Ազատամարտիկի այրին օգնություն է խնդրում
Կարեն Լեւոնի Առոջանյանը թողնելով 4 անչափահաս երեխաներին, առաջին իսկ օրից եղել է արցախյան շարժման կամավոր։ Ընկերները տեսնելով նրա ճիշտ կողմնորոշվելու ընդունակությունը, խիզախությունը, «Արջ» մականունով կնքեցին Կարենին։ Մասնակցել է պատերազմի ամենաթեժ դիրքերում՝ Քարինտակ, Շուշի, Մարտակերտ եւ այլն։ Չանախչի գյուղի ինքնապաշտպանական մարտերից մեկում 18 զինվորների հետ զոհվում է նաեւ Կարեն Առոջանյանը։
Զոհվածի այրի Մարիամ Մանուկյանը 1995 թվականին դիմելով համապատասխան մարմիններին՝ իրավունք է ձեռք բերում զբաղվել մանր բիզնեսով, մի փոքր կրպակ տեղադրել Նորքի 7-րդ զանգվածի 52 շենքի բակում։ Հույս ունենալով, որ դրանով կարող է հոգալ իր 4 անչափահաս երեխաների կարիքը։ Սակայն, ըստ Մարիամի, «1998 թվականի մարտ ամսին կրպակի պատը քանդել են եւ 173 հազար դրամի ապրանք են գողացել։ Դիմել եմ Նոր Նորքի միլիցիայի բաժին։ Եկել, չափումներ են արել, մատնահետքեր վերցրել եւ դրանով վերջացրել, ավարտած համարել իրենց գործը։ Մեկուկես տարի հետո, երկրորդ անգամ, դուռը ջարդելով մտնում են կրպակ եւ այս անգամ տանում ամբողջ ապրանքը՝ մոտ 300 000 դրամ արժողությամբ»։
Դրանից հետո Մ. Մանուկյանը երկու տարի կրպակը չի աշխատեցրել։ Այդ ընթացքում է դիմել հարկային տեսչություն, որպեսզի լուծարեն կրպակը, «սակայն ինչ-որ չնչին գումար եմ պարտք եղել, այդ պատճառով դիմումը հաշվի չեն առել։ Այս ամենի մասին մեզ տեղյակ չեն պահել, միայն երկու տարի հետո պարզվում է, որ մոտ 150 000 դրամի տույժ է գումարվել։ Ինչ արած, մի կերպ մուծեցի այդ գումարը։ Հիմա էլ պարզվում է, որ 1999-ից մինչեւ 2003 թվականը կենսաթոշակային ֆոնդ չենք մուծել եւ այդ պարտքն էլ կազմում է 120.000 դրամ։ Աշխատողը եղել եմ միայն ես, այսինքն եւ վաճառող, եւ հաշվապահ, եւ տնօրեն։ Աշխատելուս ընթացքում ոչ մի անգամ կենսաթոշակային ֆոնդն ինձնից հարկ չի ուզել։ Ես էլ մտածել եմ՝ երեւի թե զգացել են, որ զոհվածի այրի եմ եւ խնամքիս տակ ունեմ չորս երեխա»։
Հուսահատ կինը դիմել է տարբեր ատյաններ՝ հարկային տեսչության պետին, վարչապետին, ԱԺ նախագահին, անգամ երկրի նախագահին, որպեսզի հաշվի առնեն իր կարգավիճակը որպես զոհվածի այրի եւ որոշ զիջումներ անեն։ Սակայն ոչ մի պատասխան չի ստացել։ Վերջերս նրան խորհուրդ տվեցին դիմել ԵԿՄ վարչության նախագահին, գեներալ-լեյտենանտ Մ. Գրիգորյանին։ Ինչպես ասաց տիկին Մարիամը՝ վերջին հույսն է սա։ «Այլեւս ի վիճակի չեմ ոչ մի դրամ մուծելու, քանի որ ունեմ 4 աղջիկ երեխա, որից 2-ը սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունում, 2-ը դպրոցական են, էլ չեմ կարողանում։ Այդ կրպակը, բառիս բուն իմաստով, մեզ կերավ։ Հիմա դիմում եմ Ձեզ՝ խնդրելով մի ճար գտնեք այս վիճակից դուրս գալու համար»։
ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ