Երթուղայինների
վարորդները «քշում են իրենց քեֆով» Երեկոյան ժամը 8-ից հետո
մի շարք երթուղագծերի վարորդներ ազատ գրաֆիկով են աշխատում՝ խախտելով գծի մրցույթը
շահած տնտեսվարողի՝ քաղաքապետարանի հետ կնքած պայմանագիրը: Վարորդների ողջ խնդիրը
օրվա գծի պլանը կատարելն է, որից հետո նրանք կամ շրջանցում են սահմանված երթուղին՝
ճանապարհը կարճացնելու համար, կամ ժամանակից շուտ տուն են գնում: Երեկոյան
ժամը 8-ն անց կեսից սկ սած, Դավիթաշեն թաղամասից Նորք-Մարաշ գնացող թիվ 45 ավտոբուսի
շարքերը զգալի նոսրանում են: Եթե սովորաբար 7-8 րոպեն մեկ են շարժվում, ուշ ժամերին
ուղեւորը ստիպված է թիվ 45-ին առնվազն 15 րոպե սպասել: Մինչդեռ, ըստ պայմանագրի,
ձմռանը թիվ 45 ավտոբուսի վարորդների աշխատանքային ժամն ավարտվում է 9-անց կեսից 10-ը:
Էրեբունիից Հարավ-արեւմտյան թաղամաս գնացող թիվ 75 միկրոավտոբուսները պայմանագրի
համաձայն պետք է աշխատեն մինչեւ ժամը 24-ը, սակայն նույնիսկ ժամը 7-ից հետո սպասարկող
մեքենաների թիվը պակասում է: Հատկապես այս երթուղուց քաղաքացիները շատ են բողոքում,
քանի որ ուշ ժամերին այն սպասարկում է 15-20 րոպեն մեկ, այն էլ՝ գերբեռնված: Պայմանագրի
դրույթները պահպանող վարորդներին իրենց գործընկերների ժամանակից շուտ տուն գնալը
երբեմն ձեռնտու է, քանի որ հնարավորություն են ունենում կրկնակի վաստակել: Եվ ինչ
է, թե ուղեւորին ձեռքից բաց չթողնեն՝ ուշ ժամերին նրանց թիվը եռապատկում են, «իրար
գլխի լցնելով» նրանց: Ընդդիմացող ուղեւորներին էլ շշպռում են, թե «ուշ ժամ է, մարդիկ
մեղք են, սպասում են, հո չե՞նք թողնելու դրսում»: «Առավոտին» նույն դժգոհությունը
հայտնեցին նաեւ թիվ 22 երթուղայինի ուղեւորները: Չնայած վերջերս Նորք-Մարաշ բարձրացող
այս երթուղուն զուգահեռ 1-2 գիծ ավելացրին, բայց 22-ները նույն ծանրաբեռնվածությամբ
են աշխատում, իսկ երեկոյան ժամը 9-ին, 10-ին երթուղագիծն ընդամենը երկու-երեք մեքենա
է սպասարկում: Մարաշցիների ասելով՝ ձմռանը վիճակն ավելի անտանելի է, ուշ ժամերին
ոչ մի հասարակական տրանսպորտ չի բարձրանում Մարաշ՝ «պագրիշկաներն» են մաշված: Դե
պատկերացրեք, թե ինչպիսի՞ չափորոշիչներ են գործում դրանց մրցութային ընտրության ժամանակ:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ