Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵԻ

Նոյեմբեր 25,2005 00:00

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՆԱԽՕՐԵԻՆ՝ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄ Ընդդիմադիրների վերջին ավտոարշավը, որն անցավ երեկ՝ Երեւանում, ուղեկցվեց ոստիկանության հետ բազմաթիվ ընդհարումներով: Մինչ ավտոարշավի սկսվելն էլ Շահումյան հրապարակում կանգնած էին Երեւանի ոստիկանության պետի տեղակալը, Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, այլ բարձրաստիճան ոստիկաններ: Պետավտոտեսչության քաղաքային գումարտակի հրամանատարն ընդդիմադիրներին նախապես զգուշացրեց. «Կարմիր լույսի տակ չանցնեք, խախտում չանեք: Եթե հանկարծ կարմիրի տակով անցաք՝ այդ մեքենան պատժվելու է»: «18+8» ձեւաչափում միավորված ընդդիմադիր ուժերն ավտոարշավով անցան Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն համայնքներով: Կառավարության, ԿԸՀ-ի, ԵՊՀ-ի, ՍԴ-ի, նախագահի նստավայրի, դեսպանատների շենքերի մոտ 100-ից ավելի մեքենաների շարասյունը կանգ էր առնում, իսկ ԵՊՀ-ի մոտ հնչեցին մի քանի ելույթներ: Դրանից հետո էլ ակտիվացան նրանց ամենուր ուղեկցող ոստիկանները՝ տեղիք տալով, որ նախ վեճեր լինեն, հետո՝ ծեծկռտուք: Սայաթ-Նովա եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում հոծ գիծը հատելու պատրվակով բերման ենթարկելու փորձերից հետո՝ հատուկ ջոկատային Արման Հակոբյանն ուժ կիրառեց «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության ղեկավար Աշոտ Պողոսյանի նկատմամբ: Նա էլ իր սեփական «Նիվա» մեքենայով էր մասնակցում ավտոարշավին եւ շարասյան վերջին մեքենան էր: Ռադիոտան մոտ ավտոտեսուչները կանգնեցրին մեքենան եւ փաստաթղթեր պահանջեցին, ինչը դարձավ վեճի առիթ: «Օրինական պահանջներին չի ենթարկվել»,- պատճառաբանեցին ոստիկանները եւ օգնության կանչեցին հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչներին: Միջադեպին ականատես լրագրողների վկայությամբ՝ Աշոտ Պողոսյանին մի քանի հոգով քաշքշել էին, ոտքերով հարվածել փորին, գցել գետնին եւ էլի խփել: «Մինչեւ շտապօգնությունը մոտեցավ՝ արդեն ուշագնաց վիճակում էր,- պատմեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:- Հատուկ ջոկատի ղեկավարը՝ մի մայոր, փորձում էր հրաժարվել, թե իրենք չեն խփել: Բայց մարդկային որեւէ դիմագիծ չունեցող մեկը՝ Հակոբյան ազգանունով, ընդունեց, որ ինքն է խփել: Իսկ հետո մայորն արգելեց նրան խոսել»: Աշոտ Պողոսյանը տեղափոխվեց Նոր Նորքի շտապօգնության հիվանդանոց: Սակայն քանի որ կոտրվածքներ եւ ներքին արյունահոսություն չկար՝ միայն ճաքել էր ոսկորներից մեկը, նույն օրը դուրս գրվեց: Ալեք Մանուկյան փողոցով անցնելիս, բարձրախոսները եւ ուժեղացուցիչները տեղափոխող «ԵրԱզ» մեքենան, որի վարորդը մեղադրվեց երթեւեկության կանոնները խախտելու մեջ, պետավտոտեսչության աշխատակիցները տարան տուգանային հրապարակ: Մեքենան վերադարձնելու նպատակով տուգանային հրապարակ գնաց Արամ Կարապետյանը: 1,5 ժամ տեւած բանակցություններից, տուգանքի գումարը գանձելուց եւ բոլոր մակարդակների պետերին դիմելուց հետո մեքենան վերադարձրին, սակայն՝ առանց բարձրախոսների: Ըստ Արամ Կարապետյանի պատմածի, երբ հարցրել էր, թե որտեղ են սարքավորումները եւ ինչպես են դրանք անհետացել հսկողության տակ գտնվող հրապարակում կանգնած փակ մեքենայից՝ պետավտոտեսչության աշխատակիցները պատասխանել էին, թե սարքավորումները տարել են ոստիկանության քրեական վարչության ներկայացուցիչները: «Ինձ ասել էին՝ մենք տղամարդ ենք, ու տալու ենք մեքենան բարձրախոսներով: Պարո՛ն Քոչարյան, որպես «վոինի» եմ հարցնում՝ ձեր ստեղծած իշխանական համակարգում որեւէ տղամարդ կա՞»,- արդեն Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկ Զորավարի արձանի դիմաց անցկացված հանրահավաքի ժամանակ հարցրեց Արամ Կարապետյանը: Նաեւ հավելեց. «Ամեն անգամ տղամարդկությունից եք խոսում, ու ամեն անգամ՝ էլեկտրաշոկ, ջրցան մեքենաներ, ոստիկանություն…»: Նշենք նաեւ, որ Բաղրամյան պողոտայում արդեն փորձել էին տուգանային հրապարակ տանել «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանի մեքենան: «Ինչի՞ ես նայում պրեզիդենտի շենքին՝ ասաց ու ինձ դուրս քաշեց մեքենայից»,- լրագրողներին պատմեց նա: Հանրահավաքում ունեցած ելույթում Վարդան Մալխասյանն այս գործելակերպի կապակցությամբ հետեւյալ համեմատությունն արեց. «Հենց մեկին շարասյունից առանձին բռնում էին՝ շակալի նման հարձակվում էին վրան: Սրանք չունեն ո՛չ ազգ, ո՛չ հայրենիք»: Խորեն Պալյանն ասաց, թե ամաչում է այս ամենի համար. «Եվ սա կոչվում է ժողովրդավարությո՞ւն»: Արամ Սարգսյանը ելույթում հատուկ դիմեց ոստիկաններին. «Այսօր եկաք, կռիվ-պատմություն սարքեցիք, տեսաք, որ մենք էլ ենք տղա՝ կարող ենք հրել: Եվ դա արել ենք ու անելու ենք: Զարմանում եմ ձեր ոստիկանապետի մտածելակերպի վրա, որը ձեզ հրահանգ էր տվել, որ բարձրախոսները գողանաք-տանեք: Դուք ոստիկա՞ն եք, թե՞ գող: Կամ էդ մարդը, որ ձեր ոստիկանության պետն է՝ էնտեղ նստած չի՞ մտածում, որ էս երկրում հո մի հատ բարձրախո՞ս չի. էլի կա, մյուսը կբերենք»: Իմիջիայլոց, այստեղ էլ ընդդիմությանը հսկում էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության պետը, Երեւան քաղաքի ոստիկանության պետի տեղակալը եւ այլք: Արամ Սարգսյանը, սակայն, հավաքված 1000-ից ավելի մարդկանց կոչ արեց. «Նոյեմբերի 27-ին հավաքվեք 50 հազար, տեղից իրար չգանք էլ՝ իրենք հեռանալո՛ւ են, մեկ հեռախոսազանգո՛վ են հեռանալու, քանի որ նրանք վախենում են ժողովրդի հավաքականությունից»: Նաեւ նախապես հայտնեց, որ եթե հայտարարվի, թե անցել են սահմանադրական փոփոխությունները՝ «Մենք անցնելու ենք փշալարերը, քանի որ հստակ գիտենք, թե կեղծիք է: Հստակ գիտենք, որ այդքան մարդ չի գալու հանրաքվեի»: Սակայն եթե Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ նախագիծը չի անցել, ըստ Արամ Սարգսյանի՝ «Դա նշանակում է, որ ինքը վախեցել է: Հավաքվեք, ու կհեռանա: Երկու դեպքում էլ հավաքվում ենք»: Հանրահավաքը եզրափակեց «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա նկատեց, որ ճնշումներով վախի մթնոլորտ են ստեղծում, դրանով փորձելով իրենց համար ապահովել ցանկալի արդյունք: Եվ հայտարարեց. «Ամբողջ քարոզարշավի ընթացքում այնքա՜ն խախտումներ են իրականացվել, որ արդեն իսկ հանրաքվեն չի կարող օրինական լինել՝ անկախ նրանից, թե ինչ տվյալներ կամ արդյունքներ կհրապարակվեն»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել