Վերանորոգե՞լ, թե՞ յոլա գնալ՝ մինչեւ «դեպք պատահի»
Շուտով կգա ձմեռը եւ շենքերի մուտքերում առկա խնդիրներն ավելի կանհանգստացնեն մեր համաքաղաքացիներին։ Սակայն մինչ այդ նշենք, որ շքամուտքի վիճակից գոհ մարդ էլ կա։ Ե. Քոչարի 9 շենքի բնակիչ Ալբերտ Աիջյանը միակն էր «Առավոտի» հարցվածներից, որը դժգոհություններ չուներ. շենքի մուտքը, ըստ իրեն, անվտանգ է, կոսմետիկ թարմացված էին պատերի գունաներկերը, հոսանքալարերը՝ մեկուսացված, աստիճանահարթակներից գրեթե բացակայում էր հարեւանների «զորացրված» գույքը: Իսկ ինչ վերաբերում է վերելակին, ապա այն երբեք չէր «նեղացրել» եւ չէր «պատանդել» ուստա Ալբերտին, որովհետեւ նա ցածր հարկի բնակիչ է եւ շենքի փոխադրամիջոցից օգտվելու, հետեւաբար՝ դժգոհելու առիթներ չէր ունեցել։ Իմիջիայլոց, այս պապիկին լսելիս հիշեցի մեկ այլ պապիկի, որը կառավարությունից անչափ գոհ էր, որովհետեւ հեռուստացույց եւ ռադիո լսելու հնարավորություն ուներ։
Իհարկե, լավ կլիներ, եթե մյուս հարցվողներն էլ գոհունակությամբ ներկայացնեին իրենց ապրելավայրի բարեկարգ վիճակը, ոչ թե ընդունեին ինձ որպես ԲՇԳ-ի աշխատող եւ թվարկեին իրենց ու շենքի անվտանգության եւ բարեկարգության պատասխանատու թաղապետարանի եւ համապատասխան այլ կազմակերպությունների (մասնավոր եւ ոչ մասնավոր) թույլ տված սխալներն ու դրսեւորած անտարբերությունը՝ կետ առ կետ։
Ի տարբերություն ուստա Ալբերտի, հարեւան Սերգեյ Հարությունյանը՝ կողքի մուտքից, մի թեթեւ դժգոհեց, որ շքամուտքից գողացել, տարել են սալիկները եւ ելումուտ անողները «ընկնում, ջարդում են քիթ ու բերանները»։ Նա նաեւ նեղված տեղեկացրեց, որ շուտով գազիֆիկացման գրասենյակի աշխատակիցները դեֆլեկտոր (օդանցք) են բացելու տանիքում՝ մուտքի ուղղությամբ, որպեսզի գազատար խողովակներից արտահոսող գազը դուրս գալու տեղ ունենա։ Հետո շարունակեց հարցով. «Բայց ինչների՞ս ա պետք դեֆլեկտորը, եթե գազի դուրս գալու այլ ճանապարհներ կան՝ չկան շքամուտքի պատուհանների ապակիները»։ Բնակչի նեղվածությունը, թերեւս, տեղին էր այն իմաստով, որ դեֆլեկտորի մասնագետներն այնքան էլ մասնագետ չեն։ Օրինակ, ՀԱԹ-ի Շերամի 37 շենքի տանիքում բացված օդանցքը «գլխարկ» չունի, որ անձրեւից ու հալոցքաջրերից պաշտպանի մուտքի բնակիչներին՝ անվտանգ տուն հասնելու համար։ Վերջիններս ստիպված են լինելու այս տարի նույնպես գեղասահորդի հմտությամբ հաղթահարել հալոցքաջրերից գոյանալիք սառցադաշտիկները։
Գրեթե նույն ճակատագիրն է սպասվում նաեւ Կենտրոն համայնքի Տիգրան Մեծի 12 հասցեի բնակիչներին։ Չորրորդ հարկի բնակիչ Կարենը դժգոհեց, որ թեեւ մուտքի պատուհանները չկան, դեֆլեկտորը կա եւ դրա գլխին էլ գլխարկ կա, այդուամենայնիվ, անվտանգության երաշխիք չկա։ Վերին հարկում գազի հոտն ակնհայտ է։ Բացի այդ, «մասնագետները» դեֆլեկտորը բացելիս կոտրել են տանիքի ծածկը եւ առաստաղի ու պատերի գաջածածկույթները, որոնք թուլանում են տեղումներից եւ ժամանակ առ ժամանակ մեծ կտորներով թափվում ցած։ Մի օր մեկի գլխին ա ընկնելու կամ մեկը փորձանքի ա գալու սառած աստիճանավանդակների վրա»,- մտահոգվում է զրուցակիցս՝ չմոռանալով դժգոհել նաեւ գազամատակարարներից. «Առանց զգուշացնելու բարձրացնում, իջեցնում են գազի ճնշումը։ Օրերս գիշերը նույնիսկ կրակը մի պահ հանգավ։ Հնարավոր է, որ մարդիկ չնկատեին եւ անվտանգության միջոցներ չձեռնարկեին։ Հետեւանքները շատ լուրջ կարող էին լինել»։
Լուսավոր մուտքերով շենքերի բնակիչները դժգոհում են պատուհանների ապակիների եւ դռների բացակայությունից, ինչը ջրատարների ու կոյուղագծերի վթարների պատճառ կարող է լինել, իսկ բնական լույս չունեցող մուտքերով շենքերի բնակիչներն անհանգստանում են մթությունից։ Ե. Քոչարի 11 հասցեում թե՛ ցերեկը, թե՛ գիշերը բնակիչները ստիպված են օգտվել հարեւանների բարեգթությունից, որոնք վերելակի խափանման դեպքում լույս ու ճանապարհ են տալիս։ Իսկ Քոչարի 19 հասցեում ոչ միայն վերելակն է հաճախակի խափանվում, այլ նաեւ աղբատարը, ինչից էլ հաջողությամբ օգտվում են առնետները եւ բազմանում՝ ճանապարհ բացելով դեպի բնակարաններ։ Այդ ամենը ներկայացնելուց հետո դժգոհ բնակիչները կոլեկտիվ ներխուժեցին հազիվ աշխատող եւ հազիվ առաջին հարկ հասած վերելակ եւ ընդունելով անխափան երթեւեկելու իմ բարեմաղթանքը՝ բարձրացան վերեւ։
Սրտացավության մի դրսեւորում էլ նկատեցինք Մալաթիա-Սեբաստիա համայնքում։ Օգանովի 30 շենքի աստիճանահարթակների վրա փոքր ու մեծ պատուհաններ էին բացվել եւ որպեսզի դրանք ավելի չմեծանան ու որեւէ մեկի ոտքը չհայտնվի այդ ծակուծուկերի մեջ, բնակիչները հավաքել էին փշրված հատվածների մանր քարակույտերը, տեղավորել բարակ մետաղների վրա եւ մետաղալարով կարկատել աստիճանավանդակների բացվածքները։
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ