Ովքե՞ր
են պաշտպանում ուսանողների շահերը բուհում ԵՊՀ ուսանողական խորհուրդն ունի
յոթ հանձնաժողով, որոնցից մեկն էլ իրավականն է: Որոնք են դրա ֆունկցիաները, արդյո՞ք
հանձնաժողովը կատարում է դրանք: «ԵՊՀ ուսանողների իրավունքների եւ պարտականությունների
կատարումը ուսանողական խորհրդի իրավաբանական ծառայության առաքելությունն է: Նշված
առաքելությունները սահմանված են խորհրդի կանոնադրությամբ»,- տեղեկացրեց ԵՊՀ ուսանողական
խորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը: Փաստորեն՝ կա ուսանողների պաշտպանության
օղակ, այն ունի գործառույթներ: Սակայն ուսանողների մեծամասնությունը այդ մասին տեղյակ
չէ: «Քննական հարցերի վերաբերյալ որոշակի խնդիրներ ունեցել եմ եւ զգացել իրավաբանական
պաշտպանության կարիք: Բայց քանի որ չգիտեի, որ մեր բուհում կա նմանատիպ հանձնաժողով,
փորձեցի դրանք լուծել ինքս»,- պատասխանեց ԵՊՀ ուսանողուհի Աննա Մկրտչյանը: Համալսարանի
ուսանողական խորհրդի նախագահը չի ժխտում, որ ԵՊՀ-ում ինչ-որ չափով կա «տեղեկատվական
վակուում», բայց իրենք փորձում են դա հաղթահարել: «Ուսանողը, ով ցանկանում է ինքնակառավարվել,
ով ցանկանում է իր իրավունքներին, շահերին եւ պարտականություններին տեր կանգնել,
այդ ամենը գիտի»,- վստահորեն ասաց Միհրանը: Իսկ իր նշած տեղեկատվական վակուումը փորձում
են վերացնել ուսանողների էլեկտրոնային հասցեների հավաքագրմամբ եւ միջոցով ուսանողներին
բուհական անցուդարձին տեղյակ պահելով: ԵՊՀ իրավական հանձնաժողովը գործում
է ուսանողական խորհրդի ստեղծման օրվանից: Անդամները յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրված
ուսանողներ են: Հանձնաժողովի կազմում ընդգրկվածների գործը ուսանողներին՝ ՀՀ օրենսդրությամբ
եւ համալսարանի ներսում գործող ենթաօրենսդրական ակտերով սահմանված իրավունքներին
ծանոթացնելն է: Հանձնաժողովի պարտականությունների մեջ է մտնում նաեւ այդ ակտերի կյանքի
կոչելն ու օգտագործելը: «Ուսանողների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ
փաստաթղթերը, որ գործում են ԵՊՀ-ում առանձին բուկլետի տեսքով՝ շուտով կտպագրվեն եւ
կբաժանվեն ուսանողներին»,- տեղեկացրեց Միհրան Հակոբյանը: Որքան էլ քիչ լինի
ուսանողների տեղեկացվածությունը, այնուամենայնիվ կան ուսանողներ, ովքեր դիմում են
այս հանձնաժողովին: Նրանք հիմնականում դիմում են ուսման վարձերի զեղչման կանոնակարգերի
եւ քննական կարգին վերաբերող հարցերով: «Այս տարի ռեկտորատի առաջ հանդես ենք եկել
50 միջնորդությամբ: Կային ուսանողներ, ովքեր ունեին հասարակական մեծ ակտիվություն
եւ սոցիալական ծանր վիճակ, բայց չունեին վարձի զեղչման համար պահանջվող տվյալներ:
Մեր դիմումով մի շարք ուսանողների ուսման վարձը զեղչվել է»,- հպարտությամբ նշեց Մ.
Հակոբյանը: Նա պատմեց նաեւ, որ մի քանի շաբաթ առաջ սոցիոլոգիայի ֆակուլտետում մի
դասախոս վիրավորել էր ուսանողին: Սակայն հարցը հաշտ ու համերաշխ փորձեցին լուծել
իրավական հանձնաժողովում՝ դասախոսին բացատրելով, որ ամեն ինչից վեր մարդկային հարաբերություններն
են: Մինչ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը ջանասիրաբար թվում է իրենց հաջողությունները,
ուսանողները դժգոհում են, որ իրենք չգիտեն, թե ինչ է այդ իրավական հանձնաժողով կոչվածը:
«Էդ նոր բա՞ն ա»,- զարմացած ասաց Աշխեն Առուշանյանը: «Չգիտեմ, թե ինչ են անում, ինչու
են անում, ինչ ֆունկցիաներ ունեն»,- մտածում է ապագա իրավաբան Գեւորգ Հայրապետյանը:
Տեսականորեն բոլոր ուսանողներն ամեն հարցով կարող են դիմել այս հանձնաժողովին:
Ռեկտորատի կամ այլ մարմնի քննարկմանը հանձնելու համար ուսանողը պետք է հարցը ներկայացնի
դիմումի տեսքով: Ուսանողական խորհրդում նրան այդ ամենը կսովորեցնեն, նույնիսկ առաջին
անգամ նրա փոխարեն դիմում կգրեն: Ինչպես տեղեկացրեց Մ. Հակոբյանը, ԵՊՀ-ում ուսանողի
իրավունքների ոտնահարման որեւէ արտառոց դեպք դեռ չի գրանցվել: Կոռուպցիան իհարկե
առկա է նաեւ մայր բուհում, բայց ուսանողների կողմից դրա դեմ բողոքներ, որպես այդպիսին,
չկան: «Բոլորս էլ գիտենք, թե որ ֆակուլտետում ինչ է կատարվում: Սուտ կլինի, որ ասեմ,
թե համալսարանում կոռուպցիա չկա: Թեեւ համալսարանը այս երկրի մաքուր մնացած հաստատություններից
է, լինելով հասարակության մի մասը, չի կարող զերծ մնալ մեր հասարակության մեջ առկա
ախտերից»,- փաստեց Միհրան Հակոբյանը: ԵՊՀ իրավական հանձնաժողովը չի համագործակցում
այլ բուհերի հետ: Մ. Հակոբյանը ասաց, որ տեղյակ չէ այլ բուհերի նմանատիպ ծառայություններից:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ