Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԽՈՍԵՆՔ

Նոյեմբեր 25,2005 00:00

ԿԽՈՍԵՆՔ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ «Առավոտի» հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են հրապարակված լուրերը, թե ինքը հավակնություն ունի սահմանադրական փոփոխություններից հետո դառնալ Մարդու իրավունքների պաշտպան՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Այդ հրապարակման առնչությամբ ընդամենը կարող եմ ասել, թե մարդիկ շատ անգամ դատում են այն բարոյական նորմերով, որոնցով իրե՛նք են առաջնորդվում»: Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաեւ իր հասցեին «Հանրապետություն» կուսակցության գործիչների որակումներին: Մասնավորապես՝ Արամ Սարգսյանն ասել էր. «Ես երկար ժամանակ է Շավարշ Քոչարյանին լուրջ չեմ ընդունում եւ հասկանում եմ, որ ընդդիմության մեջ էլ կլինեն մարդիկ, որոնք ճնշումներին չեն դիմանա եւ կանցնեն այլ ճամբար: Ի վերջո, կան մարդիկ, որոնք որոշակի տարիքի հասնելով՝ ընդամենն ուզում են հանգիստ ապրել»: Իսկ Սմբատ Այվազյանը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են հանձնման-ընդունման օրինական ակտով Շավարշ Քոչարյանին հանձնել իշխանություններին: «Սմբատ Այվազյանն իրականում նոր չէ, որ ինձ պետք է հանձնի իշխանություններին: Նա այդ գործը կատարեց 1996 թվականի սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ի նիստերի դահլիճում՝ կեղծված ընտրություններից հետո: Իսկ այդ կեղծիքներին ինքը շատ ակտիվ մասնակից էր: Ավելի՛ն. Սմբատ Այվազյանը նաեւ ակտիվ մասնակցեց 1998-ի նախագահի ընտրությունների կեղծիքներին, որի համար պարգեւատրվեց հարկային տեսչության պետի պաշտոնով»,- հիշեցրեց Շավարշ Քոչարյանը: Իսկ Արամ Սարգսյանի ակնարկների կապակցությամբ ասաց. «Ցավալի է, երբ քաղաքականությունը գնալով գռեհկանում է, բայց երբ քաղաքականացվում է գռեհիկը՝ դա արդեն ողբերգություն է այդ անձի եւ իր շրջապատի համար»: Շավարշ Քոչարյանը նաեւ նշեց. «Ասելիք եւ գնահատականներ շատ կան, սակայն իմ ամբողջական պատասխանն այդ երկու անձանց՝ կտամ նրանց կողմից խոստացված դեմոկրատական հեղափոխությունից հետո»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել