Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ «ՈՉ»

Նոյեմբեր 25,2005 00:00

Հեղինակը իրավաբան է, բազմաթիվ մենագրությունների հեղինակ,
որը, սակայն, որոշ հանգամանքների բերումով չի կարող ներկայանալ: Հ.
26, հին տարբերակ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքը
անօրինական միջամտությունից, իր պատիվը եւ բարի համբավը ոտնձգությունից պաշտպանելու
իրավունք» Հ. 23, նոր տարբերակ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի
հարգվի իր անձնական եւ ընտանեկան կյանքը»: Ակնհայտ է խնդրի աղճատումը, բացի
այդ, մնացել է սոսկ «հարգանքի» իրավաբանորեն մշուշոտ պահանջը (ե՛ւ լեզվական, ե՛ւ
տրամաբանական առումով սա աբսուրդ է. ի՞նչ է նշանակում մեկին, որեւէ անձին օժտել այլ
անձի կամ անձանց անելիք հանդիսացող իրավունքով): Փոխարենը անհետացել է իրավունքը
կրող անձի անելիքը՝ իր այս սահմանադրական իրավունքը պաշտպանելու (ներառյալ դատական
պաշտպանությունը) հիշատակումը անհետացել է: Հ. 28, հին տարբերակ «Սեփականության
օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ
դեպքերում, օրենքի հիման վրա»: Հ. 31, նոր տարբերակ «Սեփականության
օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝
գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով»: Նախկին ձեւակերպումը
(«օրենքի հիման վրա») նշանակում է, որ օտարման յուրաքանչյուր ակտ ենթակա է Ազգային
ժողովի քննարկմանը, դրա անհրաժեշտության իրավական հիմնավորմանը եւ թույլտվությանը,
մինչդեռ նոր ձեւակերպումը («օրենքով սահմանված կարգով») շեշտում է մի ընդհանուր կարգի
անհրաժեշտությունը եւ բացառում է յուրաքանչյուր դեպքի համար առանձին թույլտվության
հայցումը Ազգային ժողովից: Եթե անգամ վերջերս ականատես եղանք հին տարբերակի այդ պահանջի
կոպիտ եւ զանգվածային խախտմանը՝ Հյուսիսային պողոտայի կառուցման պարագայում, երբ
մարդկանց սեփական տներն օտարվեցին ոչ թե յուրաքանչյուր դեպքի համար Ազգային ժողովի
թույլտվություն-օրենքով, այլ կառավարության հակասահմանադրական որոշումով, ապա դժվար
չէ՞ պատկերացնել, թե ինչ արհավիրքներ է նախապատրաստում այս աննշան թվացող փոփոխությունը:
Հ. 28, հին տարբերակ «Յուրաքանչյուր ոք ունի սեփականության եւ ժառանգման
իրավունք»: Հ. 31, նոր տարբերակ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր
հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը»:
Բացի այն, որ նոր տարբերակում անհետացել է սեփականության իրավունքի հատուկ
ամրագրումը, այստեղ սողոսկել է մի կարեւոր «ուղղում»: Գործող սահմանադրության «ժառանգելու»
իրավունքը փոխարինվել է «կտակելու» իրավունքով, ինչը նշանակում է, որ որ ժառանգելու
համար կտակը անհրաժեշտ պայման է. չհասցրիր կտակել (ասենք՝ հանկարծամահ լինելու դեպքում),
սեփականությունը հեշտությամբ անցնում է պետությանը եւ որեւէ սահմանադրական բողոք
չի օգնի ժառանգին, քանի որ Սահմանադրությամբ է հաստատված կտակի անհրաժեշտությունը
ժառանգման համար: Անգամ եթե սրանք պատահական վրիպակներ են, ոչինչ չի փոխվում,
քանի որ արդյունքում ստացվել է հենց այս բովանդակությունը: Բայց հիմքեր կան պնդելու,
որ սրանք պատահական չեն, այլ մտածված, քանի որ նոր տարբերակը հատկապես փոխում է սեփականության
հանդեպ սկզբունքային վերաբերմունքը, շեշտակի ուժեղացնելով պետության հավակնությունները
քաղաքացիների սեփականությանը: Ահա սեփականությանը վերաբերող հիմնարար մոտեցումը:
Հ. 8, հին տարբերակ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ պաշտպանվում
է սեփականության իրավունքը: «…» Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր
ձեւերի ազատ զարգացումը եւ հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության
ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»: Հ. 8, նոր տարբերակ «Հայաստանի
Հանրապետությունում ճանաչվում է սեփականության իրավունքը: Հայաստանի Հանրապետությունում
երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունը ու ազատ տնտեսական մրցակցությունը»:
Ինչպես տեսնում ենք, անհետացել է դրույթը սեփականության բոլոր
ձեւերի մասին (հանրային, պետական, անձնական, մասնավոր, կոլեկտիվ եւ այլն), այսինքն,
չի բացառվում պետական նոր քաղաքականություն, նպատակամղված նրան, որ Հայաստանում մնա
դրա սոսկ մեկ ձեւ, ասենք, պետական սեփականություն, եւ դա չի հակասի Սահմանադրությանը՝
այս նոր խմբագրության դեպքում: Անգամ եթե այս կանխատեսումը չափազանցված է, միեւնույն
է, խոսքը այն մասին է, որ նման հնարավորության վտանգը կա, իսկ նախորդ փոփոխությունները,
որոնք թուլացնում են հատկապես անհատ սեփականատիրոջ իրավունքները, լիովին համահունչ
են այս միտումին: Հետեւաբար, քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունների
«ընդլայնումով» կարող են պաշտպանվել միայն Սահմանադրությամբ հաստատված իրավունքները,
այսինքն՝ այս իրավազուրկ նորմերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել