ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽՎԵԼ Եթե ընդդիմության «համերգները» ազդեցիկ լինեն: Այս էր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասածը Համընդհանուր անտարբերություն, պասիվություն, անիրազեկություն, էգոցենտրիզմ, անորոշություն, ներքին խուճապ: Սրանք են այն բնորոշիչները, որոնցով երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը բնութագրեցին հայաստանյան հասարակությանը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից 2-3 օր առաջ: Այդ գնահատականներն ընդհանուր առմամբ կիսում էին նաեւ Մամուլի ազգային ակումբում «Հանրաքվեն եւ Հայաստանի հասարակական-քաղաքական հնարավոր զարգացումների ուղղությունները» թեմայով քննարկմանը մասնակցող քաղաքագետներ Լեւոն Զուրաբյանն ու Ալեքսանդր Իսկանդարյանը: Հանրաքվեից հետո հնարավոր զարգացումներին անդրադառնալով՝ Ա. Ադիբեկյանը բացառեց Հայաստանում հեղափոխության ալիք բարձրացնելու հնարավորությունը: «1995-ից պարզ է, որ հայերը հեղափոխություն անող ազգ չեն, գոնե իրենց երկրում: Ուրիշ տեղ կարող է «բալամուտ» անեն՝ մասնակցեն այդ գործերին, բայց իրենց ներսում նման բան չեն անում: Դա մեր դժբախտությունն է,- կարծիք հայտնեց սոցիոլոգը:- Իշխանությունները, գոնե Ռ. Քոչարյանը, այսօր ասում են՝ «այո»-ին էլ ենք տեր, «ոչ»-ին էլ: ՀՀ վարչապետն ասում է՝ ինչ էլ ասեն, մենք մնում ենք իշխանության: Եթե իշխանություններն են անտարբեր հանրաքվեի արդյունքների հարցում, ընդդիմությունը դրանից ոչինչ չի շահելու, հարց է առաջանում՝ այդ արդյունքն ընդհանրապես ո՞ւմ է պետք: Երեւի պետք է եվրոպական համայնքին, որ նա ասի, թե՝ եւս մի տարածքում հաստատել է իր արժեքները, տարածել է իր օրենսդրական ստանդարտները: Մենք տվյալ պահին կամակատարի դեր ենք կատարում»,- եզրակացրեց բանախոսը: Կարինե Նալչաջյանն անդրադարձավ քարոզարշավի հոգեբանական ազդեցությանն ու նշեց, որ «մարդկանց համար կարեւոր է, թե ով է իրենց համոզողը, ու քանի որ «այո»-ի դեպքում համոզողի նկատմամբ հասարակության վստահությունը, մեղմ ասած, բավականին թույլ է, ու մարդիկ մտածում են, որ եթե այդ իշխանությունները կոչ են անում «այո» քվեարկել, ուրեմն դրա ետեւում ինչ-որ մի վատ բան կա թաքնված, որն իրենք չեն հասկանում: Եվ այս «այո»-ն դադարում է այլեւս համոզիչ լինել, եթե անգամ փաստաթղթի հետ կապված նրանց փաստարկները համոզիչ են»,- նկատեց տիկին Նալչաջյանը: Ըստ նրա, արդյունքում «կհաղթի պասիվությունը: Ոչ թե գիտակցված բոյկոտը, այլ հոգեբանական-պաշտպանական բոյկոտը»,- ասաց Կ. Նալչաջյանը, որի կանխատեսմամբ՝ եթե հասարակության 40 տոկոսը մասնակցի քվեարկությանը՝ իդեալական կլինի: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասելով, ՀՀ իշխանություններն ի սկզբանե սահմանադրական փոփոխություններով բոլորովին շահագրգռված չեն եղել, բայց Եվրոպան նրանց ստիպել է լինել: Ըստ նրա, հասարակության այն հատվածը, որը հստակորեն գիտի, թե ինչու է «այո» կամ «ոչ» ասում այդ նախագծին, փոքր մաս է կազմում: «Մնացած մասը տեսնում է, որ կա մի բան, եւ իրեն համոզում են դրան «այո» կամ «ոչ» քվեարկել, բայց կարծում եմ, որ այդ համոզելը բավարար չէ հանրաքվեն անցկացնելու եւ անհրաժեշտ «այո»-ն ստանալու համար: Ի՞նչ անել հասարակության այդ հատվածի հետ: Հիմնական վտանգը սահմանադրության համար ոչ թե «ոչ» ասողներն են, այլ՝ պասիվությունը: Մարդիկ, ովքեր չգիտեն, թե ինչու պետք է գնան ու քվեարկեն, կմնան տանը: Նրանց պետք է տանել տեղամաս: Դրա կազմակերպումը իշխանությունների խնդիրն է: Հիմնական պրոբլեմն այն է, թե իշխանությունները ցանկություն կունենա՞ն դա անել: Իշխանություններն իրենք հանրաքվե անցկացնելու համար որեւէ պատճառ, բացի այն, որ դրսից նրանց ճնշում են՝ չունեն: Նրանց էլ է պետք ստիպել դա անել: Եթե, իրոք, համապատասխան ազդակ ու հրահանգ տրվի, այդ դեպքում քվեարկությունը կկազմակերպվի այնպես, որ հանրաքվեի արդյունքը լինի «այո»,- կարծիք հայտնեց նա: Անդրադառնալով հանրաքվեից հետո հնարավոր զարգացումներին՝ քաղաքագետն ասաց, թե «դատելով այն արձագանքներից, որոնք կան եվրոպական կառույցների կողմից՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ, Եվրոպան ուզում է, որ հանրաքվեն անցնի շատ թե քիչ մաքուր, որպեսզի կարողանա հայտարարել, որ խախտումներ, իհարկե, եղել են, բայց, այդուհանդերձ, դրանց «փափուկ» գնահատականներ տա ու հարցը փակի: Սա է ռեալ սցենարներից մեկը: Իսկ հանրաքվեն «մաքուր» անցնել չի կարող, որովհետեւ մասնավորապես հետխորհրդային երկրներում տարբեր աստիճանների ընտրակեղծիքները, անկախ վերեւից իջնող հրահանգից, լինում են: Ուստի, համապատասխանաբար կարեւոր չէ այն, թե ինչպես կանցնի հանրաքվեն՝ եթե լինի «այո», այլ այն, թե ինչպես կցանկանան դրան արձագանքել եվրոպական կառույցները: Կտա՞ դա ընդդիմությանը առիթ բողոքելու՝ հարց է: Կարելի է փորձել վերակազմակերպվել ու նոյեմբերի 28-30-ը այնպիսի իրավիճակ ստեղծել, որ եվրոպական կառույցներին այդ հանրաքվեի ընթացքին փափուկ արձագանքելը հնարավոր չլինի: Ահա թե ինչում է կայանում խաղի ինտրիգը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ