«Այո»-ն մտավորականների կատարմամբ Երկու օր է մնացել Սահմանադրության հանրաքվեին Չնայած դժվար չէր գուշակել, թե ինչպիսի դիրքորոշում կունենան մեր ճանաչված մտավորականներից շատերը, այնուամենայնիվ փորձեցինք լրացուցիչ ճշտել, թե ինչով են նրանց գայթակղել սահմանադրական փոփոխությունները: Դավիթ Մուրադյան, կինոգետ.- Սահմանադրությանը կողմ եմ քվեարկելու: Բայց դա չի նշանակում, որ ովքեր կքվեարկեն «ոչ», ապա նրանք «այո» ասողներից վատն են: Միամիտ կլինի կարծել, որ սահմանադրության ընդունման հաջորդ օրվանից ամեն ինչ լինելու է կատարյալ կամ նույն «այո» ասողները պետք է բավարարված զգան իրենց: Ընդհանրապես, մենք՝ մտավորականներս, պետք է միավորվենք ոչ թե այս ու այն ընտրություններում կամ հանրաքվեներում, այլ ընդհանուր հոգեւոր արժեքների շուրջ: Կարեւոր արժեքն այն է, որ մարդն իր հայրենի հողի վրա լավ զգա: Կասկած չունեմ, որ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը սիրելի է ե՛ւ «այո», ե՛ւ «ոչ» ասողների համար: Կրկնում եմ՝ պետք է համախմբվենք հոգեւոր արժեքների շուրջ: Ալեքսանդր Գրիգորյան, Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար.- Քվեարկելու եմ «այո», գիտակցելով, որ կատարյալ սահմանադրություն, օրենքներ չեն լինում: Ինձ գոհացրել են նոր սահմանադրությունում գիտության, մշակույթի մասով փոփոխությունները, ինչի արդյունքը մենք կտեսնենք այն ընդունելուց հետո: Համենայնդեպս, վերափոխված սահմանադրությունը արվեստագետներիս հնարավորություն կտա առաջ գնալու: Սերգեյ Սարաջյան, պետկոնսերվատորիայի ռեկտոր.- Ակնհայտ է վերջին տարիների առաջընթացը բոլոր ոլորտներում: Անկասկած՝ աշխուժացել է հանրապետության մշակութային կյանքը: Ուսումնասիրելով նոր սահմանադրության փաթեթը, գտնում եմ, որ այն ընդունվելու դեպքում՝ կխթանի մշակույթի առաջընթացը եւ ոչ միայն: Արամ Իսաբեկյան, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր.- Չեմ թաքցնում, որ հրավիրել եմ ուսանողների հավաք: Կարծում եմ, ստացվել է իմ ու նրանց երկխոսությունը: Այո, քարոզել եմ «այո՛»: Հավաքի ժամանակ խոսվել է հատկապես երկքաղաքացիության հետ կապված հարցի շուրջ, ինչը, գտնում եմ, անհրաժեշտ է արվեստագետներիս: Արմեն Էլբակյան, Խամաճիկների թատրոնի գերավեստական ղեկավար.- Միանշանակ ասելու եմ «այո», քանի որ գտնում եմ յուրաքանչյուր մեծ ու փոքր քայլ՝ առաջխաղացման գրավական է: Իմ եւ համախոհներիս անունից վերջապես նոր սահմանադրությունում ամրագրված է երկքաղաքացիությունը: Համոզված եմ, որ այս կետը մեր ազգային ծրագրի մի մասը պետք է լիներ վաղուց: Կարեն Աղամյան, Նկարիչների միության նախագահ- Նոր սահմանադրությունը կարդացել եմ: Պետք է ասեմ, որ այն գրված է գրագետ ու հույս է ներշնչում հետագայում բարեկեցիկ կյանքի: Կուզեմ, որ ընդունվելուց հետո իրականացվի այն, ինչը տեղ է գտել նոր տարբերակում: Վահե Շահվերդյան, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղղեկավար.- Իհարկե, նոր սահմանադրությանը պետք է ասել «այո»: Ո՞վ չի տեսնում օրեցօր բարելավվող մեր կյանքը: Ինչ վերաբերում է արվեստագետներիս, բարելավում, առաջընթաց, առաջխաղացում բառերն էլ տեղին են մեր բնագավառում: Եկեք նոր սահմանադրությամբ յուրաքանչյուրս աշխատենք մեր ուժերի ներածին չափով: Այդժամ ամեն մեկս իր բնագավառում կտեսնի այն ամենի իրականացումը, ինչը կոչվում է երազանք: Արմեն Մազմանյան, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար.- Ես կոնսերվատիվ դեմոկրատիզմի կողմնակից եմ: «Նոր սահմանադրություն». դա ընդամենը թուղթ է: Իսկ այն նոր սահմանադրությունը, ինչը որ ուզում եմ ունենա մեր երկիրը, պետք է անի նոր սերունդը: Այսինքն՝ երբ կկայանա բառի իսկական իմաստով սերնդափոխություն: Կարծում եմ ու համոզված, որ դիմությունն ու ընդդիմությունը անցած էտապ են: Կրկնում եմ՝ հավատում եմ, որ նոր սերունդը կբերի նոր սահմանադրություն: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Դեռ խորհրդային տարիներից հայ մտավորականությունը միշտ պարել է իշխանությունների դուդուկի տակ: Այսօր այդ պարը շարունակվում՝ նոր որակով ու նոր թափով: