Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբեր 26,2005 00:00

ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ոմանք զարմանում են, իսկ ոմանք այլ բան չէին սպասում Խոսքը
ընդդիմադիրների վերջին ավտոարշավի մասին է, որի ժամանակ ոստիկանության հրահրումներով
ընդհարումներ են տեղի ունեցել, բռնություններ են կիրառվել նաեւ լրագրողների նկատմամբ:
Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը
«Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց. «Զարմանալու ոչինչ չկա: Այդպես եղավ ապրիլի
12-13-ի գիշերը: Միջադեպին հետեւեցին գրասենյակները ջարդուփշուր անելը, կողոպուտները,
ձերբակալություններն ու տուգանքները»: Ընկեր Թովմասյանի գնահատմամբ՝ «թույլ իշխանություն
է, խելքի փոխարեն ուժն է գործադրում: Ժողովրդի իշխանությունը երբեք նման իրավիճակ
չէր ստեղծի: Հիմա իրենց չեղած հեղինակությունը պիտի գործի դնեն սոված, աղքատ ժողովրդին
հնազանդ պահելու համար»: «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանի համոզմամբ՝
այդ միջադեպը իշխանությունների վախի դրսեւորման արդյունք է: «Իշխանությունն այժմվանից
իր վճռականությունն է ցույց տալիս: Բայց, կարծում եմ, դա իշխանության վախեցածության
մակարդակն է նաեւ ի ցույց դնում: Իրեն տղամարդ անվանողը, համենայնդեպս, այդկերպ չէր
գործի»: Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, որը հայտնի
է իբրեւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով, համենայնդեպս ավելի մեղմ կարծիք
ունի այս առիթով: Նա ընդամենը ցավալի է համարում այդ միջադեպը: ԱԻՄ նախագահի կարծիքով,
անթույլատրելի է, որ թեկուզեւ երթեւեկության կանոնների խախտման համար նման բաներ
են տեղի ունենում՝ «այն էլ հանրաքվեի նման համապետական միջոցառման նախօրեին, եւ այս
կամ այն կերպ կապվում են այդ միջոցառման հետ ու ստվեր գցում նրա վրա»: Իսկ
Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը խորհուրդ
է տալիս բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ սադրանքներից: «Եթե որեւէ մեկը կողմնակից է
քաղաքական գործընթացների բնականոն զարգացման, իրավունք չունի նման քայլերի գնալու:
Ցանկացած մեկը՝ քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, ողջամտություն պետք է
պահպանի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել