Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՐԱԲԵՐԻ»

Նոյեմբեր 25,2005 00:00

«ԼՐԱԲԵՐԻ» 65 ՏԱՐԻՆ Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ նշվեց «Լրաբեր» հասարակագիտական հանդեսի 65-ամյակը: Այն լույս է տեսել 1940-ից՝ մինչեւ 1958թ. լինելով ԳԱԱ-ի հրատարակած միակ հայագիտական հանդեսը: 1940-47թթ. «Լրաբերը» ունեցել է անկանոն պարբերականություն՝ կախված անհատների տրամադրած միջոցներից: 1953-91թթ. հանդեսը դարձել է կանոնավոր լույս տեսնող ամսագիր՝ 1500 օրինակ տպաքանակով: 1994-ին թողարկվել է մեկ համար, 95-ին չի տպագրվել: Այժմ լույս է տեսնում 4 ամիսը մեկ անգամ՝ 280-300 օրինակով: «Լրաբերի» առաջին խմբագիրը Սահակ Կարապետյանն էր, նրանից հետո հանդեսը խմբագրել են փայլուն գիտնականների մի ամբողջ շարք՝ Խաչիկ Մոմջյան, Ծատուր Աղայան, Գեւորգ Աբով: Մինչեւ 1988թ. հանդեսի խմբագիրն է եղել ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը: «Թեպետ ավելացել է ծավալը, սակայն ժամանակի առումով ուշ ենք անդրադառնում գիտական նորություններին, իրողություններին: Այսօր գոնե տարեկան 6 համարը անհրաժեշտություն է,- ասաց ամսագրի խմբագիր Ալբերտ Խառատյանը:- Կարծում եմ՝ մեր երկիրը այդքան հնարավորություն ունի, սակայն ակադեմիայի նկատմամբ վերաբերմունքը մի տեսակ հերթի է դրված: Մինչդեռ գիտության դանդաղ զարգացումը տասնամյակներով անդրադառնալու է մեր երկրի, ազգի գիտական մտքի զարգացման վրա: Բուհական կրթությունը երբեք չի կարող փոխարինել ակադեմիականին: Չի կարելի անտեսել կամ սահմանափակել գործող, պատմականորեն իր դերն ունեցած կառույցի զարգացումը: Պետք է որոնել մեր առջեւ ծառացած խնդիրները լուծելու նոր ուղիներ»: Պարբերականն ունի իր խնդիրները, որոնցից խմբագիրը կարեւորեց գոնե 2 ամիսը մեկ անգամ հանդեսի հրատարակումը, ինչպես նաեւ օտար լեզուներով բնագրային հոդվածների ընդգրկումը, որի դեպքում կկարեւորվի հայագիտական կենտրոնի դերը, այն կնկատվի արտերկրի գիտնականների կողմից: «Լրաբերը» լույս է տեսնում հայերեն եւ ռուսերեն, տարածվում ձեռք բերված կապերի շնորհիվ, ուստիեւ՝ անկայուն: «Աշխահի այն երկրները, որտեղ կա հայագիտություն, «Լրաբերը» ճանաչում են: Խնդիրը վերաբերում է որակական նոր դրսեւորումներին: Դիմել ենք կառավարությանը: (Ցավում եմ, որ այսօր կառավարությունից ներկայացուցիչ չկար): Այս հարցը խմորման մեջ է, որպեսզի ֆինանսական հնարավորություն ընձեռվի «Լրաբերը» դարձնել միջազգային հայագիտական, քաղաքագիտական հանդես»,- ասաց Ա. Խառատյանը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել