Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ,

Նոյեմբեր 25,2005 00:00

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԳՐՈՀ «Անկախանալու համար մեզ հարկավոր է մեր տարածքների վրա մեր վերահսկողության տարածումը, ինչպես նաեւ մեր հարեւանների կողմից դեպի մեր տարածքներն ուղղված ուժի կիրառման վեկտորների հավասարակշռումն ու չեզոքացումը»,- այսպես սկսվեց հեռակա հարցազրույցը «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու հետ: Վերջինիս հետաքրքրում են տարածաշրջանային զարգացումները: Ա. Արծրունու կարծիքով, անհրաժեշտ է «հայրենաբնակ ազգի ժողովրդագրական տվյալների կտրուկ բարելավումը: Այս իմաստով,- շարունակեց նա,- հայրենադարձությունը Արցախի վերաբնակեցումն ու Ջավախքի ազատագրական պայքարը մեր հիմնական առաջնահերթությունները պետք է համարվեն: Եթե առաջինն ու երկրորդը ապացուցելու են Հայաստանի Հանրապետության միջին ժամկետային անկախությունը՝ նախաձեռնելու ունակությունը, ապա երրորդը հիմք կդնի տարածաշրջանում հայկական գործոնի ստեղծման գործընթացին»: Ըստ ազատազրկվածի՝ քաղաքական հասկացությունները ժամանակի ընթացքում ենթարկվում են փոփոխությունների, հետեւաբար՝ «մնայուն արժեք են ներկայացնում ոչ թե պետական խիստ ժամանակավոր սահմանները, այլ ազգաբնակչությամբ զբաղեցված տարածքները»: Արծրունու կարծիքով՝ տարածքների վրա անհրաժեշտ է վերահսկողություն: Իսկ վերլուծելու համար, թե ինչքանով է այդ տարածքների վրա իրականացվում վերահսկողություն, նրա դիտարկմամբ՝ հիմնվելու ենք «ուժի չորս տեսակների» վրա: Ըստ նրա՝ ուժը բաժանվում է 4 տեսակի՝ «քաղաքական, տնտեսական, ռազմական, գաղափարամշակութային»: Այս համատեքստում նա կարեւորում է ուժերի հարաբերակցությունը տարածքի ամեն մի հատվածում. «Չկան ազգեր, որոնք ուժի բոլոր 4 տեսակների պարագայում էլ 100%-ով վերահսկում են իրենց տարածքը: Դա բնական երեւույթ է ու անհրաժեշտ մարդկային ընդհանուր զարգացման համար: Ուստի անկախ է համարվում մի պետություն, երբ ազգը ունակ է լինում վերահսկել տարածքները ավելի մեծ տարողությամբ, քան՝ բոլոր օտար ուժերը միասնաբար»: Անդրադառնալով ՀՀ սահմաններից դուրս բնակվող հայերի խնդրին, մասնավորապես Ջավախքի, նա նկատում է. «Եթե Արցախի դեպքում, օրինակ, դե յուրե միացման խնդիր ունենք, այսինքն քաղաքական ուժի բնագավառում մեր վերահսկման չափանիշի բարձրացում, ապա Ջավախքում մինչեւ իսկ գաղափարամշակութային վերահսկողության առումով զիջում ենք այլ պետությունների: Ուժային քաղաքականության մոտեցումով Հայաստանի անկախությունը կայացած կարելի կլինի համարել միայն իր տարածքի, Ջավախքի ու Արցախի վրա նրա ամբողջական վերահսկման դեպքում»: Ինչ վերաբերում է «ինքնապաշտպանությո՞ւն, թե՞ հակագրոհ» հարցադրմանը, Արծրունին գրում է. «Ինչքան էլ որ «Բերդ» պարը մեր սրտին մոտ ենք համարում, հայկական խորհրդանիշը խոյն է: Գոյատեւման համար արդեն անհետաձգելիորեն կենսական է նաեւ ազգային անվտանգության նոր հայեցակարգի ստեղծումը»: Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել