Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐՈՂՆԵՐԸ

Նոյեմբեր 26,2005 00:00

ՍԴ-ին հասցեագրված նամակների մեջ կար նաեւ Բուշին
ուղղված ուղերձ Գործող Հիմնական օրենքով՝ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտներն
են հանրապետության նախագահը, կառավարությունը, պատգամավորների առնվազն 1/3-ը: Չնայած
ՍԴ չեն կարող դիմել ՀՀ շարքային քաղաքացիները՝ քննության դնելու որեւէ օրենքի, ԱԺ,
կառավարության որոշումների, նախագահի հրամանագրերի՝ սահմանադրությանը համապատասխանության
հարցով, սակայն միայն 2005 թվականին, մինչեւ նոյեմբերի 10-ն ընկած ժամանակաշրջանում,
ՍԴ-ն ստացել էր 78 նամակ: Նամակագիրներից 3-ը դատապարտյալներ էին, 2-ը՝ հասարակական
կազմակերպությունների նախագահներ, 2-ը՝ այլազգի, 3-ը՝ ազատամարտիկ: 78 նամակից 40-ը
մարզերից էր: «Առավոտի» այն հարցին, թե ինչպես է նամակների հետ աշխատանք տարվում,
ՍԴ նամակների բաժնի պատասխանատու Ժաննա Միլիտոնյանը տեղեկացրեց, որ այն մուտքագրվում
է եւ նույն օրը ներկայացվում ՍԴ աշխատակազմի ղեկավարին, որը ծանոթանալուց հետո իր
հերթին փոխանցում է ՍԴ նախագահին, ապա նամակն ուղարկվում է ըստ պատկանելության: Ժ.
Միլիտոնյանը տեղեկացրեց նաեւ, որ անգամ Սահմանադրական դատարան են դիմում կենցաղային
խնդիրներով, մասնավորապես՝ թե ինչպես ամուսնու մահից հետո սկեսուրը զրկեց հարսին
բնակարանից: Դիմում են նյութական օգնություն տալու խնդրանքով եւ այլն: ՍԴ ուղարկված
նամակների մեջ առանձնացրինք առավել ուշագրավները: Պատուհանդ բաց արա Փափազյան
17 շենքի 20 բնակարանի բնակիչ, Հայրենական պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ Սպարտակ
Գալստյանը ՍԴ էր դիմել՝ բողոքելով, որ իրենց շենքի առաջին մուտքի 5-րդ բնակարանի
բնակիչը իր ննջասենյակի 13 քմ տարածքից դեպի փողոց դուռ է բացել. «Հարթակ եւ աստիճաններ
են գցվել մինչեւ պատուհան: Ընկել է ննջասենյակի տեսքը եւ լայն հնարավորություն է
տրվել հարեւանին՝ տեսնելու իրենց, ինչպես իրենք տեսնում են մեզ»: Քանաքեռ
2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 22 տան բնակիչ Արամ Արմաղանյանը 31 էջից բաղկացած առաջարկներ
է ուղարկել սահմանադրական բարեփոխումների մասին: Նա առաջարկում էր ստեղծել «Իրավաբանի
կենտրոն»՝ թղթակիցներից, փաստաբաններից կազմված եւ նրանց շահույթի հարկի գանձումների
5%-ը փոխանցել Համաշխարհային բանկի «Նոյի ոսկեդար» հաշվեհամարին: Արմաղանյանը ՍԴ
էր ուղարկել նաեւ «Կռունկ» 2000թ. հայ էստրադային երգի փառատոնին մասնակցելու պատվոգիրը,
ինչպես նաեւ Յու. Երզնկյանի դիմումը Ռոբերտ Ամիրխանյանին, որպեսզի ուշադրություն
դարձնի Արմաղանյանի ստեղծագործություններին: Կից փաստաթղթերի մեջ կար նաեւ ուղերձ
ԱՄՆ-ի «առաջին ընտրյալ» նախագահ Ջորջ Բուշին: Ուժն է ծնում շինարարություն
ՍԴ էին դիմել Բաղրամյան 6, Իսահակյան 46 շենքերի բնակիչները հետեւյալ նախաբանով.
«Սահմանադրական բարեփոխումներին հետեւելով, ակամայից կասկածում ենք, որ այս երկրի
քաղաքացիներ ենք, որ այս երկրում երբեւէ եղել է սահմանադրություն: Սեփական ժողովրդի
ձեռքով տնկած, փայփայված այգին գազանաբար ջնջելով, ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն
Մկրտչյանի հորեղբոր տղան՝ Ա. Մկրտչյանը, ՀՀ-ում գործող բոլոր օրենքները շրջանցելով,
իրականացնում է շինարարություն: Դատարանները պարտադրեցին քաղաքապետարանին՝ օրենքի
ուժ տալ քաղաքաշինության տգիտությանը»: ՍԴ-ն մերժել էր այս նամակը՝ հղում անելով
Սահմանադրության 100, 101 հոդվածներին, նշելով, որ նման լիազորություն ինքը չունի:
Թումանյան 21, 17 բնակարանի սեփականատեր, առաջին խմբի հաշմանդամ Ջիվան Հակոբյանը
(աշուղ Ջիվանու թոռը) գրել էր, որ ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցների կողմից
իր ընտանիքի նկատմամբ կատարվել են անօրինականություններ: 176 էջից բաղկացած դիմում-բողոքն
ուղարկվել է Ոստիկանության հետաքննչական բաժին: «Դատարանական թատերաբեմերում փաստաբան
կաշառատուները պատասխանատվության ենթակա չեն: Իմ ընտանիքին պատկանող բնակարանը աճուրդով
նվիրվեց հարեւանին: Գործի է դրվել ԴԱՀԿ-ն: Փողոցում հայտնվելու դեպքում՝ կատարվածի
ողջ պատասխանատվությունը դրվելու է իշխանությունների եւ ոստիկանների վրա»,- ասում
է նամակագիրը: Նա ՍԴ-ից խնդրում էր աճուրդի հեղինակներին քրեական պատասխանատվության
ենթարկել: ՍԴ-ում կար մի նամակ, որն ուղարկվել էր «Լեչկոմիսիայի» դիարանից:
«Հանգուցյալի»՝ Ռաֆիկ Ղազարյանի մասին «Առավոտը» բազմաթիվ անդրադարձեր է ունեցել:
Խնդիրը կապված էր առանց իր մասնակցության բնակարանը վաճառելու հետ: Սակայն ՍԴ դիմող
սուբյեկտների ցանկում «հանգուցյալներ» նախատեսված չեն: Եվ մի ավետարանական
Երեւանի Ավետարանական եկեղեցու հովվապետ Լեւոն Պարտակչյանը տեղեկացնում է
Սահմանադրական դատարանին, որ Արաբկիրի ոստիկանության քննչական բաժանմունքի 5 աշխատակիցներ,
առանց փաստաթղթեր ցույց տալու, մտել են գրասենյակ եւ տեղեկացրել, թե եկել են խուզարկության՝
չասելով նպատակը: Նամակագիրը նշում է, որ խոսակցությանը ներկա էին իր աշխատակազմն
ու եկեղեցու երգչախումբը: Հետագայում պարզվել է, որ «հետախույզները» եկել էին «Ավետիս»
հեռուստաընկերությունում կատարված գողությունը բացահայտելու: Լ. Պարտակչյանը գրում
է. «Հետագայում ստացանք փաստաթուղթ, որտեղ նշված էր, որ ոչինչ չի գողացվել «Ավետիսից»:
Նամակագիրը ՍԴ-ից ուզում էր իմանալ, թե արդյոք խուզարկությունը բխե՞լ է օրենքի պահանջներից:
Հունաստանի քաղաքացի Նիկոլայ Իսլամովի նամակը Սահմանադրական դատարանը ուղարկել
էր ՀՀ ոստիկանապետին՝ «ի գիտություն»: Նամակագիրը գրում է, որ հուլիսի 9-ին, անցնելով
Բագրատաշենի փաստաթղթերի անցման կետը, ներկայացրել է եվրոպական անձնագիրը, ուր իրեն
հարցրել են՝ թո՞ւրք է, պատասխանել է, որ հույն է, հետեւել է դարձյալ հարցը, թե ինչո՞ւ
է ազգանունը թուրքական: Պատասխանել է, որ 1760 թվականից իր ազգանունն այդպիսին է՝
իր ընտանիքը փախել է թուրքի կոտորածից, իսկ ազգանունն էլ պաշտպանել է իրենց գոյությունը
թուրքից: Անցակետում ասել են, որ իրավունք չունի ապրել Հայաստանում: Նամակագիրը ուզում
է հասկանալ, արդյոք անցակետի աշխատողը նացի՞ստ է: 100 հազար դրամ գումար էր
ՍԴ-ից ուզել ազատամարտիկ Մարտուն Առաքելյանը: Մայրը տառապում է հիպերտոնիայով, իսկ
ինքը 90-94-ին մասնակցելով Արցախի մարտերին՝ վիրավորվել է արկի պայթյունից: «Ազատե՛ք
ինձ կապանքներից, պարոն Հարությունյան» Գեղարքունիքի մարզի դատարանի դատավճռով
Վաչագան Գաբոյանը հայտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: ՍԴ դիմած նամակում նա գրում է,
որ ունի թոշակառու մայր, անչափահաս զավակ, կուտակված պարտքեր եւ խնդրում է ՍԴ նախագահ
Գագիկ Հարությունյանին՝ «պատիժը կրելուց ազատել»: Կալանավորը նաեւ հիվանդ էր, եւ
նրա հարցը քննարկվում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում:
Սահմանադրական դատարան էր դիմել «Զարթոնք» հայության սահմանամերձ գյուղերի
վերաբնակեցման եւ զարգացման հասարակական կազմակերպությունը, հայտնելով, որ 2004թ.
կառավարության աջակցությամբ 9 ընտանիք՝ 37 շնչով, վերաբնակեցրել է Սյունիքի մարզի
Դաստակերտ եւ Սոֆլու համայնքներում, կազմակերպությունում հաշվառման մեջ են 600 ընտանիք,
որոնք ցանկանում են բնակվել սահմանամերձ գյուղերում, իսկ իրենք այդ հնարավորությունը
չունեն: Սահմանադրական դատարանի աշխատակազմի պետը դիմել էր «Հայաստան» հիմնադրամի
գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանին՝ նամակը քննության առնելու խնդրանքով: Միակը՝
սահմանադրականության հարցով Սոցիալական ապահովության քարտերի հարցով ՍԴ էր
դիմել «Նոր Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Էլեոնորա Մանանդյանը:
Ըստ նրա՝ խախտվել են Սահմանադրության 8, 28, 29, 33, 46 եւ 48 հոդվածները: Նա խնդրել
էր քննության առարկա դարձնել վերոնշյալ քարտերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու
հարցը: Հայկուհի Բադալյանն էլ դիմել էր նախագահ Քոչարյանին: Նա հարցնում էր,
թե կա՞ օրենք, որը կարող է արդարացնել աշխատավարձից զրկելը՝ սոցքարտ չունենալու պատճառով:
Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել