Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԻ

Նոյեմբեր 25,2005 00:00

ԹՈՇԱԿԻ ՕՐԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ «Խնայբանկից» թոշակ կարելի է ստանալ ոչ թե մեկ ամսում, այլ՝ 12 օրում «Ես թոշակս ստանում եմ մի քանի ամիսը մեկ՝ խնայդրամարկղից: Օրերս դրամարկղի աշխատողն ինձ զգուշացրեց, թե սրանից հետո թոշակառուն պետք է ամեն ամիս պարտադիր ստանա թոշակը, այլապես՝ հետ կուղարկեն կենտրոն: Իսկ թե ի՞նչ է դա նշանակում՝ գիտեմ, մի անգամ արդեն ստացել եմ: Բացի այնտեղ գնալ-գալու լրացուցիչ ծախսերից, մի քանի հարյուր դրամ էլ աշխատողներն են պահում: Մի՞թե երկիրը պարտավոր չէ մեր թոշակը տալ՝ առանց լրացուցիչ ու նվաստացուցիչ սահմանափակումներ դնելու»,- «Առավոտին» է բողոքել 70-ամյա Ալեքսանդր Գեւորգյանը: «Փոփոխությունն արվել է ֆինանսների արդյունավետ օգտագործման նպատակով: Չստացված թոշակի գումարը հենց այնպես դրամարկղում պահելու փոխարեն կարելի է օգտագործել մարզերի թոշակառուների գումարն ավելի շուտ փոխանցելու կամ թաղման նպաստները շուտ հատկացնելու նպատակով: Ինչ վերաբերում է չստացած թոշակը կենտրոն ուղարկելուն եւ լրացուցիչ թղթարարությանը, ապա դրա կարիքը կառաջանա միայն 6 ամիս անց: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր ամսվա չվճարված թոշակը կգումարվի հաջորդ ամսվա գումարին՝ մինչեւ 6 ամիսը լրանալը: Դրանից հետո էլ գումարը չի կորչում՝ թոշակառուից պահանջվում է ընդամենը հիմնադրամի տարածքային կենտրոնում մի դիմում գրել եւ վերջ»,- խնդիրը պարզաբանեց Կենսաթոշակային հիմնադրամի գլխավոր աուդիտոր Եղիշե Սարգսյանը: Թոշակների վճարումով զբաղվում են «Հայփոստը» եւ «Հայխնայբանկը»: Ընդ որում, «Հայփոստը» բաշխումը պարտավոր է կատարել 7 աշխատանքային օրվա ընթացքում, այնուհետեւ մնացած գումարը վերադարձնել հիմնադրամին: Այս կազմակերպության ծառայությունից օգտվում են նաեւ այն թոշակառուները, ովքեր գերադասում են գումարը ստանալ տանը՝ փոստատարի մատուցմամբ: Իսկ «Հայխնայբանկից» օգտվողներին, որոնք բանկում ունեն հատուկ հաշվեհամար, հնարավորություն էր տրված ստանալ 30 օրացուցային օրվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ մյուս թոշակի օրը: Այսպիսով, հիմնադրամը չէր կարողանում հստակ պատկերացում ունենալ՝ ո՞ր համայնքում ինչքա՞ն գումար է բաշխվել, ինչքա՞նը՝ մնացել: Այսինքն՝ չէր կարողանում իրականացնել ֆինանսական ոլորտի լիարժեք կառավարում: Բացի այդ, մնացած-չբաշխված գումարներից օգտվում էր բանկը՝ շրջանառելով եւ եկամուտ ունենալով դրանից: Նոր փոփոխությունից հետո 30 օրը դարձել է 12 օրացուցային օր, որից հետո «Հայխնայբանկը» նույնպես պետք է վերադարձնի հիմնադրամի գումարը, եւ հաշվարկներ ու ամփոփում անելն արդեն հնարավոր կդառնա: Սակայն կրկին 5 օրվա անհամապատասխանություն է առաջանում փոստից ու բանկից ստացողների համար սահմանված օրերի միջեւ: «Ճիշտ է, բայց չուզեցինք միանգամից կրճատել ու հավասարեցնել բաշխման օրերի թիվը, որ բանկից ստացողներն աստիճանաբար վարժվեն բաշխման օրերի կրճատմանը: Հետագայում հնարավոր է նաեւ այդ տարբերության վերացում»,- ասաց մեր զրուցակիցը: Մեկ այլ խնդիր էլ կա՝ մարդիկ կան, որոնց ձեռնտու է միանգամից ստանալ մի քանի ամսվա թոշակը, կամ էլ նախընտրել են բանկային միջոցը, որ ազատ տեղաշարժման հնարավորություն ունենան, եւ պարտավորված չլինեն թոշակի օրերին անպայման տանը մնալ ու սպասել փոստատարին: «Ես համաձայն եմ, որ թոշակառուն իր թոշակի լիիրավ տերն է եւ ճիշտ մոտեցումն այն է, որ երբ ուզի՝ այն ժամանակ էլ ստանա գումարը: Բայց դեռեւս պետությունն այնքան միջոցներ չունի, որ անցնի կուտակային համակարգին: Դրա համար նաեւ պետք է մշակել անհրաժեշտ մեխանիզմներ, եւ հիմնադրամն այժմ պատրաստվում է լուրջ բարեփոխումների»,- պարզաբանեց Ե. Սարգսյանը: Փոփոխության մասին տպագիր զգուշացումներ դեռեւս փակցված չկան, գուցե՝ չփակցնեն էլ: «Բանկն է վճարողը, ինքն էլ պետք է մտածի այդ մասին»,- հիմնադրամին ապահովագրեց գլխավոր աուդիտորը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել