Երկու
օր է մնացել Սահմանադրության հանրաքվեին Չնայած դժվար չէր գուշակել,
թե ինչպիսի դիրքորոշում կունենան մեր ճանաչված մտավորականներից շատերը, այնուամենայնիվ
փորձեցինք լրացուցիչ ճշտել, թե ինչով են նրանց գայթակղել սահմանադրական փոփոխությունները:
Դավիթ Մուրադյան, կինոգետ.- Սահմանադրությանը կողմ եմ քվեարկելու: Բայց դա
չի նշանակում, որ ովքեր կքվեարկեն «ոչ», ապա նրանք «այո» ասողներից վատն են: Միամիտ
կլինի կարծել, որ սահմանադրության ընդունման հաջորդ օրվանից ամեն ինչ լինելու է կատարյալ
կամ նույն «այո» ասողները պետք է բավարարված զգան իրենց: Ընդհանրապես, մենք՝ մտավորականներս,
պետք է միավորվենք ոչ թե այս ու այն ընտրություններում կամ հանրաքվեներում, այլ ընդհանուր
հոգեւոր արժեքների շուրջ: Կարեւոր արժեքն այն է, որ մարդն իր հայրենի հողի վրա լավ
զգա: Կասկած չունեմ, որ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը սիրելի է ե՛ւ «այո», ե՛ւ «ոչ»
ասողների համար: Կրկնում եմ՝ պետք է համախմբվենք հոգեւոր արժեքների շուրջ: Ալեքսանդր
Գրիգորյան, Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար.- Քվեարկելու եմ «այո», գիտակցելով,
որ կատարյալ սահմանադրություն, օրենքներ չեն լինում: Ինձ գոհացրել են նոր սահմանադրությունում
գիտության, մշակույթի մասով փոփոխությունները, ինչի արդյունքը մենք կտեսնենք այն
ընդունելուց հետո: Համենայնդեպս, վերափոխված սահմանադրությունը արվեստագետներիս հնարավորություն
կտա առաջ գնալու: Սերգեյ Սարաջյան, պետկոնսերվատորիայի ռեկտոր.- Ակնհայտ է
վերջին տարիների առաջընթացը բոլոր ոլորտներում: Անկասկած՝ աշխուժացել է հանրապետության
մշակութային կյանքը: Ուսումնասիրելով նոր սահմանադրության փաթեթը, գտնում եմ, որ
այն ընդունվելու դեպքում՝ կխթանի մշակույթի առաջընթացը եւ ոչ միայն: Արամ
Իսաբեկյան, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր.- Չեմ թաքցնում, որ հրավիրել եմ ուսանողների
հավաք: Կարծում եմ, ստացվել է իմ ու նրանց երկխոսությունը: Այո, քարոզել եմ «այո՛»:
Հավաքի ժամանակ խոսվել է հատկապես երկքաղաքացիության հետ կապված հարցի շուրջ, ինչը,
գտնում եմ, անհրաժեշտ է արվեստագետներիս: Արմեն Էլբակյան, Խամաճիկների թատրոնի
գերավեստական ղեկավար.- Միանշանակ ասելու եմ «այո», քանի որ գտնում եմ յուրաքանչյուր
մեծ ու փոքր քայլ՝ առաջխաղացման գրավական է: Իմ եւ համախոհներիս անունից վերջապես
նոր սահմանադրությունում ամրագրված է երկքաղաքացիությունը: Համոզված եմ, որ այս կետը
մեր ազգային ծրագրի մի մասը պետք է լիներ վաղուց: Կարեն Աղամյան, Նկարիչների
միության նախագահ- Նոր սահմանադրությունը կարդացել եմ: Պետք է ասեմ, որ այն գրված
է գրագետ ու հույս է ներշնչում հետագայում բարեկեցիկ կյանքի: Կուզեմ, որ ընդունվելուց
հետո իրականացվի այն, ինչը տեղ է գտել նոր տարբերակում: Վահե Շահվերդյան,
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղղեկավար.- Իհարկե, նոր սահմանադրությանը պետք է
ասել «այո»: Ո՞վ չի տեսնում օրեցօր բարելավվող մեր կյանքը: Ինչ վերաբերում է արվեստագետներիս,
բարելավում, առաջընթաց, առաջխաղացում բառերն էլ տեղին են մեր բնագավառում: Եկեք նոր
սահմանադրությամբ յուրաքանչյուրս աշխատենք մեր ուժերի ներածին չափով: Այդժամ ամեն
մեկս իր բնագավառում կտեսնի այն ամենի իրականացումը, ինչը կոչվում է երազանք: Արմեն
Մազմանյան, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար.- Ես կոնսերվատիվ դեմոկրատիզմի կողմնակից
եմ: «Նոր սահմանադրություն». դա ընդամենը թուղթ է: Իսկ այն նոր սահմանադրությունը,
ինչը որ ուզում եմ ունենա մեր երկիրը, պետք է անի նոր սերունդը: Այսինքն՝ երբ կկայանա
բառի իսկական իմաստով սերնդափոխություն: Կարծում եմ ու համոզված, որ դիմությունն
ու ընդդիմությունը անցած էտապ են: Կրկնում եմ՝ հավատում եմ, որ նոր սերունդը կբերի
նոր սահմանադրություն: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ.
Գ. Դեռ խորհրդային տարիներից հայ մտավորականությունը միշտ պարել է իշխանությունների
դուդուկի տակ: Այսօր այդ պարը շարունակվում՝ նոր որակով ու նոր թափով: