ազգային ակադեմիայում «Գուրջիեւա» միջազգային բարեգործական հ/կ-ն
եւ ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել էին գիտաժողով՝ նվիրված փիլիսոփա, հոգեբան
եւ մեծ մտածող Գեորգի Գուրջիեւին: Նրա ծննդյան 125-ամյակի կապացությամբ «Գուրջիեւա»
հ/կ-ի կողմից 2005 թվականը հայտարարվել է Գուրջիեւյան տարի: Ողջ տարվա ընթացքում
կազմակերպվել են սեմինարներ, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, գիտական ընթերցումներ,
հիմնվել են Գուրջիեւի կենտրոնը՝ Օհանավանում, իսկ կազմակերպության մասնաճյուղերը՝
Գյումրիում, Վանաձորում եւ Մոսկվայում: Երեկ ԳԱԱ-ում կազմակերպված «Գուրջիեւն
ու նրա ուսմունքը» հոբելյանական գիտաժողովը գուրջիեւյան տարվա ամփոփիչ միջոցառումն
էր: Ակադեմիկոս Արտեմ Սարգսյանը նշեց, որ Գուրջիեւը այն հզոր դեմքերից է, որը մեր
ազգին մեծ հպարտություն կարող է բերել. «Ինձ համար Գուրջիեւը բացառիկ է հատկապես
լեզվաբանական իր դիտարկումներով»: ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը փաստեց,
որ Մոսկվայում, որտեղ օր օրի զարգանում է գրքի շուկան, մեծ գրախանութների կողքին
ստեղծվել է մի ամենօրյա շուկա՝ Ազգային օլիմպիական մարզադաշտի նստարանների տակ: «Այս
շուկայում մի ամբողջ բաժին նվիրված էր միայն Գուրջիեւին: Այնտեղ վաճառվում են ոչ
միայն նրա ստեղծագործությունները, այլեւ նյութեր նրա մասին»,- ասաց պրն Վիրաբյանը:
Նա ավելացրեց, որ այս գրքերից ստացված եկամուտով վաճառողը նույնիսկ հասցրել է տուն,
այժմ էլ պատրաստվում է արտասահմանյան մեքենա գնել: Գուրջիեւյան տարվա կապակցությամբ
երեկ «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Սուսաննա Մկրտչյանի «Գյումրի, իմ սեր» գրաֆիկական
աշխատանքների ցուցահանդեսը (հիշեցնենք, որ կիսով չափ հայ, կիսով չափ հույն Գյուրջիեւը
ծնվել է Գյումրիում, նա խոսում էր նաեւ Գյումրիի բարբառով- Լ. Օ.): Ավելի ուշ ցուցադրվեց
Լոնդոնի Գյուրջիեւյան ասոցիացիայի պատվերով նկարահանված մեծ մտածողի կյանքին նվիրված
«Ճշմարտության որոնողները» ֆիլմը: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել