Ընդդիմությունն ապավինում է ժողովրդին Ժողովրդից է կախված՝ Վ. Մանուկյանը կոնյակ կխմի՞, թե՞ ոչ «Բոյկոտը բողոքի եւ հանրաքվեից դուրս գալու նշան չէ, այլ պայքարի ամենաազդեցիկ միջոցը: Սա բոյկոտ է այն խաղերին, որոնք շատ հեռու են մեր պետության ու ժողովրդի շահերից»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Իսկ հանձնաժողովներից անդամներին ետ կանչելու ընդդիմության որոշման առիթով էլ հիմնավորեց. «Փորձը ցույց է տալիս, որ փոքրաքանակ հանձնաժողովի անդամներով հնարավոր չէ վերահսկել, որպեսզի «ոչ»-ն «այո» չդառնա: Բացառիկ հնարավորություն է ուղղակի հաշվել, թե քանի հոգի է մտնում ընտրատեղամաս»: Նորմալ վերահսկողության դեպքում պարոն Մանուկյանը կասկած չունի, որ կկարողանան ապացուցել իշխանական կեղծիքները: Ամփոփելով հանրաքվեի քարոզարշավային գործընթացը, ԱԺՄ նախագահը մեկ անգամ եւս հստակեցնում է ընդդիմադիրների պայքարի հիմնական պատճառը. «Պետությունում իշխանությունը ժողովրդից հափշտակված է: Մարդկանց մի խումբ կեղծ ընտրությունների միջոցով իշխանությունը վերցրել է իր ձեռքը եւ իշխանության ցանկացած վերաբաշխումները ոչինչ չեն տալու մեր պետությանն ու ժողովրդին»: Սակայն, եթե անգամ Հայաստանը լիներ դեմոկրատական երկիր՝ լեգիտիմ իշխանությամբ, ԱԺՄ-ն դարձյալ կողմ չէր լինի առաջարկվող սահմանադրական փոփոխություններին. «Ես այստեղ ոչ մի քայլ առաջ չեմ տեսնում: Այս փոփոխություններով իշխանության վերաբաշխումը պետության ներսում կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում»: Առարկայական դարձնելու համար ասվածը, պարոն Մանուկյանը վերհիշեց, որ 1990-91 թվականներին իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի անհամաձայնության մեջ կային եւ քաղաքական, եւ անձնական բնույթի հարցեր: Քանի որ այն ժամանակվա սահմանադրությունն ու օրենքները հնարավորություն չէին տալիս քաղաքական տարաձայնությունները լուծելու, ուստի դրանք վերաճում էին զուտ անձնականի: Նմանատիպ իրավիճակ ԱԺՄ նախագահը մատնանշում է գործող Սահմանադրության պարագայում, երբ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը ԱԺ-ում վերցրին իշխանությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը մնաց նախագահ: «Այժմ այդ կոնֆլիկտը գծագրված է փոփոխություններում՝ նախագահ-կառավարություն-ԱԺ,- ասում է ԱԺՄ նախագահն ու այսպիսի ելք առաջարկում,- պետք է գնալ կամ դեպի նախագահական պետություն, կամ՝ պառլամենտական»: Որ հանրաքվեն կեղծվելու է՝ Վազգեն Մանուկյանն այլընտրանք չի տեսնում, ուստի տարակուսում է, թե՝ էլ ինչպե՞ս կարելի է շարունակել ապրել նման երկրում. «Մենք կվերահսկենք: Իսկ ժողովուրդը կկանգնի՞ իր իրավունքները պաշտպանելու, կհավատա՞ իր ուժերին, դուրս կգա՞ն փողոց եւ կպայքարե՞ն կեղծիքի դեմ՝ կախված է ժողովրդից: Եթե ժողովուրդն ուզում է՝ մենք առաջին շարքերում կլինենք, հարվածը մեր վրա կվերցնենք եւ կփոխենք իրավիճակը: Այստեղ հերոսների խումբ պետք չէ, այլ ժողովրդի ցանկություն»: «Արդյո՞ք այս «թե»-ականությունը պատասխանատվությունից խուսափելու ձեւ է»,- «Առավոտի» հարցի պատասխանը եղավ. «Իմ եւ մեր կուսակցության սկզբունքը եղել է՝ միշտ ժողովրդին համոզել, թե ինչն է ճիշտ եւ առաջնորդել այդ համոզմունքն իրականացնելու համար, ոչ թե մեզ դնել ժողովրդին երջանկացնողների տեղ: Փորձը ցույց է տալիս, որ մարդկանց այն խումբը, ովքեր իրենց դնում են ժողովրդին երջանկացնողների տեղ՝ առանց ժողովրդին իրենց ետեւում ունենալու, չարիք են դառնում պետության համար»: 2004-ի ապրիլյան դեպքերի հիման վրա դատողություններ անողներին Վ. Մանուկյանը խորհուրդ չի տալիս «անցյալից ելնելով ապագայի մասին դատողություններ անել», քանզի դա կնշանակի «երբեք ոչինչ չանել, որովհետեւ ամեն ինչ կկրկնվի»: Մինչդեռ՝ «Ամեն անգամ կրկնվում է ուրիշ ձեւով, եւ միշտ հնարավորություն կա այդ վիճակը փոխելու»: «Մի քանի օրից կհանդիպենք՝ տարբեր տեղերում»,- լրագրողներին բազմանշանակ հրաժեշտ տվեց ԱԺՄ նախագահը: «Շամպայն կխմե՞նք» հարցին պատասխանեց, որ ինքը շամպայն չի սիրում, ուստի կոնյակ կխմի: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ