Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Նոյեմբեր 26,2005 00:00

ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ
առաջին Գլուխ երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ չորրորդ
Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդ Գլուխ իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ
քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ
քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ
Գլուխ քսանչորսերորդ Գլուխ
քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ
Գլուխ քսանյոթերորդ Գլուխ
քսանութերորդ Գլուխ քսանիններորդ
Գլուխ երեսուներորդ Գլուխ
երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ
Գլուխ երեսուներեքերորդԳիրք
երկրորդ
Գլուխ
առաջին Գլուխ
երկրորդ ¶ÉáõË
»ññáñ¹
Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ
Գլուխ վեցերորդ Գլուխ
յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ
իններորդ Գլուխ տասներորդ ՓՈՔՐ ԹԵՆԻՍ
Գարեջուրը քեֆներս լավացրել էր, բայց Ռուբոն ինչ-որ անհանգիստ էր ու ժամանակ
առ ժամանակ ժամացույցին էր նայում: – Արմենին շնորհավորենք ու վեր կենանք,-
ասաց Ռուբոն: – Ո՞ւր ես վռազում,- հարցրեց Սերգեյը: – Պայմանավորվածություն
ունեմ,- ասաց Ռուբոն.- տղերքը պիտի գան: – Ի՞նչ տղերք,- հարցրեց Սերգեյը:
– Գրողները,- ասաց Ռուբոն.- Հովոն, Հենդոն ու Ալիկը: Երեւի Անոն էլ գա: –
Ի՞նչ Անո,- հարցրեց Սերգեյը: – Թոփչյան,- ասաց Ռուբոն: – Դերասանուհի՞ն,-
հարցրեց Աշոտը: – Հա,- ասաց Ռուբոն.- Ալիկի կինը: – Ձեր տուն ե՞ն գալու,-
հարցրեց Սերգեյը: – Հա,- ժամացույցին նայելով՝ ասաց Ռուբոն.- իննին ենք պայմանավորվել.
արդեն քսան ա պակաս: – Էլի ժամերով գրականությունից ե՞ք խոսալու,- հարցրեց
Սերգեյը.- էլի Քամյուից ու Սարտրից ե՞ք խոսալու: – Ձեռ ե՞ս առնում,- հարցրեց
Ռուբոն: – Ձեռ չեմ առնում,- ասաց Սերգեյը,- բայց, խոսքը մեր մեջ, էդքան Քամյուից
խոսա՞լ կըլնի, որ դուք եք խոսում: – Բա ումի՞ց խոսանք՝ Սարմենի՞ց,- հարցրեց
Ռուբոն: – Սարմենից չէ, բայց մեկ-մեկ էլ արդեն Արմենից կարաք խոսաք,- ծիծաղեց
Սերգեյը: – Հիմի Արմենի կենացը չենք խմո՞ւմ,- հարցրեց Հայկը: – Արմո
ջան, մեր համատեղ աշխատանքի համար եմ խմում,- իր գավաթն իմ գավաթին խփելով՝ ասաց
Աշոտը: – Հաջողություն, Արմեն ջան,- ասաց Հայկը.- աշխատանքը գեղեցկացնում
ա մարդուն: – Կենացդ, Արմեն ջան,- ասաց Ռուբոն:- Ես գնամ հաշիվը փակեմ: –
Կենացդ, Արմեն ջան,- ասաց Սերգեյը.- հույս ունեմ, որ էդ իննսուն մանեթի վրա երկար
չես մնա: – Ես էլ եմ իննսունից սկսել,- ասաց Աշոտը.- հինգ ամսից դառավ հարուր
տաս, հիմի արդեն հարուր հիսուն ա: – Աշոտ ջան, շատ ուրախ եմ, որ Արմենն ու
դու իրար հետ ծանոթացաք,- ասաց Սերգեյը: – Ես է՛լ եմ ուրախ,- ասաց Աշոտը:
– Ե՛ս էլ եմ ուրախ,- ասացի ես:- Մենակ էդ հոդված գրելուց եմ մի քիչ վախենում:
– Վախենալու բան չկա, Արմո՛ ջան,- ասաց Աշոտը: – Հը, հելա՞նք,- վերադառնալով՝
ասաց Ռուբոն: – Ամեն ինչ նորմալ ա՞,- հարցրեց Սերգեյը: – Նորմալը նորմալ
ա, բայց ես մինչեւ իննը պիտի տանն ըլնեմ. անհարմար ա՝ մարդիկ չգան տենան տանը չեմ:
– Հա,- ասաց Սերգեյը.- վեր կենանք: – Ուզում եք՝ դուք մնացեք. պիվա
բերել տա՞մ,- հարցրեց Ռուբոն: – Չէ, հերիք ա,- ասաց Սերգեյը.- հո ալկաշ չե՞նք:
– Արդեն ուռել ենք,- ասաց Հայկը: – Բա ե՞ս ինչ ասեմ,- ասաց Աշոտը.-
ժամը մեկից էս գործի վրա եմ: – Ուզում եք՝ մեր տուն գնանք,- ասաց Ռուբոն,
երբ արդեն խինկալիանոցից դուրս էինք եկել: – Ես պիտի տուն գնամ,- ասաց Հայկը.-
տղերքը գալու են: – Դուք էլ ե՞ք Քամյուից խոսալու,- հարցրեց Սերգեյը: –
Իրանք Կարբուզիեից են խոսալու,- ասաց Աշոտը: – Ահագին աճել ես, Աշո՛տ,- ծիծաղեց
Ռուբոն: – Հա,- ասաց Սերգեյը.- էդ «Ապագա բժիշկն» ըտենց տեղ ա: – Բայց
հըլը աճելու տեղ ունի,- ասաց Ռուբոն.- որ մի քիչ էլ աճի՝ էլ ըսենց գրազներ չի կրվի:
– Արմենի աշխատանքի հարցը որ գլուխ բերես՝ էդ գրազները հեչ եմ անում,- Աշոտին
ասաց Սերգեյը: – Արմոյի գործը էդ գրազների հետ ոչ մի կապ չունի,- ասաց Աշոտը:
– Գործս որ էղավ, էդ էրկու գրազներն էլ իմ վրա եմ վերցնում,- ասացի ես: –
Ես էդ էրկու գրազներին էլ տեր եմ,- ասաց Աշոտը: – Իզուր կռիվ մի արեք,- Աշոտին
ասաց Հայկը.- դու գրազներդ կփակվես, Արմենն էլ աշխատանքի ընդունվելու մաղարիչը կանի:
– Աչքիս վրա,- ասաց Աշոտը: – Ես էլ եմ պատրաստ,- ասացի ես: –
Միշտ պատրա՛ստ,- ասաց Հայկը: – Արմենի գործի հաշվով մի՛ նաֆսեք,- ասաց Սերգեյը.-
հըլը գործը չեղած՝ մաղարիչից եք խոսում: – Ճիշտ ես ասում,- ասաց Հայկը.- Աշոտի
կրված գրազներով յոլա գնանք՝ մինչեւ Արմենի գործն ըլնի: – Արմոյի գործը կարաք
հաշվեք էղած,- ասաց Աշոտը: – Հիմի ի՞նչ եք ասում՝ մեր տուն չեք գալի՞,- հարցրեց
Ռուբոն: – Ես չեմ կարա,- ասաց Հայկը.- տղերքը պիտի գան: – Ես էլ գործեր
ունեմ,- ասաց Աշոտը: – Դուք էլ չեք գալի՞,- ինձ ու Սերգեյին նայեց Ռուբոն:
– Ես ըսենց թե ընենց ճամփիդ վրա եմ,- ասաց Սերգեյը: – Հը՞, Արմե՛ն,-
ինձ նայեց Ռուբոն: – Արի քարը փեշիցդ թափի՝ էթանք,- ինձ ասաց Սերգեյը: –
Էս մարդը հեչ քարը փեշը չի էլ լցրել,- ասաց Ռուբոն: – Շատ ե՞նք մնալու,- փաստորեն
համաձայնվեցի ես: – Ինչքան քեֆներդ տա՝ էնքան էլ կմնաք,- ասաց Ռուբոն: –
Բարձր հասարակության հետ մի քիչ կշփվես,- ասաց Սերգեյը: – Չհասկացա,- ասաց
Հայկը.- կարող ա՞ մենք ցածր հասարակություն էինք: – Չխամեմատվե՛ս,- ասաց Սերգեյը:
– Ուրեմն՝ գնում ենք,- ասաց Ռուբոն: – Արմո ջան,- ասաց Աշոտը,- ուրեմն՝
վաղը քեզ սպասում եմ: Աշխատի մինչեւ պերերիվ գաս, որ խմբագիրը հաստատ տեղում ըլնի:
– Տասնմեկի կողմերը որ գամ՝ լավ ա՞,- հարցրի ես: – Շատ լավ ա,- ասաց
Աշոտը:- Հոդված գրելուց էլ շատ մի վախեցի. ձախ ձեռով էլ կգրես: – Ինքն առանց
էդ էլ ձախլիկ ա,- ասաց Սերգեյը: – Հաստա՞տ,- զարմացավ Աշոտը: – Հանաք
եմ անում,- ասաց Սերգեյը: – Հանաքի վախտ չի. ուշանում ենք,- ասաց Ռուբոն՝
դիմացից եկող տաքսին կանգնեցնելով: – Շնորհակալ եմ, Աշո՛տ ջան,- ասացի ես՝
Աշոտի ձեռքը սեղմելով: – Շնորհակալության հարց չկա, Արմո՛ ջան,- ասաց Աշոտը.-
մե՛նք պիտի խնդրենք, որ մեր մոտ աշխատես: – Մերսի,- ասացի ես: – Նստե՛ք,
ուշացա՛նք,- ասաց Ռուբոն՝ վարորդի կողքը նստելով: – Գնացինք, Արմե՛ն,- ասաց
Սերգեյը: – Մեր կողմից բարձր հասարակությանը կբարեւեք,- ասաց Հայկը: –
Էղավ,- ասաց Ռուբոն, հետո առանց վարորդին նայելու՝ ասաց.- Մանումենտ ենք էթում: –
Էղավ, Ռուբո ջան,- ասաց վարորդը: – Խչո՞,- վարորդին նայելով՝ ասաց Ռուբոն.-
էս համ էրեկ էիր սմենի, համ՝ էսօ՞ր: – Վալոդը թաղման ա,- ասաց վարորդը.- էսօր
իրա տեղն եմ քշում: – Ո՞վ ա մեռել,- հարցրեց Ռուբոն: – Հեչ. հեռու
բարեկամ ա,- ասաց վարորդը: Մայրաքաղաքի համարյա բոլոր տաքսիստները Ֆիլյան
Ռուբոյին ճանաչում էին, որովհետեւ Ռուբոն օրվա մեջ առնվազն չորս-հինգ անգամ տաքսի
էր նստում, ու չնայած էդ թվերին պատվերով տաքսիներ չկային, Ռուբոն իր մշտական տաքսիստներին
գետնի տակից էլ գտնում էր, ավելի ճիշտ՝ տաքսիստներն էին իրեն գտնում, եւ նրանց համար
Ռուբոն իսկական գյուտ էր, մանավանդ որ՝ շատ լավ էր վճարում, եւ երբ Ռուբոն տաքսիով
որեւէ տեղ էր գնում, տաքսիստին բաց չէր թողնում ու դռանը սպասեցնում էր, որովհետեւ,
չնայած Ռուբոն երթեւեկության միջոցներից տաքսին էր նախընտրում, բայց ամենից շատ հենց
տաքսի փնտրելն ու տաքսու սպասելն էին նրան նյարդայնացնում, եւ դա էր պատճառը, որ
երբ տաքսին ու տաքսիստը հայտնվում էին, այլեւս նրանց բաց չէր թողնում, ու որ ասում
եմ՝ Ռուբոն օրվա մեջ առնվազն չորս-հինգ անգամ տաքսի էր նստում, դա բնավ չի նշանակում,
որ իր տաքսի չնստած ժամանակ իր տաքսիստներն իրենից ազատ ու անկախ էին. ընդհակառակը,
հազվադեպ էր պատահում, որ Ռուբոն իր ձեռքն ընկած տաքսիստին հեշտությամբ ազատ արձակեր
եւ երբ, ասենք, մի ժամով որեւէ տեղ էր մտնում, տաքսիստը դռանը պիտի սպասեր, կամ,
որ ավելի հաճախ էր պատահում, Ռուբոն տաքսիստին ազատ էր արձակում, բայց հետը կոնկրետ
ժամի համար պայմանավորվում էր, ու տաքսիստներն իր էդ վերաբերմունքից ոչ միայն չէին
դժգոհում ու չէին նեղսրտում, այլեւ գերագույն հաճույք էին ստանում Ռուբոյին սպասելիս
ու Ռուբոյի հետ ժամադրվելիս, որովհետեւ, էլի եմ ասում, Ռուբոն նրանց շատ լավ էր վճարում,
ընդ որում՝ վճարում էր ոչ միայն քշելու, այլեւ սպասելու եւ, ուրեմն, ժամադրվելու
համար: Ռուբոն էն կարծիքին էր, որ իսկական արվեստագետն ավտոմեքենա վարելու
եւ ավտոմեքենա ունենալու իրավունք չունի, եւ ինքը համոզված էր, որ ավտոմեքենան ահավոր
խանգարում է կենտրոնանալուն, եւ կյանքում առաջացող էդպիսի շատ ու շատ հարցերի համար
Ռուբոն շատ ու շատ պատրաստի պատասխաններ ուներ, բայց հազվադեպ էր իր էդ պատասխաններն
օգտագործում ու շռայլում, եւ երբ իրեն տալիս էին իր ամենասիրած հարցը՝ «խի՞ ավտո
չես առնում», ինքը քթի տակ բազմիմաստ ժպտում ու հոգեկան մեծ բավարարվածությամբ անպատասխան
էր թողնում էդ հարց տվողին, ու մենք՝ Ռուբոյի ամենամտերիմներս էդ առումով արտոնյալ
էինք, որովհետեւ Ռուբոն հատուկ մեզ համար՝ էքսքլյուզիվ, մի անգամ լեզվից թռցրել էր,
որ իսկական արվեստագետն ու ավտոմեքենան ուղղակի անհամատեղելի են: Ռուբոն մեջներիս
միակ իսկական արվեստագետն էր, չնայած չգիտեինք, թե տաքսիներից ազատ ժամերին ինքն
ինչով է զբաղվում, ու չնայած ուսանողական տարիներին պատմվածք գրել էր, բայց հետուսանողական
իր կյանքի փիլիսոփայությունը չգրե՛լն էր խրախուսում, ավելի ճիշտ՝ չտպագրվելը, ու
իր էդ թեզն առաջին հերթին տպագրվածներիս դեմ էր, եւ եթե մեզանից ոմանք արդեն տպագրված
էին, Ռուբոյին արդեն չտպագրվելն էր մնում, չնայած, փաստորեն, դա էլ իր համար ելք
չէր, որովհետեւ իր միջավայրում չտպագրվածներն անհամեմատ շատ էին, քան՝ տպագրվածները,
իսկ Ռուբոյին էս կյանքում տաքսիներից բացի ուրիշ բաներ էլ էին պետք, էդ թվում եւ
առաջին հերթին՝ տարբերվել մնացածներիցս, բայց քանի որ ինքը բացառիկ ու աննկարագրելի
ծույլ էր, նույնիսկ մնացածներիցս տարբերվելու իր էդ նվիրական պարտականությունն էր
ալարում հետեւողականորեն կատարել ու շատ դեպքերում պահանջում էր, որ իր փոխարեն մենք
անենք էդ բանը, այսինքն՝ մենք տարբերվենք իրենից: Ռուբոն հաստատապես էր մտադրվել
գրողական կերպարի մեջ մտնել, քանի որ դա իր հավանած ու նախընտրած միակ կերպարն էր,
եւ ինքն օրվա մի զգալի մասը խալաթով-բանով անցկացնում էր իր նախընտրած միակ կերպարի
մեջ, բայց Ռուբոյի գրող լինելուն մի շատ կարեւոր հանգամանք էր խանգարում. Ռուբոն
չէր սիրում գրել, ավելին՝ ատում էր գրելը եւ դրա համար միանգամայն լուրջ հիմքեր ուներ,
եւ էդ լուրջ հիմքերից գլխավորը վերստին իր գերբնական ծուլությունն էր, եւ, բացի այդ,
Ռուբոյի ու գրողի անհամատեղելիությունն այլ հանգամանքներով էլ էր պայմանավորված,
եւ դրանցից մեկն էլ այն էր, որ չնայած Ռուբոն շատ էր ուզում տարբերվել մյուսներիցս,
բայց հեչ չէր ուզում մյուսներիցս գոնե առժամանակ մեկուսացած մնալ, այսինքն՝ գրելուց
բացի նաեւ մենակությունն էր ատում, քանզի իր մենակության պահերին շարունակաբար աննկատելի
էր մնում իր ու մեր միջեւ իսկապես գոյություն ունեցող ակնհայտ տարբերությունը, բայց
թարսի պես գրողական աշխատանքը պարտադիր նաեւ մեկուսացվածության որոշակի վիճակ է թելադրում,
եւ միայն մեկուսանալու դեպքում է կենտրոնանալու գործընթացը գլուխ գալիս ու ստացվում,
եւ եթե կենտրոնանալու խաթեր Ռուբոն կարողացել էր հրաժարվել ավտոմեքենայից, ապա շրջապատից
ու մեզանից ոչ մի կերպ չէր կարողանում հրաժարվել, եւ լավագույն դեպքում իրեն հաջողվում
էր հակադրվել մեզ եւ ոչ երբեք՝ հրաժարվել մեզանից, որովհետեւ մեր բացակայության պայմաններում
իր ու մեր միջեւ գոյություն ունեցող իսկապես ակնհայտ տարբերությունները մեկը մյուսի
հետեւից անէանում էին ժամանակի ու տարածության մեջ: Մեր ու Ռուբոյի միջեւ
մշտապես առկա ակնհայտ տարբերության հիմնական գրավականն իր հայրն էր՝ Ֆիլյան Պարգեւը,
որ Առողջապահության նախարարության անփոփոխ գլխավոր հաշվապահն էր, եւ Ֆիլյան Պարգեւի
հիմնավոր կարողությունն էր պատճառը, որ մարդիկ հաճախակի էին Ռուբոյին մատուցում իր
իսկ նախընտրած հարցը՝ «խի՞ ավտո չես առնում»: Երբ տաքսին մեզ հասցրեց Ռուբոյենց
տուն, արդեն ինն անց էր, եւ բարձր հասարակությունն արդեն Ռուբոյենց տանն էր, ավելի
ճիշտ՝ բարձր հասարակությունը Ռուբոյենց բակում թենիս էր խաղում, եւ բարձր հասարակության
ցածրահասակ Հովհաննես Գրիգորյանն արդեն թենիսով անխնա ջնջել էր Հենրիկին ու Ալիկին
եւ չէր խնայել անգամ հմայիչ Անահիտ Թոփչյանին ու արդեն Ռուբոյի հորն էլ չէր խնայում,
եւ երբ Ֆիլյան Պարգեւը մեզ տեսավ, իր ռակետը թենիսի սեղանին դնելով՝ Ռուբոյին ասաց.
– Ա՛յ բալա, էս ո՞ւր մնացիր: Հովոն կաշիներս քերթեց: – Էս հորս կրել
ե՞ս, Հովո՛,- հարցրեց Ռուբոն: – Բոլորիս է հաղթել,- ասաց Անահիտ Թոփչյանը:
– Բա ինչի՞ ուշացաք. էս հյուրերիդ կանչել ես՝ դու չկաս,- ասաց Ռուբոյի հայրը:
– Ուժեղ թենիս խաղացող էինք ման գալի. հազիվ գտանք, Պարգեւ ձյաձյա,- ասաց
Սերգեյը: – Ի՞նչ թենիս խաղացող,- զարմացավ հայր Ֆիլյանը: – Արմենն
ուժեղ թենիսիստ ա,- ինձ ներկայացնելով՝ ասաց Սերգեյը.- հես ա սաղիդ մուռը հերթով
կհանի: – Ես հիմի Հովոյի հարցերն արագ կլուծեմ,- ռակետը վերցնելով՝ ասաց Ռուբոն:
– Որ իմանայի միանգամից էսքան թշնամիներ եմ ձեռք բերելու՝ մի քիչ թույլ կխաղայի,-
ասաց Հովհաննեսը: – Ես գնա՞մ, շե՛ֆ,- Ռուբոյին հարցրեց տաքսիստը: –
Հա, Խչո ջան,- ասաց Ռուբոն:- Տասներկուսի կողմերը կերեւաս, որ ժողովրդին իրանց տները
հասցնես: – Էղավ, շե՛ֆ,- ասաց տաքսիս տը: – Նա պադաչ,- ասաց Ռուբոն՝
թենիսի գնդակը սեղանին նետելով: Երկուսն էլ լավ էին խաղում, ու դժվար էր կռահել,
թե ով կհաղթի, եւ եթե Ռուբոյի լավ խաղալն իրենց սեփական տան սեփական թենիսի սեղանով
միանգամայն բացատրելի ու հասկանալի էր, ապա լենինականցի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի
խաղացած թենիսն ամեն իմաստով էր անբացատրելի ու անհասկանալի, ու չնայած Հովհաննեսը
թենիսի բոլոր կանոններին հակառակ էր խաղում, հաշիվը միանգամայն հավասար էր աճում,
ու միայն սեթի ամենավերջում Ռուբոն վրա-վրա երկու միավոր կորզելով՝ մեծ դժվարությամբ
հաղթեց: – Մի հատ էլ Արմենի հետ խաղա, Ռուբո՛,- առաջարկեց Սերգեյը: –
Արմենը հըլը Հովոյին պիտի կրի, որ նոր իմ հետ խաղալու իրավունք ստանա,- ասաց Ռուբոն:
– Դժվար ա՞ մի հատ խաղաս,- ասաց Սերգեյը: – Դժվարը դժվար չի,- ասաց
Ռուբոն,- բայց հո թենիսի համար չե՞նք հավաքվել: – Մի պարտիան հազիվ հինգ րոպե
տեւի,- ասաց Սերգեյը: – Հետո կխաղանք,- ասաց Ռուբոն: – Հետո ո՞նց կխաղաք.
արդեն մութն ընկնում ա,- ասաց Սերգեյը: – Ուրիշ օր կխաղանք,- ասաց Ռուբոն.-
աշխարհի վերջը չի: – Քյասար ասա՝ վախենում ես,- ասաց Սերգեյը: – Ումի՞ց
եմ վախենում,- զարմացավ Ռոբոն: – Արմենից,- ասաց Սերգեյը.- փաստորեն վախենում
ես հետը խաղաս: – Որ էդքան զոռում ես՝ կխաղամ, մենակ թե՝ գրազով,- ասաց Ռուբոն:-
Ինչի՞ վրա ենք խաղում: – Թենիսի սեղանի,- ասաց Սերգեյը: – Լուրջ բան
եմ ասում,- ասաց Ռուբոն: – Ինչի վրա ուզում ես,- ասաց Սերգեյը: – Քանի
հոգի ենք՝ մեկ, էրկու, չորս, յոթ, քուրս ու մերս էլ՝ ինը: Չորս կիլո մառոժնի. համաձա՞յն
ես, Արմեն,- ինձ հարցրեց Ռուբոն: – Գրազը ե՛ս եմ գալի: Ես իրա տեղակ ատվիչա
եմ,- ասաց Սերգեյը: – Խեղճ Արմենին որոշել ես խայտառակ անես,- ասաց Ռուբոն:
Ես, որ դեռ մտածում էի՝ խաղամ թե չխաղամ, Ռուբոյի խոսքերից հետո անմիջապես
վերցրի Հովհաննեսի ռակետն ու վճռական ցցվեցի Ռուբոյի դիմաց, ու ես արդեն գիտեի, թե
մի քանի րոպեից ինչ վիճակում է հայտնվելու չափից ավելի ինքնավստահ Ռուբոն, քանի որ
արդեն տեսել էի Հովհաննեսի հետ իր խաղը, եւ Ռուբոյի դեմ հակախաղն արդեն մտքիս մեջ
հստակ ձեւավորված ու պլանավորված էր, եւ պիտի խոստովանեմ, որ Ռուբոյի դեմ խաղալն
էդ պահին ավելի էի գերադասում, քան, ուրեմն, անտիթենիսիստ Հովհաննեսի դեմ խաղալը:
Իմ երկարաժամկետ ու բազմափորձ ընթերցողն արդեն երեւի կռահում է, որ իմ ու
Ռուբոյի առաջին սեթը շատ կարճ տեւեց, որովհետեւ Ռուբոյի խոսելու տոնն ինձ պարտադրում
էր չթողնել, որ Ռուբոն մեծ հաշիվ հասնի, ու կյանքում շատ բան տեսած իմ ընթերցողը
հաստատ նաեւ կռահում է, որ Ռուբոն ընդամենը մի սեթ տանուլ տալով չէր բավարարվելու,
ու մինչ մութն ընկնելը ես եւս երկու սեթ իրեն փոքր հաշվի սահմաններում պահեցի, ու
մեր էդ երեք սեթերը երեւի տասնհինգ րոպե էլ չտեւեցին, ու չնայած երրորդ սեթի վերջում
արդեն ահագին մթնել էր, Ռուբոն ինձ առաջարկեց եւս մի սեթ խաղալ: – Խաղալը
խաղանք, Ռուբո ջան, բայց արդեն շառը չի էրեւում,- ասացի ես: – Կարանք լույս
քաշենք՝ լույսի տակ խաղանք,- ասաց Ռուբոն: – Ոնց կուզես, Ռուբո ջան,- համաձայնվեցի
ես: – Պապ, մի հատ երկար շնուր չկա՞. էն բաղչի լույսը հասցնենք ըստեղ,- հորը
հարցրեց Ռուբոն: – Աշխարհի վերջը չի,- ասաց ավագ Ֆիլյանը.- վա՛ղը կխաղաք:
– Ասում ես՝ շնուր չունե՞նք,- նորից հարցրեց Ռուբոն: – Չէ, չունենք,-
ասաց հայրը: – Հարեւաններն էլ չեն ունենա՞,- հարցրեց Ռուբոն: – Էս
գիշերվա կեսին որտեղի՞ց շնուր ճարեմ, ա՛յ բալա,- ասաց հայրը: – Անհույս գործ
է, Ռուբեն,- ասաց Էդոյանը: – Ի՞նչն ա անհույս,- նեղսրտեց Ռուբոն.- որ մտքներիս
դնենք՝ կարանք հարեւաններից շնուր ճարենք: – Հենրիկը շնուրի իմաստով չի ասում,-
ասաց Ալեքսանդր Թոփչյանը: – Հենրիկն ուզում ա ասի՝ Արմենին կրելու վարիանտ
չունես,- ասաց Սերգեյը: – Լավ էլ թարգմանում եք Հենդոյի ասածը,- նեղսրտեց
Ռուբոն: – Էս թենիսիստի՞ն որտեղից եք ճարել, ա՛յ Սերգեյ,- հարցրեց ավագ Ֆիլյանը:
– Իրան հետս ամեն տեղ տանում եմ, Պարգեւ ձյաձյա,- ծիծաղեց Սերգեյը.- ես գրազ
եմ գալի, ինքը խաղում ու կրում ա: – Լավ գործ է,- ասաց հայրը: – Արմեն,
երեւի ամեն օր խաղում ես, հա՞,- ինձ հարցրեց Ռուբոն:- Տունը թենիս ունե՞ք: –
Չէ, Ռուբո ջան,- ասացի ես.- տասը տարի կըլնի՝ ձեռս ռակետ չէի վերցրել: – Ուրեմն՝
վախտին պարապել ես,- ասաց Ռուբոն: – Քիչումիչ պարապել եմ,- խոստովանեցի ես:
– Դե ասա՝ պարապած ես, է՛լի,- ասաց Ռուբոն:- Ա՛յ Սերոժ, էս վրես սպորտսմեն
ե՞ս բերել: – Ավելի լավ էր՝ գրազը կրվեի,- ասաց Սերգեյը.- փաստորեն, սաղ մանումենտցիներով
խայտառակ էղանք: – Ա՛յ Արմեն, բա խի՞ մինչեւ հիմի չէիր ասում, որ թենիս ես
պարապել,- ասաց Ռուբոն: – Առիթ չի էղել,- ասացի ես: – Արմենի հետ հաճույքով
մի պարտիա կխաղայի,- ասաց Հովհաննեսը: – Ինձ որ կրեց՝ քեզ վաբշե կկրի ու կկրի,-
ասաց Ռուբոն: – Կարեւորը կրելը կամ կրվելը չի,- ասաց Հովհաննեսը: –
Կարեւորը մասնակցությունն ա,- ասաց Սերգեյը: – Ընենց ես ոգեւորվել՝ ոնց որ
դո՛ւ ես կրել,- ասաց Ռուբոն: – Բա ո՞վ ա կրել,- զարմացավ Սերգեյը.- իմ հետ
չե՞ս գրազ էկել: – Փաստորեն, Սերգեյը գրազը շահեց,- ասաց Ռուբոյի հայրը: –
Ես գրազ եմ գալի՝ Արմենը կրում ա. աշխատանքի բաժանում ենք կատարել,- ասաց Սերգեյը:
– Ես որ նախօրոք իմանայի՝ Արմենը պարապած ա, հետը սավսեմ ուրիշ ձեւով կխաղայի,-
ասաց Ռուբոն: – Ոնց էլ խաղայիր, կարծում եմ՝ արդյունքը նույնն էր լինելու,-
ասաց Ալեքսանդր Թոփչյանը: – Չեմ ասում կկրեի, բայց գոնե դիմադրություն ցույց
կտայի. ըսենց մալի հաշվի վրա չէի կրվի,- ասաց Ռուբոն: – Շատ գեղեցիկ եք խաղում,-
ինձ ասաց Անահիտ Թոփչյանը.- ձեր խաղը որ տեսա, հասկացա, որ թենիսն էլ է արվեստ: –
Բա որ բանաստեղծությունները կարդաս,- ասաց Հովհաննեսը: – Բանաստեղծություններ
էլ ե՞ք գրում,- ինձ հարցրեց Անահիտը: – Էն էլ ո՜նց ա գրում,- ասաց Հովհաննեսը.-
փաստորեն, Արմենը թենիսիստների մեջ ամենաուժեղ բանաստեղծն ա, իսկ բանաստեղծների մեջ՝
ամենաուժեղ թենիսիստը: – Ափսոս՝ չեմ կարդացել,- ասաց Անահիտը: – «Գարունի»
էդ համարը կտամ,- ասաց Հովհաննեսը: – Էդ համարը մեր տանն էլ կա,- ասաց Ալեքսանդր
Թոփչյանը: – Բա ո՞նց ինձ ցույց չես տվել, Ալի՛կ,- ասաց Անահիտը: –
Իրար ե՞րբ ենք տեսնում, որ ցույց տայի,- ասաց ամուսինը.- ամբողջ օրը թատրոնում ես:
– Նոր դեր ունե՞ս, Անահիտ,- հարցրեց Էդոյանը: – Միանգամից երկու նոր
դեր եմ պատրաստում,- ասաց Անահիտը: – Ի՞նչ դերեր են,- հարցրեց Է դոյանը: –
Չեմ ասի,- ասաց Անահիտը.- թող սյուրպրիզ լինի: – Մինչեւ էդ դերերդ պրծնես,
Ալիկը կարգին ճաշ էփել կսովորի,- ասաց Հովհաննեսը.- էրեկ շատ ուժեղ ձվածեղ էր սարքել:
– Լավ ձվածեղ էր, չէ՞, Հովո՛,- ասաց Թոփչյանը: – Շատ եք չափազանցնում,-
ասաց Անահիտը:- Մեր թենիսիստը կմտածի, թե ճիշտ եք ասում: Ես մինչեւ տան գործերը չեմ
վերջացնում, դերերովս չեմ զբաղվում: – Ուրեմն՝ Ալիկը քեզ հեչ չի օգնո՞ւմ,-
հարցրեց Հովհաննեսը: – Ճաշ, իհարկե, չի եփում, բայց ուրիշ շատ հարցերում ինձ
իսկական թիկունք է: Եթե Ալիկի պես թիկունք չունենայի, թատրոնի վրա ընդհանրապես խաչ
պիտի քաշեի: – Այր ու կին՝ մի մարմին,- ասաց Էդոյանը:- Նիցշեն ասել է… –
Էլի չսկսես, Հենրի՛կ,- ասաց Հովհաննեսը: – Ի՞նչը չսկսի,- հարցրեց Անահիտը:
– Ինքը որ սկսում ա խոսալ, քառասունհինգ րոպեից պակաս չի խոսում,- ասաց Հովհաննեսը.-
դասախոս ա, չէ՞: – Ասա՛, Հենրի՛կ, ի՞նչ էիր ասում. Նիցշեն ի՞նչ է ասել,- հարցրեց
Անահիտը: – Մինչեւ Հովհաննեսը չխնդրի՝ չեմ ասի,- ասաց Էդոյանը:- Ասված է՝
մարգարիտները խոզերի առաջ շաղ մի՛ տվեք: – Նիցշեն ըտենց բան վաբշե չի ասել,-
ասաց Հովհաննեսը: – Մինչեւ չխնդրես, չեմ ասի՝ ով ինչ է ասել,- ասաց Էդոյանը:
– Սուրճը պատրաստ ա, ներս գնանք,- ասաց Ռուբոյի հայրը: – Հա, ներս
գնանք,- ասաց Ռուբոն: – Մենք գնանք,- ինձ նայելով՝ ասաց Սերգեյը: –
Ո՞ւր եք գնում, Սերգեյ ջան,- զարմացավ Ռուբոյի հայրը:- Սուրճ չեք խմո՞ւմ: –
Չէ, Պարգեւ ձյաձյա, գործեր ունենք,- ասաց Սերգեյը: – Էս գիշերվա կեսին ի՞նչ
գործ,- զարմացավ Ռուբոյի հայրը: – Մի քանի տեղ էլ ենք գրազ էկել, Պարգեւ ձյաձյա,-
ծիծաղեց Սերգեյը.- էսօր մի քանի տեղ էլ պիտի թենիս խաղանք: – Բա չեք մնո՞ւմ՝
ձեր կրած մառոժնին ուտեք,- հարցրեց Ռուբոն: – Մառոժնին հետո կուտենք. օգոստոսը
դեմներս ա,- ասաց Սերգեյը: Գլուխ
տասնմեկերորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել